Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Ալեքսանդր Մելիք-Փաշայան (դիրիժոր)

Ալեքսանդր Մելիք-Փաշայան (Մելիք-Փաշաև, հոկտեմբերի 23, 1905, Շուլավեր, Մառնեուլի շրջան, Վրաստան - հունիսի 18, 1964, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951), Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943 թթ.)։ 1931 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, իսկ 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։

Կենսագրություն

1928-1930 թվականներին սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում։ 1921-1931 թվականներին, ընդհատումներով՝ Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր։ 1924 թվականին Լենինականի օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929 թվականին և 1932 թվականին համերգներով հանդես է եկել Երևանում։ 1931-1953 թվականներին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-1962 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Մելիք-Փաշաևը ղեկավարել է Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Բեթհովենի «Ֆիդելիո», Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Գլինկայի «Իվան Սուսանին», Բորոդինի «Իշխան Իգոր», Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1942), Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1943) և այլ օպերաներ։ Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ։

1939 թվականին եղել է Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956 թվականին՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու։ 1958 թվականին Մեծ թատրոնի հետ հանդես է եկել Երևանում, ներկայացումներ ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում։ Մելիք-Փաշաևի արվեստին բնորոշ են ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը։

Պարգևներ

Մեծ (Ֆրանսիա, 1953, 1962), Ամերիկայի արվեստների ակադեմիայի (1964) մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1951)
Առաջին կարգի Ստալինյան մրցանակի դափնեկիր (երկակի՝ 1942, 1943)

Մեջբերումներ Ալեքսանդր Մելիք-Փաշայանից

Մինչև վերջ տրվել թատրոնին, սովորել անընդհատ և կատարելագործվել մշտապես. կարծում եմ՝ այսպես պետք է ապրի և ստեղծագործի յուրաքանչյուր ազնիվ արվեստագետ, որ նվիրվել է թատերարվեստին: 

Հիշատակ

Մելիք-Փաշաևի անունով է կոչվել Արտաշատի երաժշտական դպրոցը։

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի