Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

«Միայնութեան բարիքի մասին» Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի մտորումներէն

«Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9)
Իւրաքանչիւր մարդ ստեղծուած է Աստծոյ և մարդկանց հետ հաղորդակցուելու համար: Ամէն ոք ցանկանում է սիրել և սիրուած լինել: Մենք բոլորս էլ վախենում ենք միայնութիւնից, լքուած լինելուց: Այնուամենայնիւ, մեզանից իւրաքանչիւրը շատ առումներով միայնակ է: Օրինակ, շատ ես սիրում ինչ-որ երգ կամ ֆիլմ, իսկ քո ընկերը կամ ընկերուհին՝ ամենևին ոչ: Դու ինչ-որ բանի հանդէպ ունես այսպիսի զգացողութիւն, իսկ մէկ ուրիշը՝ լրիւ այլ:

Մենք շատ առումներով ենք միայնակ. հիւանդութիւնների, մահուան, փորձութիւնների ժամանակ, զգացմունքներ ունենալիս: Նոյնիսկ եթէ մեր ամենամտերիմ ու սիրելի մարդիկ մեր կողքին են, նրանք չեն կարող դա զգալ և ապրել մեր փոխարէն: Մեզանից իւրաքանչիւրն ունի մի տարածութիւն, որը ոչ ոք և ոչինչ չի կարող լցնել: Սուրբ Օգոստինոսը երեսուն տարեկանում՝ ճանաչելով ընկերութիւնն ու սէրը, ընտանիքն ու փառքը, գրում է, որ «անհանգիստ է մարդու սիրտը, քանի դեռ չի գտել իր խաղաղությունը՝ Աստծո մեջ»:

Ցաւօք սրտի, մարդու ամենամեծ սխալն այն է, որ այդ տարածութիւնը լցնելու համար և քաղցած լինելով, մարդը յոյս ունի լրացնել այդ բացը՝ զգացմունքներում, մարդկանց մէջ, սիրելի մարդու մէջ: Քանի՜ երիտասարդ է մտածում, որ հարցերի բոլոր պատասխանները կգտնի սիրելի տղայի կամ աղջկայ մէջ: Նրանք ագահօրէն միմեանց, կարծես, կլանում են, սակայն քաղցն այդպէս էլ չի յագենում: Կարծես, ցանկանում են արբել միմեանցով, լցուել մէկը միւսի մէջ, սակայն դա անհնարին է:

Այդպիսի պահուածքը խեղդում է յարաբերութիւնները, քանի որ դա եսասիրութիւն է, և, հետևաբար, այդպիսի յարաբերութիւնները դատապարտուած են ձախողման: Երբեմն նաև ծնողներն են այդպէս վարւում իրենց երեխաների հետ, երբ նրանց վերաբերւում են որպէս սեփականութեան: Դա «յուզական վամպիրիզմ» է, որը միշտ հանգեցնում է յարաբերութիւնների սպառման և ոչնչացման:

Բանն այն է, որ միայն Աստուած կարող է լցնել մարդու ներսի դատարկութիւնը, որը ստեղծուել է Արարչի կողմից, որպէսզի մեզ կանչի դէպի Իրեն, փափագ առաջացնի Իր նկատմամբ: Դաւիթ մարգարէն, թագաւորը, ով ունէր և՛ իշխանութիւն, և՛ կանանց հարեմ, և՛ փող, գրում է. «Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, հոգիս ծարաւ է Քեզ, առաւել ևս՝ մարմինն իմ, ինչպէս մի անապատ և անջուր երկիր» (Սղմ. 62,2):

Հետևաբար իմաստութիւնն այն է, որ ընդունէք ձեր միայնութիւնը և այն ուղղորդէք դէպի Տէրը՝ մարդկային հոգու միակ Ամուսինը և յաւերժական Ընկերը: «Քանի որ Դու՛ եղար իմ օգնականը, քո թևերի հովանու տակ ես պիտի ցնծամ: Քեզ հետևեց իմ հոգին» (Սղմ. 62,8-9):

Այդ դէպքում մարդկային միայնութիւնը կդառնայ օրհնութիւն, հանդիպման վայր՝ Նրա հետ, Ով լցնում է մեզ Իր ներկայութեամբ, խաղաղութեամբ և երջանկութեամբ:

Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

Աղբյուր՝ Vaticannews.va

13/08/2020