Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Սուրբ Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր

Սոփիան մայրն է, իսկ մյուս երեքը՝ նրա դստրերը: Բոլորի անուններն էլ խորապես քրիստոնեական են և իմաստալի. Սոփիա՝ իմաստություն, Պիստիս՝ հավատք, Ելպիս՝ հույս և Ագապիս՝ սեր են նշանակում:

Սոփիան ազնվական ընտանիքից էր, ազգությամբ իտալացի և բնակվում էր Հռոմ քաղաքում: Այրի մնալով՝ վերստին չամուսնացավ, այլ իրեն նվիրեց Աստծուն և իր երեք աղջիկների քրիստոնեական դաստիարակությանը:

Մի հեթանոս երիտասարդ աղջիկներից մեկին կնության առաջարկ արեց, բայց մայրը մերժեց՝ ասելով. «Մենք քրիստոնյա ենք և կուսությունը ոսկուց և մարգարիտներից ավելի թանկարժեք ենք համարում»: Երիտասարդը Ադրիանոս կայսրին (118-138) բողոքեց: Կայսրը իր մոտ կանչեց մանկամարդ աղջիկներին և նրանց հորդորեց զոհ մատուցել կուռքերին: Հաստատուն մնացին իրենց հավատքի մեջ: Այդ ժամանակ կայսրը հրամայեց մեկ առ մեկ գլխատել մանկամարդ կույսերին: Մայրը նրանց մարմիններին տեր կանգնեց և պատվով թաղելով՝ նրանց վրա տապան կառուցեց: Ապա ինքն էլ Աստծուց խնդրեց, որ իր հոգին վերցի և ինքը կարողանա օր առաջ միանալ իր սիրասուն զավակներին: Իր խնդրանքը ընդունվեց և նա հոգին խաղաղությամբ ավանդեց:

Վարդավառի երրորդ երեքշաբթի օրն ենք կատարում նրանց հիշատակը:

«Համաքրիստոնեական Սուրբեր» Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը - Սուրբ Սոփիայի և նրա երեք դուստրերի` Պիստոսի, Ելպիսի և Ագապիի հիշատակության օր