Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Որովհետև Աստված հույս է

Մենք բոլորս միևնույն նյութից ենք արարվել: Բոլորս նույն ցավն ենք զգում սայթաքելիս, վիրավորվելիս, կորուստ ունենալիս, հուսահատվելիս: Մեր կարիքները նույնն են, չնայած մեզ թվում է, թե մենք յուրահատուկ ենք մեր ձգտումներում: Բոլորս էլ երբեմն տեսնում ենք՝ ինչպես է անապատանում մեր կյանքը, ինչպես ենք թուլանում, ինչպես է ամենը դառնում անիմաստ, դատարկ, անլույս: Քեզ լքում է ինչ-որ բան անելու ցանկությունը: Դու հուսալքված ես: Կորուստներդ այնքան շատ են, որ ծածկում են հորիզոնդ:

Ցավից ես արթնանում, ցավով էլ փակում ես աչքերդ: Դու վերջին ճիգերն ես գործադրում փակուղուց դուրս գալու, նորից կյանքը զգալու, նորից ապրելու համար, բայց ավելի շատ ես մոլորվում: Ուզածդ մի բաժակ ջուր է, մի բաժակ հույս… Ես հաղորդակից եմ ծարավիդ, որովհետև ինքս նույնն ապրել եմ: Անհաշիվ անգամներ զգացել եմ այն, ինչ դու ես զգում հիմա: Եվ այն ժամանակ, երբ կարծել եմ, որ այլևս ոչ ոք և ոչինչ չի կարող ինձ կյանք ներշնչել, հենց այդ ժամանակ լսել եմ հրեշտակների ձայները մարդկանց շուրթերից, երկնքի թռչունների երգով, քամու շրշյունով, պատահմամբ կարդացածս մի քանի տողով:

Ինձ փրկել են և հասկացրել, որ այս աշխարհում չկա մի մարդ, ով չանցնի այս ճանապարհով, և բոլորին անխտիր օգնություն է անհրաժեշտ: Բոլորը կարիք ունեն մի բաժակ ջրի և մի բաժակ հույսի: Այսօր ես եմ քեզ ջուր և հույս հասցնողը, վաղը դու պիտի անես նույնը մեկ ուրիշի համար: Այսպես են ապաքինվում աշխարհի վերքերը, այսպես է երկիրը շարունակում պտտվել: Մարդուն մարդ է անհրաժեշտ, որ Աստծուն գտնի: Եվ Աստված հույս է…

Կենարար և առողջացնող հույս, որը շողարձակում է ամենամութ պահին: Աստված Ինքն է գտնում մարդուն, և դա անելու Նրա ուղիները տարբեր են: Երբեմն ուղին հենց մենք ենք, մենք են հույս ներշնչողը, Աստված մեր ձեռքերով է մեկ այլ մարդու հեռացնում անդունդի եզրից, նստեցնում նրան գետի ափին, խաղաղեցնում և ծաղիկներ նվիրում նրան: Այսպես մարդը վեր է կենում՝ պատրաստ շարունակելու իր ճանապարհը՝ կարևոր փորձառությամբ հարստացած:

Հուսահատությունը մահացու մեղք է: Ինչու՞… որովհետև հուսահատվելիս մարդը կորցնում է Աստծո հետ կապը, իսկ այդպիսի մարդը պատրաստ է ավելի խորը ընկղմվել ճահճի մեջ: Այդ է պատճառը, որ նույնիսկ ամենախորը ցավի, հիասթափության ու կորստի, վերքերի մեջ պիտի հիշենք, որ Աստված ներկա է, Նա հաղորդակից է մեր ապրումներին և ընտրում է մեզ օգնելու ուղին:

Մեզանում մեծ տարածում գտած մի միտք կա՝ հույսը վերջինն է մեռնում: Հույսը ոչ միայն վերջինը չի մեռնում, այլ ընդհանրապես չի ոչնչանում: Մենք ենք երբեմն դադարում այն տեսնելուց, բայց բավարար համբերատար լինելու դեպքում մենք կարող ենք տեսնել նրա ներկայությունն ու շողարձակումը մեր կողքին, մեր մեջ: Որովհետև Աստված հույս է, և Նա ամենուր է:

Պատրաստեց Անժելա Պողոսյանը

«Շողակն Արարատյան» ամսաթերթ