Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Հրաչյա Թամրազյան. Գովք հիմարության

- Եռաստիճան է, թե քառաստիճան
Սանդղակը մտքի - չի կարող ասել,
Ու հիմա, իբրև անիմաստ մի ջանք,
Խոսելու կիրք է իր մեջ արթնացել:
Ուսուցանելու անհեթեթ մարմաջ,
Որ անմիտներին թվում է անքեն,
Մունետիկներն այդ ամուլ արարման
Քարոզիչների դիմակ են հագել:
Օ, տգիտության կուրացնող նախանձ -
Քեզ տուրք են տալիս բազում «քերթողներ» -
Մի աղետաբեր, տարածվող աղանդ
Ու եռաստիճան մտքի թերթոններ:
Տգիտությունն այդ, սակայն, գույն չունի,
Բայց չունի, ավաղ, նա նաև սահման...
Չունենք մենք բախտն այն` ինչ հիմարն ունի,
Ու նրա համար այս է սահմանված:
Ու կիրքն այդ անել - իբրև մի մանրէ,
Ու միտքն այդ ամուլ - իբրև մի միջատ,
Չի կարողանում ոչինչ հնարել -
Մնում է անգույն, մնում է միջակ:
Ու պղտորվում է «ձիրքը» ձանձրալի
Այս անմտագույն օրերի հանգույն -
Ու այդ վարակը հորձանք է տալիս,
Ու հոսում է այդ կիրքը անհագուրդ:
Եվ նա փորձում է տողեր ներարկել
Երակների մեջ բյուր ընթերցողաց -
Բացում է բոլոր դռներն անարգել,
Փորձում է լիզել, փորձում է սողալ
Կյանքի հատակին, մինչ թևեր առնի
Ու միջատի պես ճախրի երկնքում -
Ապավինելով թևածող բառին,
Բայց իր երգերի խլուրդները կույր
Ոչինչ չեն տեսնում և հորատում են,
Եվ հողի մեջ են որոնում ուղին,
Ու նրանց հոռի հակումն է մատնում
Քաղաքի ձգվող, հսկա կոյուղին -
Իր մեջ առնելով այդ վարակածին
Եռքը արնապիղծ, կույր երակների -
Նրանք կենում են ոչ միայն հացիվ,
Այլ հանգերով և առանց հանգերի
Գծում են անմիտ, չանչավոր տողեր
Ու հղանում են հոծ բառակույտեր,
Բայց այդ հղացման վերջը ցնցող է -
Բայց վերջում նրանց... բառերը կուտեն...