Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Վահագն Մուղնեցյան. Հիշիր Հայրենին

Մութ սարի մեջքին կախվել է ահա
Անլույս մի լուսին,-
Խավարի պատ է աչքերի առաջ
Անփորձ զինվորի,-
Սև մացառների սև ստվերները
Ոգիներ դարձած
Տարուբերվում են- շպրտվում են ետ
Կամ մղվում առաջ:
Ապա- լռություն, լռություն քարե,
Լռություն լկտի.
Երկու բոցավառ կարմիր լուսատու-
Աչքեր են գայլի…
Գոնե մի աստղ լողար երկնքում-
Լույս բերեր աչքին,
Գոնե մի վախկոտ նապաստակ լիներ
Զինվորի կողքին …
Տաք և կարեկից ձեռք իջավ ուսին,-
Ավագն էր անվախ,
Իր հենակետի կամքը ոգեղեն
Եվ զինվորը հին.
Նա էլ առաջին օրերը այսպես
Ամփոփել իր մեջ,
Նա էլ էր վախը խեղդել իր ներսում
Նման ամենքին …
Անփորձ զինվորի արյունը մրսած
Շարժվեց – տաքացավ,
Եվ լռության մեջ ավագի ձայնը
Զնգաց անմեկին.
– Եթե ուզում ես վախդ սպանել՝
Ձուլվիր քո զենքին,
– Եթե ուզում ես լույս լինի աչքիդ՝
Հիշիր Հայրենին …
Մեռնող խավարի խորքում խլրտաց
Քայլքը հեռացող,
Եվ հենակետի թիկունքում լողաց
Երգը զորացող.
Անլույս լուսատուն բոցկլտաց հանկարծ
Բարի աչքերով,
Անփորձ զինվորը ասես մեծացավ
Մի քանի տարով …
Մատները ամուր գրկեցին զենքը՝
Զենքը առնական,
Եվ զինվորն անփորձ հիշեց Հայրենին՝
Դարձավ զորական: