Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ներսես Կլայեցի Շնորհալի․ «Ուրախացան ազգք մարդկան»

Ուրախացան ազգք մարդկան,
Յորժամ լւան Քո յարութիւնդ.
Նորափետուր զարդարեցան
Ի յարութեան սուրբ Միածնիդ.
Ողորմած Տէր, ողորմեա
Հոգւոցն մեր ննջեցելոց:

XII դարի հայոց կաթողիկոս Ներսես Կլայեցի Շնորհալու «Ուրախացան ազգք մարդկան» հարության շարականն է:

Կատարում է հնագույն երաժշտության «Տաղարան» անսամբլը: Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Երվանդ Երկանյան: Մենակատար՝ Գրետա Անտոնյան:

Շարականում երգվում է, որ այն ժամին, երբ աշխարհում հռչակվեց Հիսուսի հարության ավետիսը, ուրախացավ մարդկային ցեղը: Եթե հիշենք ավետարանում նկարագրվող դեպքերը, Հիսուսի աշակերտները և ժողովրդից շատերը սրտի դողով սպասում էին, թե արդյոք իսկապես նա պետք է հարություն առներ մեռելներից, ինչպես ասել էր մատնվելուց առաջ: Եվ ահա, այս ավետիսը ցնծությամբ են ընդունել նրանք, և հետո, արդեն նաև հետագա դարերում՝ բոլոր նրանք, ովքեր տարբեր առաքյալների ու քարոզիչների միջոցով առել են այս բարի լուրը: Չէ՞ որ այլևս մահն անզոր է, և ինչպես մարդացած Աստված հարություն առավ, այնպես էլ Աստծո պատկերով կերտված մարդը, մոտենալով Աստծուն, նույնպես պետք է հարություն առնի:

Եվ ահա, շարունակում է երգվել Շնորհալու շարականում, մարդիկ Միածնի հարությունը տոնելու համար զարդարվում են նորափետուրներով և Ողորմած Աստծուց խնդրում՝ ողորմել նաև մեր բոլոր ննջեցյալների հոգիներին ու նրանց էլ հասցնել Հիսուսի հարության ավետիսը:

Ինչպես գիտեք, յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդող օրը մեռելոց է, որը հենց նրա համար է, որպեսզի տոնի խուրհուրդը ողջերս հասցնենք մեր ննջեցյալների հոգիներին: Այդ օրերին, ավանդույթի համաձայն, գնում են գերեզմաններ, խնկարկում և աղոթում առ Աստված՝ ննջեցյալների համար:

Աղբյուր՝ Արշակ Ադամյան