Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Հորթուկի արկածները

Մի փոքրիկ հորթուկ կար: Նա ոտքից գլուխ դեղնավուն էր, իսկ կողերին ու ճակատին մոխրագույն խալեր ուներ: Աչքերը մեծ-մեծ ու վճիտ էին: Նա երկու նոր-նոր դուրս եկած պոզիկներ ուներ: Հորթուկը փոքր էր, դրա համար էլ ապրում էր իր մայրիկի հետ: Մի սովորական օր Հորթուկը դիմում է իր մայրիկին.

- Ես ուզում հեռանալ մեր տնից: Ուրիշ արտովայրերում խոտն ավելի կանաչ է ու հյութալի:

- Այդպես մի ասա, որդիս, - նախատում է մայրը,- ամենալավը քո տունն է՝ այս գոմը, որտեղ ապրում ես դու, իսկ ամենահամեղ խոտը, ահա սա է, որ աճում է քո տան մոտ:

Սակայն որդին ուզում է ամեն ինչ անել իր իմացածով: Եվ մի օր էլ, երբ մայրը գնում է դաշտ՝ կաթ բերելու, Հորթուկը թռչկոտելով հեռանում է տնից: Հորթուկը հասնում է մի գեղեցիկ մարգագետնի: Իրոք, այնտեղ կանաչ ու հասած խոտ կար, սառը ու զուլալ առու:

Հորթուկը ուտում է կանաչը, խմում է սառը ջուրը ու երազում է, որ կկանչի մորը ու միասին կապրեն այստեղ: Այդ մարգագետնում նա անմիջապես ընկերանում է գունավոր թիթեռնիկի հետ: Նրանք ամբողջ օրը վազվզում են իրար հետ: Շատ են խաղում, շատ են հոգնում: Թիթեռնիկը նստում է հորթուկի պոզին, որ մի քիչ հանգստանա, հորթուկն էլ է ցանկանում պառկել, բայց հենց գլուխը դնում է խոտերի վրա, նրա քթի տակով մի օձ է անցնում:

- Վա՜յ, օձը, վա՜յ օձը,- վախեցած բղավում է Հորթուկը:

- Ինչ է, օձի՞ց ես վախենում,- հարցնում է թիթեռնիկը,- բարձրացիր ծառը, այնտեղ ապահով է:

- Ես ծառ բարձրանալ չգիտեմ,- լացակումած ասում է Հորթուկը:

- Այդ դեպքում հողը փորիր ու մտիր հողի տակ,- նորից է խորհուրդ տալիս թիթեռնիկը:

- Ես դա էլ չեմ կարող անել,- շարունակում է լացել Հորթուկը:

Նրանց զրույցը լսում է ծառին նստած կապիկը: Կապիկը առաջարկում է ծառի ճյուղերով տնակ պատրաստել հորթուկի համար, որպեսզի նա հանգիստ ապրի այնտեղ: Շուտով հավաքվում են ուրիշ կենդանիներ՝ ոզնին, կրիան, փայտփորիկը և ով ինչպես կարող էր, օգնում է Հորթուկին: Հորթուկը տեսնելով, որ իրեն շատ հոգատար ընկերներ են շրջապատել, սրտապնդվում է ու էլ լաց չի լինում: Ընկերները փայտերով մի լավ տնակ են պատրաստում: Հորթուկը մտնում է իր տնակի մեջ, գլուխը դնում է գետնին ու ցանկանում է քնել, ախր շատ էր հոգնել, աչքերը փակվում էին, էլ չէր դիմանում, և ահա, հենց ուզում է քնել, մեկ էլ նորից քթի տակով անցնում է օձը:

- Վա՜յ, օձը, շուտ հասե՜ք,- բղավում է Հորթուկը ու սկսում է լաց լինել,-մայրիկի՜ս եմ ուզում, մայրիկիս եմ ուզում, ուզում եմ գրկել ու քնել նրա գրկում:

Ընկերները գլխի են ընկնում, որ իրենց նոր ընկերը շատ է փոքրիկ, որ առանց մայրիկի չի կարող ապրել: Եվ որոշում են նամակ գրել ու կանչել Հորթուկի մայրիկին: Գրագետ փայտփորիկը առնում է թուղթն ու գրիչը և գրում. «Տիկին Կովիկ, ձեր որդին՝ Հորթուկը, ապրում է «Կանաչ Մարգագետին» փողոցի, 7-րդ տնակում: Մենք հրավիրում ենք ձեզ մասնակցելու ձեր որդու բնակարանամուտին…Հարգանքներով՝ «Կանաչ Մարգագետին» փողոցի ուսուցիչ՝ Փայտփորիկ»:

Նամակը տալիս են փոստատար ծիծեռնակին: Իսկ այդ օրը Հորթուկի բարի ընկերները մնում են Հորթուկի մոտ, որ նա հանգիստ քնի ու առավոտյան մայրիկին դիմավորի ուրախ ու զվարթ: Լույսը դեռ չբացված, արթնանում է Հորթուկը: Նա սովոր էր վաղ արթնանալ:

Իսկ այստեղ, իր նոր բնակավայրում, սիզախոտն այնպես անուշ էր բուրում, որ Հորթուկը չի դիմանում ու սկսում է ուտել կանաչը: Նա երփներանգ ծաղիկներից գեղեցիկ փնջեր է հավաքում ու սպասում է մայրիկին: Հանկարծ երկնքում Հորթուկը նկատում է փոստատար ծիծեռնակին, իսկ մարգագետնի մյուս կողմից, վազեվազ գալիս էր իր սիրելի մայրիկը: Մայրիկը գրկում է իր բալիկին և ծանոթանում է Հորթուկի ընկերների հետ: Նա շնորհակալություն է հայտնում նրանց հոգատարության համար: Իհարկե, Հորթուկը մայրիկի հետ վերդառնում է իր իսկական տունը, բայց երբեք չի մոռանում«Կանաչ մարգագետին» փողոցում ապրող իր ընկերներին:

Աղբյուր՝ heqiat.am