Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Ողորմած Աստված համբերությամբ սպասում է Իր զավակների դարձին

«Ինչպես երկրի վրա ապրողը չի կարող խուսափել օդից, այնպես և այս աշխարհում ապրող յուրաքանչյուր անձ չի կարող խուսափել փորձություններից»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին: Մարդուն հանդիպող ամեն մի փորձություն կարող է օգնել իրեն՝ բացահայտելու իր ամուր կամ տկար հավատքը, մաքուր կամ անմաքուր սիրտ ունենալը, Աստծուն կամ երկրայինին հուսալը: Եկեղեցու հայրաբանությունը շեշտում է, որ Աստված թույլ է տալիս փորձությունները բարի նպատակի համար. առաջինը՝ փորձելու մեր կամքը՝ ինչի՞ն է այն հակված՝ առաքինությա՞նը, թե՝ մեղսալից հաճույքներին, երկրորդ՝ բացահայտելու այնպիսի հատկանիշներ, որ հաճախ մարդն ինքն իր մեջ չի տեսնում, երրորդ՝ առաքինությունների մեջ ամրապնդվելու համար: Աստծուն սիրող յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի փորձությունների միջով անցնելու: Աբբա Դորոթեոսն ասել է՝ հավատա, որ մեզ հետ պատահող ամեն մի փորձություն՝ անգամ ամենափոքրը, աստվածային նախախնամությամբ է կատարվում, այն ժամանակ առանց շփոթության կտանես այն: Ս. Պողոս առաքյալը խնդրեց Աստծուն, որ ազատի իրեն փորձությունից, բայց Տերը չկատարեց նրա խնդրանքը: «Մյուս կողմից, որպեսզի իմ ունեցած բացառիկ հայտնություններով չհպարտանամ, Աստված փշի նման ծակող մի ցավ տվեց մարմնիս, որ ասես սատանայի ներկայացուցիչը լինի մարմնիս մեջ, որպեսզի դրանով զգաստացնի ինձ, և ես չհպարտանամ: Այդ ցավի համար երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացնի ինձնից, բայց Նա ինձ ասաց. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև Իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ»: Ահա թե ինչու մեծ հաճույքով պարծենում եմ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ հաստատվի Քրիստոսի զորությունը» (Բ Կորնթ. 12:7-11):

Փորձությամբ Աստված այցելում է մարդուն՝ հիշեցնելով, որ երկրային կյանքը հավիտենական չէ, որ հավիտենական կյանքին արժանանալու համար անհրաժեշտ է փափկեցնել մեղքից կարծրացած հոգին: Երբ մարդը փորձության ժամանակ անդրադառնում է իր հոգուն և նրա մաքրագործմանը, ապա քայլ առ քայլ դեպի հավիտենություն է ընթանում: Ավետարանիչներից միայն Ղուկասն է հիշատակում մի դեպքի, ըստ որի՝ երբ Քրիստոսին պատմեցին Պիղատոսի դաժան արարքի՝ տաճարում գալիլեացիների սպանության մասին, Նա ներկաներին և առհասարակ Իր բոլոր հետևորդներին կարևորագույն մի կոչ հղեց. «Կարծում եք, թե սպանվող գալիլեացիները մյուս բոլոր գալիլեացիներից ավելի՞ մեղավոր էին, որ այդպիսի վախճան ունեցան: Ո՛չ: Ասում եմ ձեզ, որ եթե չապաշխարեք, դուք բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք: Կամ ի՞նչ եք մտածում այն տասնութ մարդկանց մասին, որոնց վրա Սելովամում փուլ եկավ աշտարակը և սպանեց նրանց: Նրանք ավելի՞ հանցավոր էին, քան Երուսաղեմի բնակիչները: Ո՛չ: Ասում եմ ձեզ, որ եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:1-5): Շատ հաճախ մարդիկ իրենց մերձավորների կամ այլ մարդկանց հետ կապված փորձությունների մեջ միայն Աստծո արդարադատությունն են տեսնում, բայց չեն տեսնում Ողորմած Աստծո ապաշխարության կոչն իրենց ուղղված, չեն տեսնում իրենց մեղքերը և մնում են նույն անուղղելի մեղավորները: Ուստի Տիրոջ խոսքերն ուղղված են բոլորին՝ եթե չապաշխարեք, բոլորդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկ. 13:5):

Ս. Հովհան Ոսկեբերանն, ավետարանական վերոնշյալ հատվածը մեկնելով, ասել է. «Աստված թույլ է տալիս նման դժբախտ դեպքերը, որպեսզի կենդանի մնացողները սթափվեն այդ դեպքերից, ապաշխարեն և արժանանան Երկնքի Արքայության ժառանգորդները դառնալու: Ուշադիր անձանց համար նման դեպքերը փրկության միջոց են: Շատ հաճախ այսպես են վարվում տերերը, օրինախախտ ծառային պատժելով՝ վախի միջոցով փորձում են մյուսներին առավել խելամիտ դարձնել: Այսպիսով, երբ տեսնես, որ որոշները զոհվեցին նավաբեկությունից, որոշները՝ շենքի փլուզումից, հրդեհից կամ գետում խեղդվելուց, մի՛ շփոթվիր և մի՛ ասա, թե ինչու բոլոր մեղավորները նույնին չենթարկվեցին: Այլ դատիր այսպես, որ Աստված թույլ տվեց մեկին զոհվել, որպեսզի թեթևացնի նրան այնտեղի պատժից, կամ էլ ընդհանրապես ազատի դրանից, իսկ մյուսին թույլ չտվեց դա համբերել, որպեսզի նա, սթափվելով տեղի ունեցածից, ավելի ուղղամիտ դառնա, իսկ եթե նա մնա նույն մեղքերի մեջ, ապա սեփական անփութության պատճառով իր նկատմամբ անփոփոխելի պատիժ կհարուցի: Իսկ եթե տեսնես, որ արդարն է վշտի կամ փորձության մեջ, մի՛ հուսահատվիր, քանի որ դա ծառայում է նրան լուսավոր պսակի արժանացնելուն: Եվ ընդհանրապես ամեն մի փորձություն, որին ենթարկվում է մեղավորը, իր համար մեղքի ծանրությունից թեթևանալու, իսկ արդարի համար հոգին առավել լուսավոր դարձնելու հնարավորություն է, այսինքն՝ թե՛ արդարի և թե՛ մեղավորի համար մեծ օգուտներ են լինում փորձություններից, միայն թե դրանք գոհունակությամբ կրեն»:

Քրիստոս Իր քարոզչության ընթացքում հաճախ էր ունկնդիրներին ապաշխարության կոչում, ցանկանում էր հրեաներին ազատել մեծագույն մոլորությունից՝ Իրեն՝ որպես ճշմարիտ Մեսիա, չընդունելու մեղքից: Նա երեք տարի բացատրում էր նրանց, որ խոստացված Փրկիչը, որին նրանք սպասում էին, երկրային թագավոր կամ աշխարհակալ չէ, այլ երկնքից իջած Աստծո Որդին է, որի թագավորությունը այս աշխարհից չէ: Երբ Քրիստոսին հարցրին, թե ինչ անեն, որ Աստծո ուզած գործերը կատարեն, Նա պատասխանեց. «Աստծո ուզած գործն այն է, որ դուք հավատաք Նրան, Ում Նա ուղարկեց» (Հովհ. 6:28-29): Քրիստոս փորձում էր ամեն կերպ խրատել մոլորյալներին, բազմաթիվ հրաշքներ էր գործում, որ միայն Աստված կարող էր գործել, սակայն անգամ մահվան դեմ Իր հաղթանակով՝ Հարությամբ, նրանց իրենց սխալի գիտակցմանն ու ինքնաքննությանը չբերեց:

Սուրբ Գիրքը նաև վկայում է, որ շատ անգամ մարդը, ապաշխարությամբ Տիրոջը դառնալով, խուսափել է այն փորձություններից, որ կարող էին իր հոգու համար կործանարար հետևանքներ ունենալ: Աստվածային սիրո և անսահման ողորմածության մասին է պատմում Հին կտակարանի Հովնանի մարգարեության գիրքը, որը վկայում է, թե ինչպես հարյուր քսան հազար բնակչություն ունեցող Նինվե քաղաքը խուսափեց մեծ փորձությունից՝ խոնարհությամբ անսալով Տիրոջ ապաշխարության կոչող պատգամին: Նշենք, որ այս քաղաքի չարության համբավը հասել էր Աստծուն: Այդ պատճառով Տերը պատգամում է Հովնան մարգարեին, որ գնա Նինվե և քարոզի այնտեղ: Թեև մարգարեն սկզբից չի հնազանդվում Տիրոջը, նավ է նստում ու այլ քաղաք գնում՝ Տիրոջ ներկայությունից հեռու, բայց Տերը փորձությամբ սթափեցնում է նրան: Նավարկության ընթացքում մեծ փոթորիկ է բարձրանում, նավի վրա գտնվողներին պարզ է դառնում, որ Հովնանի պատճառով է փոթորիկը և իր իսկ խնդրանքով նրան ծովն են նետում: Նա հայտնվում է կետ ձկան փորում, աղոթում է Աստծուն և ներում հայցում: Աստված, նրա զղջումն ընդունելով, նրան իր առաքելությունը շարունակելու հնարավորություն է տալիս. նա Նինվե քաղաքի բնակիչներին զգուշացնում է, որ եթե իրենք չդառնան Աստծուն, ապա երեք օր անց քաղաքը կկործանվի: Քաղաքի բնակիչները հավատում են Աստծո պատգամին. թագավորի ու նրա մեծամեծերի կողմից Նինվեում հայտարարվում է, որ մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդիկ քուրձ են հագնում, ի սրտե աղոթում են Աստծուն, բոլորը հետ են կանգնում իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում և ասում են. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի իր խիստ բարկությունից, և կորստի չմատնվենք»: Եվ Աստված, տեսնելով նրանց գործերը, որ բոլորը հետ են կանգնել իրենց չար ճանապարհներից, զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թե կանի նրանց և չարեց:

Տեղի ունեցած կամ տեղի ունեցող փորձությունների միջոցով Արարիչ Աստված համբերությամբ սպասում է իր արարածների դարձին: Նա Ս. Եփրեմ Ասորու ապաշխարության հետևյալ հորդորով կարծես դիմում է Իր արյունով փրկագնված յուրաքանչյուր արարածի և ասում. «Ո՛վ մեղավոր, ինչո՞ւ չես երկնչում Իմ ահեղ զորությունից և չես ուղղվում, քանի դեռ սիրով ու քաղցրությամբ ապաշխարության եմ քեզ կանչում: Քանի դեռ քաղցրությամբ եմ խոսում քեզ հետ, երկնչի՛ր Ինձնից, ողորմի՛ր քեզ, քանզի Ես չխնայեցի Իմ հրեշտակներին, որ հպարտացան Իմ դեմ, այլ Իմ բարկությամբ երկնքից անդունդ իջեցրի նրանց: Եվ երբ Նոյի ժամանակ բազմացան պոռնկության մեջ, մարդկանց այնքան բազմություն խեղդեցի ջրհեղեղով: Սոդոմն ու Գոմորը, որ անբնական չարիքներ էին գործում, այրելով մաշեցի երկնքից տեղացող բոցով: Իմ դեմ հոխորտացող գոռոզ փարավոնին իր զորքերի բազմությամբ ընկղմեցի Կարմիր ծովը: Նույն Աստվածն եմ Ես. եթե շատերին չխնայեցի, նույնպես և՝ մեկիդ: Դժվար բան չեմ խնդրում քեզնից, ինչո՞ւ ես տարակուսում. միայն դարձիր դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի քեզ, միայն փութա ապաշխարության, միայն խոստովանիր մեղքերդ, միայն ասա «մեղա՜»՝ ընկնելով Իմ առջև, ու Ես փառքով կպատվեմ քեզ»:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am