Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Կոտ ու կես կորեկ ունեմ

Կոտ ու կես կորեկ ունիմ ցանելու համար.
Ճընճուղներ թըռան եկան ուտելու համար.
Կըզվա քար առա գետնեն զարնելու համար.
Թըռան, գացին բերդի տանիս գանգտելու համար:

Ա՛յ ճընճըղիկ,
Կարմիր տոտիկ
Սպիտակ փորիկ,
Ուտեն կըտիկ,
Խըմեն ջըրիկ,
Առվի եզրիկ
Պըստիկ-մըստիկ,
Փախչեն երթան
Ման գալու համար...

Ղասաբներ ժողվան, եկան մորթելու համար,
Պառավներ ժողվան, եկան փետրելու համար,
Նորհարսներ ժողվան, եկան դեղմաշկի համար,
Աղջիկներ ժողվան, եկան դեղդըրի համար:

Երեցներ ժողվան, եկան օրհնելու համար,
Ըռեսներ ժողվան, եկան խորվածի համար,
Համբարներ ժողվան, եկան գովելու համար,
Ազաբներ ժողվան, եկան թամաշի համար:

կըզվա - կռացա
ղասաբ - մսագործ
դեղմաշկ - հավի ոտի մաշկից շինած փոքրիկ աման, որի մեջ աչքի ծարիր
են պահում
դեղդիր - ոսկրի կամ փայտի փոքրիկ գործիք, որով աչքերին ծարիր են
քսում
ծարիր - սուրմա, մազերը՝ հոնքերը՝ թարթիչները ներկելու ներկ
ըռես (ռես) - տանուտեր, գյուղապետ
համբար - այստեղ՝ ամբարապետ
ազաբ - չամուսնացած երիտասարդ
թամաշա - դիտում

Հայ ժողովրդական «Կոտ ու կես կորեկ ունեմ» երգն է՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ: Մենակատարներ՝ Նելլի Հովակիմյան և Լուսինե Ասիլյան: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ: Գործիքավորումը՝ Դանիել Երաժիշտի:
Այս երգը ներառված է Ռոբերտ Աթայանի «Կոմիտաս. երկերի ժողովածու»-ի 5-րդ հատորում: Ինչպես հաղորդում է Աթայանը, սա մեկն է այն երգերից, որոնք արևելահայկական դպրոցներ են ներմուծվել Կոմիտասի շնորհիվ: Վարդապետը հաճախ է ընդգրկել իր երգացանկում հատկապես համերգային գործունեության սկզբնական շրջանում: Հետագայում տարածվել են երգի այլ՝ պարզեցված մշակումներ, սակայն կոմիտասյան տարբերակն առավել հարուստ է ելևէջներով, ավելի հարազատ է բուն ժողովրդական երգին և կրում է հնության բույրն ու կնիքը:
Կոմիտասն այս երգը բնութագրում է որպես «ծաղրական պատմվածքի ձևափոխություն»: Երգողը զվարթ շեշտերով պատմում է, որ կոտ ու կես կորեկ ունի, որ պահել է ցանելու նպատակով, իսկ ճնճղուկները թռել, եկել են, հավաքվել դրա շուրջ, որպեսզի ուտեն: Գյուղացին էլ կռացել է, քար վերցրել, որպեսզի նետի նրանց վրա ու հեռու քշի իր կորեկից: Ճնճղուկները թռել, գնացել են բերդի մոտ, նստել տանիքին, որպեսզի այնտեղի իշխանին գանգատվեն իրենից:
Բայց, կարծես, գեղջուկը վատ տրամադրված չէ թռչնակների նկատմամբ, քանի որ սկսում է գորովանքով նկարագրել նրանց. ճնճղուկն ունի կարմիր տոտիկներ, սպիտակ փորիկ, սիրում են ցատկոտելով կուտ որոնել, ջուր խմել առվի եզրին, հետո փախչել մի ապահով տեղ ու թռչնավարի զբոսնել:
Հանկարծ գալիս են մսագործները՝ մորթելու համար. այստեղ առավել ցայտուն է արտահայտվում երգի ծաղրական բնույթը. ճնճղուկն այդ ինչքա՞ն միս պետք է ունենա, որ մսագործին գրավի, այն էլ՝ ոչ թե մեկ, այլ մի քանի մսագործի: Սրանց տեսնելով ճնճղուկին շրջապատած, հավաքվում են նաև գյուղի պառավները՝ փետրելու համար, կարծես՝ ոչ թե մի ճնճղուկ է, այլ հսկայական թռչուն կամ բադերի երամ: Նրանց մոտ են շտապում նաև մի խումբ նորահարսներ, որպեսզի ճնճղուկի ոտքի մաշկը հանեն ու դեղմաշկ՝ ծարիր պահելու փոքրիկ անոթ պատրաստեն: Նորահարսների հետևից շտապում են նաև ջահել աղջիկները, որ խեղճ թռչնակի ոտքի ոսկորը վերցնեն ու դեղդիր՝ աչքերին ծարիր քսելու գործիք պատրաստեն:
Այս «մեծ» իրադարձությանն իրենց օրհնությունը բերելու համար հավաքվում են նաև երեցները և պատշաճ կարգով մեծ արարողություն կատարում: Քիչ անց լուրը հասնում է տանուտերերին՝ գյուղի ավագներին, որոնք շտապում են խորոված ուտելու առիթը բաց չթողնել: Գալիս են նաև գյուղի ամբարների պետերը՝ խնջույքի ժամանակ գեղջավագներին գովելու ու շողոքորթելու համար: Չէ՞ որ նրանք են իրենց հանձնել այս պաշտոնը:
Եվ այս աշխույժ անցուդարձը տեսնելով, գալիս, խմբվում են գյուղի ջահել տղաները՝ դիտելու տեղի ունեցողը և հատկապես հավաքված ջահել աղջիկներին:
Խե՜ղճ ճնճղուկ, իր փոքրիկ մարմնի վրա որքան աչք կա: Կարելի է կարծել, որ այլաբանորեն ծաղրվում է հայ գեղջուկի սոցիալական վիճակը. ինչպես ճնճղուկն է սիրում մեկիկ-մեկիկ կուտ հավաքել, կշտանալ ու կերակրել իր ձագուկներին, այնպես էլ գյուղացին է սիրում տքնաջան աշխատել, հողից հաց քամել և հոգալ իր ու իր ընտանիքի ապրուստը: Արդար վաստակից հետո էլ սիրում է կարմրատոտիկ ճնճղուկի նման երգել ու պարել, զբոսնել բնության գրկում: Բայց նա չարքաշ օրվա ավարտին չի կարողանում շունչ քաշել ու մի փոքր հանգիստ վայելել. ինչպես երգում, իրական կյանքում էլ նրա՝ ճնճղուկի չափ փոքր ապրուստից նա պետք է հարկ վճարի տանուտերին, մի մասը հանձնի համայնքի ամբարներին, մի մասը հանձնի հարուստ հարևանին՝ պարտքի դիմաց: Եվ խեղճ գյուղացուն էլ, ճնճղուկի նման բզկտում են, քրքրում՝ իրենց հասույթները կորզելու համար:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան