Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Լինել բարեբեր հող՝ ինքդ քեզ և մերձավորի համար

«Ինչպիսի հող ենք մենք՝ ճամփեզր, քարքարոտ տեղանք, թե փշոտ մացառուտներ»

Սերմնացանի առակն ինչ-որ իմաստով հանդիսանում է բոլոր առակների «մայրը», քանզի ասում է, թե ինչպես պետք է լսել Խոսքը: Այն մեզ հիշեցնում է, որ Աստծո խոսքը սերմ է, որն ինքնին հանդիսանում է պտղատու և արգասաբեր և, որ Աստված այն առատաձեռնորեն շաղ է տալիս ամենուր՝ անտեսելով հնարավոր կորուստները, 2020թ. հուլիսի 12-ին իր խորհրդածության ընթացքում պարզաբանեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ:

Օրվա ավետարանական ընթերցման հատվածում (տես Մտթ. 13, 1-23) Հիսուս հավաքվածներին պատմում է մեզ բոլորիս լավ հայտնի սերմնացանի առակը, ով սերմերը շաղ էր տալիս չորս տեսակի հողի մեջ: «Սերմը Աստծո Խոսքի խորհրդանիշն է. դա ինչ-որ վերացական բան չէ, այլ հենց Քրիստոսն է՝ Հոր Խոսքը, որը մարմնավորվեց Մարիամի արգանդում: Հետևաբար, ընդունել Աստծո Խոսքը՝ նշանակում է ընդունել հենց Իրեն՝ Քրիստոսին»,- ընդգծեց Նորին Սրբությունը:

Աստծո Խոսքն ընդունելու տարբեր եղանակներ կան: Այն կարող ենք ընկալել որպես ճամփեզրին ընկած սերմեր, որոնք չեն արմատավորվում կոշտ հողում և հրապուրում են թռչուններին, որոնք էլ արագորեն ոչնչացնում են սերմերը: «Խոսքը ցրվածության մասին է, որը հանդիսանում է մեր ժամանակի ամենամեծ վտանգը»,- պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.

«Բամբասանքերով, գաղափարախոսություններով, տանը և դրսում զվարճանալու մշտական հնարավորություններով շրջապատված լինելով՝ մենք կարող ենք կորցնել լռության, զգոնության, Տիրոջ հետ երկխոսության համն՝ այն աստիճան, որ ինքներս մեզ կենթարկենք հավատքը կորցնելու և Աստծո Խոսքը չընդունելու վտանգին»:

Աստծո Խոսքն ընդունելու մյուս հնարավորությունը այն որպես ապառաժի վրա ընկած սերմ ընկալելն է, ուր շատ հող չկա, շարունակեց Նորին Սրբոթյունը.

«Այստեղ սերմերն արագ են աճում, սակայն նույնքան արագ էլ խանձվում են, քանի որ խորը չեն արմատավորվել: Սա նրանց կերպարն է, ովքեր Աստծո Խոսքն ընդունում են րոպեական ոգևորությամբ, բայց քանի որ նրանց զգացմունքները մակերեսային են, չեն հասկանում Աստծո Խոսքը: Առաջին իսկ դժվարությունների, տառապանքների, կյանքի նեղությունների ժամանակ այս դեռևս թույլ հավատքը հալչում է այնպես, ինչպես չորանում է քարերի արանքում ընկած սերմը»:

Աստծո Խոսքի սերմը կարող է ընկնել նաև փշերի մեջ, որոնք մեր կյանքում հանդիսանում են հարստությունը, հաջողությունը և աշխարհիկ հոգսերը: Այստեղ այն որոշ չափով աճում է, սակայն շուտով նրան կխեղդեն մոլախոտերը և այն պտուղ չտալով՝ կմահանա:

Եվ վերջապես, մենք կարող ենք Խոսքն ընկալել որպես լավ հող.

«Այստեղ և միայն այստեղ սերմը կարմատավորվի և պտուղներ կտա: Բերրի հողի վրա ընկած սերմը ներկայացնում է նրանց, ովքեր լսում են Խոսքը, ընդունում են այն, պահում են սրտերում և կատարում են առօրյա կյանքում»:

Մեզանից յուրաքանչյուրը հող է, ում վրա ընկնում է Աստծո Խոսքի սերմը, այն տրվում է բոլորին, ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու կոչ արեց խորհել, թե ինչպիսի հող ենք մենք՝ ճամփեզր, քարքարոտ տեղանք, թե փշոտ մացառուտներ: Սակայն ցանկության դեպքում մենք կարող ենք դառնալ բարի արգավանդ հող, լավ խնամված, որտեղ Աստծո Խոսքի սերմը կարող է հասունանալ: «Այն արդեն իսկ ներկա է մեր սրտերում, սակայն կլինի՞ այդ սերմը պտղատու, թե՞ ոչ, կախված է մեզանից, այն հանգամանքից, թե ինչպես մենք այն կընկալենք», - պարզաբանեց Նորին Սրբությունը.

«Հաճախ մեր ուշադրությունը շեղում են տարբեր հետաքրքրություններ, կոչեր և բազմաթիվ ձայների ու խոսքերի մեջ դժվար է լինում տարբերել Տիրոջ Խոսքը, միակ բանը, որը մեզ ազատ է դարձնում: Դրա համար անհրաժեշտ է սովորել լսել ու կարդալ Աստծո Խոսքը: Թույլ տվեք մեկ անգամ ևս հիշեցնել. Ձեր գրպանում միշտ պահե՛ք Ավետարան: Ամեն օր մի հատված կարդացե՛ք Աստծո Խոսքից, որպեսզի լավ հասկանաք, թե ի՛նչ սերմ է Աստված մեզ տալիս և ո՛ր հողում ենք մենք այն սերմանում», - եզրափակեց Սրբազան Քահանայապետը:

Վատիկան Նյուզի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Աղբյուր՝ armenianchurchco.com