Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Պատարագը Կոստան Զարյանի բառերով

Լալազարներ` բոցավառ սարկաւագներ,
ոսկեայ դաշտի ալեծուփ պատարագում
ուր ծնծղաձայն միջատներ եւ թռչուններ
մունջ օրերին ու ջուրերին տաղ են ասում։
Ձիթենիներ` կաթնադէմ մայրապետներ`
ծունր են դնում թրթըռող շղարշներով,
պայծառ օդին թորում են նոր ճաճանչները
ու շողերը բռնկում են արծաթներով։

Ճպուռները սղոցով ճռնչում են
հին սաղմոսներ ծառերում սարսռադող։
Շոճիները մտածկոտ առկայծում են
լիճի անուշ տրտունջը անհունաշող։
Պատարագ է, պատարագ, այսօր դաշտում`
ուր բոյսերը նորանոր շապիկներով
բուրվառներ են օրորում, խունկ են ծխում`
ցորեններին իրենց գլուխը խոնարհելով։