Այսպէս է ասում Տէրը. «Լսի՛ր, որդեա՛կ, իմաստո՛ւն եղիր եւ ուղղի՛ր քո սրտի խորհուրդները: Մի՛ եղիր հարբեցող եւ մի՛ նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին, որովհետեւ գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, եւ քնի մէջ թմրած ամէն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի» (Առակներ 23:19-21)

Նիկիայի Սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օր (325 թ.)

Նիկիայի Ա տիեզերական ժողովը գումարվել է 325թ-ին Բյուզանդական կայսր Մեծն Կոստանդիանոսի (306-337թթ.) հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու 318 հայրապետներ, այդ թվում Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը և եկեղեցու այլ նշանավոր եպիսկոպոսներ: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման շարժառիթն էր Ալեքսանդրիայի քահանա Արիոսի հերետիկոսական ուսմունքի քննությունը և դատապարտումը: Արիոսը քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից առաջ, Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: Միակ անծնունդը, հավիտենականը և անսկիզբը Հայր Աստվածն է: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված: Դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ՝ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները: Նա ժխտում էր Հիսուսի հավասարությունը Հայր Աստծո հետ և չէր ընդունում Հիսուսի Աստված լինելը: Այլ խոսքով Որդին չի եղել, այլ առաջացել է, այսինքն արարած է: Նրա համար Հիսուսը պարզապես գերմարդկային մի արարած էր:

Արիոսի այս վարդապետության դեմ դուրս է գալիս Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Ալեքսանդրը, որն իր քարոզներում շեշտում էր, թե՝ «Հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ են, Որդին համագո է Աստծո մեջ անսկիզբ կերպով, հավիտենական ծնունդ է, ծնված անծնունդից: Հայրը Որդուն չի նախորդում ոչ իսկ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ էլ՝ Որդին: Նույն էությունից է Որդին»:

Նիկիայի տիեզերական ժողովում մերժվում է Արիոսի մոլար ու հերետիկոսական շարժումը, դատապարտվում նրա վարդապետությունը և ընդունվում ուղղափառ դավանության հիմնական դրույթները պարունակող մի հավատո հանգանակ՝ Նիկիական հանգանակ: Այն, որպես դավանության հիմք, առ այսօր անխափան գործածվում է Հայ եկեղեցում, ասվում է Սբ. Պատարագի ընթացքում, Ավետարանի ընթերցումից անմիջապես հետո: Հավատամքի բովանդակած կետերը յուրաքանչյուր քրիստոնյայի համար քրիստոնեական հավատքի և դավանության բանաձևերն են: Հավատամքը բովանդակում է Աստծո, Որդու, Սուրբ Հոգու, եկեղեցու, մկրտության, մեղքի, մեռելների հարության, հավիտենական կյանքի, վերջին դատաստանի, Երկնքի թագավորության և հոգիների անմահության մասին քրիստոնեաների ունեցած հավատքն ու դավանությունը: Քրիստոնյաներս հավատում և դավանում ենք մեկ Աստծո, Ով ստեղծեց երկինքն ու երկիրը, տեսանելի և անտեսանելի բաները: Հավատում ենք մեկ Որդուն, որը ծնվել է Հոր էությունից և ճշմարիտ Աստված է. Նա ծնունդ է և ո՛չ արարած: Հավատում ենք միայն մեկ Սուրբ Հոգուն, որն անեղ է, անծին, և որը ներշնչեց և խոսեց մարգարեների և օրենքի միջոցով: Հավատում ենք մեկ եկեղեցու՝ ընդհանրական, առաքելական և սուրբ: Հավատում ենք մեկ մկրտությանը, ապաշխարությանը, մեղքերի թողությանը, մեռելների հարությանը, վերջին դատաստանին, Երկնքի թագավորությանը և հավիտենական կյանքին:

Նիկիայի ժողովում Արիոսի մոլար ուղղության դեմ, որպես ճշմարիտ դավանություն, Որդու համար հաստատվեց և բանաձևվեց. «Հավատում ենք Տեր Հիսուս Քրիստոսին՝ Աստծո Որդուն՝ ծնված Հայր Աստծուց՝ միածին, այսինքն՝ Հոր էությունից: Աստված՝ Աստծուց, լույս՝ լույսից, ճշմարիտ Աստված՝ ճշմարիտ Աստծուց, ծնունդ և ոչ՝ արարած: Նույն Ինքը՝ Հոր բնությունից, Որով ամեն ինչ եղավ երկնքում և երկրի վրա, երևելիներ ու աներևույթներ:

Նա է, որ մեզ՝ մարդկանց համար և մեր փրկության համար, երկնքից իջնելով, մարմնացավ, մարդացավ, Սուրբ Հոգով կատարելապես ծնվեց Սուրբ Կույս Մարիամից:

Որով վերցրեց մարմինը, հոգին ու միտքը և ամենայն ինչ, որ ունի մարդ՝ ճշմարտապես և ոչ՝ կարծեոք»:

Ժողովը ընդունել է վարչական բնույթի 20 կանոն, որոնք վերաբերում են դարձի եկած աղանդավորներին և եկեղեցու հետ նրանց փոխհարաբերություններին, ձեռնադրություններին և եկեղեցու նվիրապետական աստիճանների հետ կապված հարցերին՝ կաշառակերությանն ու վաշխառությանը, կիրակի օրն առանց ծնրադրելու՝ հոտնկայս աղոթելուն և այլն:

Նիկիո Ա տիեզերական ժողովը առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբանական և իմաստասիրական մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: Նիկիո Ա տիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ 4-րդ դարի ընթացքում:

Նիկիայի, ինչպես նաև մյուս երկու տիեզերական ժողովների հիշատակի օրը եկեղեցում երգվում են հայրապետներին նվիրված շարականներ, ուր նրանց ներբողն է հյուսվում որպես հավատի հիմքերը հաստատողների: Հայ եկեղեցին Նիկիո Ա տիեզերական ժողովի 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am