Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Կոմիտաս. «Խումար պառկե»

Խումար պառկե երես բաց,
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա, դըմբա՛.
Դեղին կարպետ, բմբուլ բարձ:
Հո՛պ, հո՛պ, հո՛պպըտա, դըմբա՛.
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է,
Հե՜յ, հե՜յ, լավն է, հե՜յ, հե՜յ, լավն է:

Անուշ քնե՝ երես բաց,
Սահակն եկավ՝ խելք գնաց:

Հաջոնց բակն էր ղալդըրմա,
Աշնան թոխլին ղավուրմա:

Խաբար տարեք ըռեսին,
Աղջիկ բերե վեր մսին:

Հավարն ընկավ ըռեսին,
Գյադեք թափան վեր մսին:

Հերոն ուտեր, գիրանար,
Մկոն խմեր, ուրխանար:

Հաջոնց կալը բելերպար,
Խումար մեջը կխաղար:

Ծամեր թալուկ յուր հետև,
Կթռվռեր շատ թեթև:

«Հաստատ մնա մեր Հաջին,
Որ պահե մեր նոր փեսին»:

Գարնան բացվավ նոր լալա,
Խումար բերավ ջուխտ բալա:

Աչքդ լո՜ւյս, Հաջի՛ աղա,
Թոռներուդ հալա՛վ արա:

խումար - գեղեցիկի տպավորություն թողնող փոքր-ինչ շիլ, բայց
անուշ նայվածքով աչքեր։
հաջի - Երուսաղեմ ուխտի գնացած
թոխլի - մեկ տարին լրացած ոչխարի գառ
ղավուրմա - (կամ տհալ), Իր հյութով ու ճարպով տապակած միս,
որ կճուճի կամ փոքր կարասի մեջ լցնելով և յուղով
մինչև երեսը ծածկելով՝ պահում են ձմեռվա համար
ըռես - գյուղի տանուտեր, գյուղապետ
հալավ - շապիկ

Հայ ժողովրդական հարսանեկան կատակային «Խումար պառկե» պարերգն է՝ Արցախի «Վարարակն» երգչախմբի կատարմամբ։ Մշակումը՝ Կոմիտասի։
Խումարը բարբառներում նշանակում է գեղեցիկի տպավորություն թողնող փոքր-ինչ շիլ, բայց անուշ նայվածքով աչքեր։ Ահա, երգի հերոսուհին էլ ունի այդպիսի աչքեր։ Երգի հետագա խոսքերից հասկանում ենք, որ այդ օրը նրա հարսանիքն է։ Հնում յոթ օր, յոթ գիշեր տոնում էին նոր ընտանիքի կազմավորումը, անցկացնում խաղեր, մրցույթներ, առատ սեղան գցած ուրախանում, երգում ու պարում։ Ահա, այդ յոթ օրերից մեկն է։ Խումար աղջիկը ապրած հույզերից փախչելով մի պահ միայնության է ձգտում, որպեսզի ժողովի իր մտքերը։ Նա առանձնանում է հոր՝ Հաջոյենց կալում, պառկում այնտեղ փռված դեղին կարպետի վրա՝ գլուխը բմբուլե բարձին։ Մտքերով տարված չի էլ զգում, թե ինչպես անուշ քունն իջնում է աչքերին, երբ այդ կողմ է գալիս Սահակը՝ հավանաբար նրա փեսացուն, և քնած աղջկա գեղեցկությունից նրա խելքը գնում է։
Մինչ նորափեսան հիանում է իր հարսնացուի գեղեցկությամբ, գյուղացի տղամարդիկ հավաքվում են Հաջոյենց բակում և պատրաստվում են գառան մսով ղավուրմա պատրաստել։ Եվ մեկը մյուսին ձայն են տալիս, թե լուր ուղարկեք գյուղի տանուտերին, որ մի աղջիկ ուղարկի՝ ղավուրման պատրաստելու ու եփելու համար։ Այն էլ, մինչև լուրը հասնում է տանուտերին, տղամարդիկ չեն համբերում, հավաքվում են մսի շուրջ, գործի են անցնում, իրենց իմացած ձևով կերակուրը եփում ու խնջույքը սկսում։
Նրանցից Հերոն այնքան է ուտում, որ ստամոքսն ուռչում է, թվում է, թե գիրացել է։ Իսկ Մկոն գինին է շատ հավանում, խմում է ու զվարճանում։ Այդ խրախճանքի ձայներից, երգ ու պարի աղմուկից Խումարն է արթնանում ու Հաջոյենց՝ իր հայրական կալատեղում պար բռնում․ ծամերը մեջքին տված թռվռում է թեթև շարժումներով։
Նրան նկատում են հարսանքավորները և մաղթում, որ Աստված առողջ պահի Հաջոյին, որ թև ու թիկունք լինի իր փեսային։
Այսպես, մեծ ցնծությամբ անցավ հարսանիքը։ Իսկ գարնանը կակաչի բացվելու հետ Խումարը բերում է երկվորյակ զավակներ։ Եվ գյուղացիք աչքալուսանք են տալիս Հաջի աղային ու ասում, որ թոռներին շապիկներ նվիրելու ժամանակն է։

Աղբյուր՝ Արշակ Ադամյան