Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Աբովյանի անհայտացումը

1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմի հետևանքով սկսվեց հայերի զանգվածային արտագաղթ, և շուրջ 90000 հայեր հարկադրված լքեցին իրենց հայրենիքը:

Ժամանակի ցարական չինովնիկության հակահայկական քաղաքականությունը չէր կարող ազատամիտ Աբովյանի վրա իր բացասական ազդեցությունը չունենալ:

Շատ կարևոր է, թե պատմական այդ ժամանակաշրջանում ինչպես էին ձևավորվում Աբովյանի հասարակական-քաղաքական հայացքները: Ռուսաստանի նկատմամբ խանդավառ վերաբերմունք ունեցող Աբովյանի մոտ առաջացան գաղափարական շրջադարձի բոլոր նախադրյալները՝ ձախողվեցին կրթական-լուսավորչական ծրագրերը և, ընդհանրապես, չիրականացան սեփական պետականությունը վերականգնելու հայ ժողովրդի բոլոր ձգտումները: Ցարիզմի հայահալած քաղաքականության դեմ ընդվզելու արդյունքը՝ 1848թ. ապրիլի 2-ին մեծ լուսավորչի առեղծվածային անհայտացումն էր, որի ստույգ մանրամասները առ այսօր թաղված են թանձր խավարի մեջ:

Ա. Բակունցի տեսակետով, Աբովյանը գնացել է 1848թ. եվրոպական հեղափոխություններին մասնակցելու:

Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը կարծում էր, որ նա ինքնասպանություն է գործել:

Պիոն Հակոբյանը ևս հակված էր Աբովյանի ինքնասպանության կամ ծպտյալ ինչ-որ տեղ ապրած լինելու վարկածին:

Պատմական գիտությունների թեկնածու Վ. Ավետյանը համոզում է, որ Աբովյանը սպանվել է իր պարտապան թուրքերի ձեռքով:

Ժողովրդի մեջ տարածված էր նաև ինքնասպանության վարկածը:

Բազմաթիվ վարկածներից մեկն էլ Աբովյանի Սիբիր աքսորվելու վարկածն է, որը պնդում էր պատմաբան Վլադիմիր Ղազարյանը:

Խ. Աբովյանի Սիբիր աքսորվելու հավանականության մասին մի այլ փաստարկ է բերում Ս. Էջմիածնի ճեմարանի ուսուցիչ Ստեփան Կանայանցը: Նա պատմում է, որ Գերմանիայում, իր ուսումնառության տարիներին, Աստրախանի իր ընկերոջից 1983թ. ստացել է մի նամակ, որը հայտնում էր, որ ռուս գրող Ն. Չերնիշևսկին Աստրախանում պատմել է հայերին, թե ինքը Սիբիրում աքսորված ժամանակ տեսել է հայ Խաչատուր Աբովյանին:

Այսօրվա մեր խնդիրը չէ՝ բացահայտել Խ. Աբովյանի անհայտացման առեղծվածը, այլ դրա փոխարեն պետք է ի հայտ բերենք, լրացնենք Աբովյանի մասին դեռևս պակաս ասվածը, մեծ լուսավորչի կյանքն ու գործը լիարժեք փոխանցենք սերունդներին:

Աղբյուր՝ Abovyanmuseum.am