Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Բարերար գայլը

Անոթի Գայլը մտամոլոր պտտվում է անտառում, մեկ էլ տեսնում է` Նապաստակը քրտնքի մեջ կորած այնպես է փախչում, ասես աշխարհի վերջն է:

Գայլը ձայն է տալիս.

- Նապաստակ, ա՛յ Նապաստակ, կանգնիր, այդ ու՞ր ես այդպես սրտապատառ փախչում:

- Հապա ի՞նչ անեմ, Գայլ եղբայր, խեղճ գյուղացի եմ, Աղվեսը դարձել է հարկահավաք, եկել, տասը տարվա հարկն է պահանջում, ես էլ կին ու երեխաներ ունեմ, որտեղի՞ց տասը տարվա հարկ տամ: Գլուխս առա, որ փախչեմ, ազատվեմ:

- Դու տես է՜, - ասում է Գայլը, - խեղճ է գտել: Սպասիր, ես դրա հախից այնպես գամ, որ իմանա, թե ինչպես հարկ հավաքի խեղճ ու կրակներից: Արի, Նապաստակ, արի ինձ մոտ, քանի ես կամ, ոչ ոք քո մազին չի կարող դիպչել:

Խեղճ Նապաստակը շունչը տեղն է բերում, շտկվում է խեղճ դիրքից, գնում հպարտորեն կանգնում է Գայլի կողքին: Մեկ էլ Գայլը, հա՛փ, թաթով զարկում է, գետնին փռում Նապաստակին ու խժռում:

Փառավոր ճաշելուց հետո Գայլը սրբում է բերանն ու ասում ինքն իրեն.

- Այս էլ այսպես: Այսօր էլ բարերարություն արեցի: Հապա դու դրան տես, այդ Աղվեսին: Իզուր չի ասված. «Գելի անունն է դուրս եկել, աղվեսն է աշխարհը քանդում»:

Հայկական ժողովրդական հեքիաթ