Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Նիկողայոս Տիգրանյան․ Կենսագրություն

Նիկողայոս Թադևոսի Տիգրանյան (Նիկոլայ Ֆադեևիչ, օգոստոսի 31, 1856, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) , հայ խորհրդային կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։ Աշխատանքի հերոս (1936)։

Կենսագրություն

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը։

Նիկողայոս Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա կրտսեր եղբայրներից են եղել առաջին հանրապետության Արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։

Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում։ Դաշնամուր նվագել սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրագրով։ 1893 թվականին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսություն), Պետերբուրգում: Մահացել է Երևանում:

Ստեղծագործություն

Տիգրանյանների ընտանիքը։ Մեջտեղի շարքում աջից երկրորդը՝ Նիկողայոս Տիգրանյանն է, կողքին եղբայրը՝ Սիրական Տիգրանյանը

Գյումրիում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել դրա տնօրենը և դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ 1894 թվականից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, արևմտյան Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ։ Հրապարակել է արևելյան երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 1934 թվականին փոխադրվել է Երևան: Հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը, պարերը, մուղամները և դաստգյահները։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887 թվականից և բազմաթիվ անգամ վերահրատարակվել Սովետական Հայաստանում: 1934-1946 թվականին Տիգրանյանը իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է փողային, սիմֆոնիկ և կամենային նվագախմբերի համար։ 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին Տիգրանյանը պարգևատրվել է բրոնզե մեդալով։ 19-րդ-20-րդ դարի սկզբին Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրդական ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության շատ նմուշներ պահպանվել են Տիգրանյանի գրառումների շնորհիվ։ Մի շարք կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Մ․ Իպոլիտով-Իվանով, Գ․ Կազաչենկո, Ռ․ Գլիեր, Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, Ա․ Ս․ Այվազյան, Արամ Խաչատրյան, այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործություններում։ Տիգրանյանը հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է։ Իր մշակումներում ձգտել է պահպանել «հավատարմությունը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողության և բազմաձայնության, ժողովրդական մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի պլաստիկան։ Ժողովրդական մեղեդիների գրառման և մշակման Տիգրանյանի հայտնաբերած հնարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպոզիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Այլ տեղեկություններ

Նիկողայոս Տիգրանյանի պատվին անվանակոչվել է Երևանի Կոմիտասի պողոտային հարող փողոցներից մեկը, որտեղ Խորհրդային շրջանից գործել է Հայաստանի կույրերի միությունը, Կույրերի գրադարանը (2000-ական թվականներից Հայէկոնոմբանկի կոմիտասի մասնաճյուղի տարածքը) ու Կույրերի դպրոցը։

Ձայնագրված և մշակված երգեր

Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին Գյումրիում

«Քո փափագով» (1887)
«Տուն արի» (1890)
«Ձախորդ օրեր» (1896)
«Լուսնյակ գիշեր» (1896)

Ձայնագրված և մշակված պարեր

«Դյուզ պար» (1887)
«Ֆինջան» (1890)
«Ֆատեն կիտամ» (1890)
«Թարս պար» (1890)
«Զուռնի տրնգի» (1890)
«Ուզունդարա» (1890)
«Դոյ-դոյ» (1890)
«Վեր-վեր» (1890)
«Ռանգի» (1896)
«Քյանդրբազ» (1896)
«Վարդ կոշիկս» (1896)
«Շավալի» (1896)
«Բայաթի քուրդ» (1888)
«Բայաթի Շիրազ» (1889)
«Հեյդարի» (1894)
«Շահնազ» (1895)
«Չարգյահ» (1896)
«Նովրուզ արաբի» (1900)
«Նավա» (1902)
«Չոբան բայաթի» (1904)
«Շուշթար» (1904)

Հիշատակ

Հայաստանում սահմանվել է Տիգրանյանի անվան պետական մեդալ, Երևանում նրա անունով փողոց է անվանվել։