Այսպէս է ասում Տէրը. Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծու վրա եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: ԱՌԱԿՆԵՐ 3:4,5

Երից Մանկանց վանք

Երիցմանկանց վանք, պատկանում է 17-րդ դարին, գտնվում է Մարտակերտի շրջանում, Արցախ։ Այն միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Մելիք-Իսրայելյանների կողմից, Ջրաբերդի իշխանները, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների մրցակից։

Պատմություն

Պահպանված արձանագրությունների համաձայն՝ եկեղեցին կառուցել են Աղվանից կաթողիկոս Սիմեոնը և իր եղբայր Իգնատիոս վարդապետը՝ 1664 թվականին նվիրատվությունների օժանդակությամբ[1]: Եկեղեցին կառուցող ճարտարապետը Սարգիսն է, որի առանձին արձանագրությունը գտնվում է ներսում, բեմի հյուսիսային կողմի պատին.

Շինաւղ և վարպետ եկեղեցոյս ուստա Սարգիսն յիշեցեք ի Քրիստոս
- Ջալալեանց, նշվ. աշխ., էջ 171-179

Երիցմանկանց վանքի բնակելի սենյակներից շատերը փլված են, իսկ մնացածները, որոնք ոչ հեռու անցյալում օգտագործվում էին, դեռ կանգուն են: Բնակելի սենյակների տակ կան նկուղներ, որոնք եղել են պահեստներ, գուցե և թաքստոցներ:

Արցախյան պատերազմի տարիներ

Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1992 թվականի հունիսին Ադրբեջանի կողմից Գյուլիստանի գրավումից հետո տեղի շուրջ 14 հազար հայ բնակչությունը ոտքով ճանապարհվեց դեպի Մարտակերտի շրջան։ Այդ խմբից մոտ 2-3 հազարը անտառներով անցնելու ժամանակ հասնում են Երիցմանկանց վանք և ապաստան գտնում վանքի տարածքում՝ մինչև օգնական խմբերի ժամանումը:

Ճարտարապետություն

Խաչաձև գմբեթակիր հորինվածք ունեցող եկեղեցին շինված է անտաշ քարերով, սպիտակավուն, ներքուստ չորս քառակուսի սյուներով, բակում կան բնակելի սենյակներ: Եկեղեցու գմբեթն ամբողջովին կառուցված է սրբատաշ կաթնագույն քարից: Բազմաթիվ և գեղեցիկ քանդակների մեջ հատկապես արժե հիշատակել արևի ժամացույցը՝ քարի վրա կերտված: