Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Լևոնիկն ու Դինոզավրիկը

Դասի ժամին 6-րդ Ա դասարանի տղաներն ու աղջիկները շարունակ չարություն էին անում, և երիտասարդ ուսուցչուհի ընկեր Մանուկյանը զայրանում էր նրանց վրա: Երեկոյան, երբ ընկեր Մանուկյանն արդեն տանն էր ու պատմում էր իր քրոջը, թե այսօր ինչպես է անցել իր դասը, երեխաներին «հրեշիկներ» անվանեց: Քույրը ծիծաղեց, ապա ինքն էլ մի քիչ զայրացավ. մի՞թե երեխաները հրեշիկներ են, ինչպե՞ս կարելի է նման բան ասել: Ընկեր Մանուկյանը լուրջ-լուրջ պատասխանեց.

- Լավ, եթե «հրեշիկը» քեզ դուր չեկավ, ուրեմն երեխաները դինոզավրիկներ են:

Ընկեր Մանուկյանը չգիտեր, որ իր դասարանում իսկապես մի փոքրիկ դինոզավրիկ կա: Նա միայն կատակ էր անում, բայց հրեշիկն իրականում գոյություն ուներ: Միայն թե այնքան խելոք ու լավն էր այդ հրեշիկը, որ ընկեր Մանուկյանի մտքով երբեք չէր անցնի, որ նա իրականում մի քիչ դինոզավրիկ է և ոչ թե ամբողջությամբ Լևոնիկ: Փոքրիկ դինոզավրիկը երևի աշխարհի ամենաբարի ու ամենաքնքուշ հրեշիկն էր: Նա ո՛չ փշեր ուներ, ո՛չ բերանից կրակ էր դուրս գալիս, ո՛չ էլ կանաչ էր: Նա ամենաիսկական Լևոնիկ էր: Ավելի ճիշտ` ծածկված էր Լևոնիկով: Եթե ընկեր Մանուկյանն իմանար, թե ինչեր են լինում աշխարհում… Իսկ աշխարհում ա՛յ այսպիսի բաներ են լինում…

Լևոնիկի քույրիկը շատ էր սիրում դպրոցական աշխատանքային տետրերը… դրանք այնքան գունավոր են, այնքան ոչ աշխատանքային… Ուղղակի ուզում ես վերցնել ձեռքդ ու շոյել, թերթել, երկար դիտել վրայի նկարը… Իսկ երբ քայլում ես գրախանութի վաճառասեղանների միջով և հրում ես մայրիկիդ ամեն անգամ նոր գույն տեսնելիս… Սիրտդ ուղղակի թրթռում է: Միայն օգոստոսի 30-31-ի համար թեկուզ արժե, որ մարդ դպրոց գա, որ սեպտեմբերի մեկ լինի:

Բայց Լևոնիկն այն երեխաներից չէր, որ սիրում են ամառային արձակուրդից հետո ծանոթանալ նոր գրքերին ու տետրերին: Եթե նա կարդար այս հեքիաթը, ապա հաստատ կվիճեր այն գրողի հետ ու կասեր, որ ինքը երբեք էլ գրքեր ու տետրեր չի սիրել: Ինքն այնպիսի հաճույքով կփոխեր իր դպրոցական նստարանը մի լավ համակարգչային խաղի հետ, որտեղ շատ դինոզավրեր, մոտոցիկլետներ ու հրացաններ կլինեն…

Սեպտեմբերի մեկին, երբ նա նստած էր համակարգչի առաջ ու ինքնամոռաց ինչ-որ խաղ էր խաղում, այնքան տարվեց խաղով, որ մոռացավ նույնիսկ ջուր խմել: Իսկ մայրիկն արդեն վաղուց պատրաստվում էր զայրանալ նրա վրա ու անջատել համակարգիչը:

- Մա՛մ, մա՛մ, ջուր տուր, էլի, մա՛մ,- շնչակտուր կանչեց Լևոնիկը, կարծես հենց նոր դինոզավրերի մի ամբողջ բանակի էր հաղթել:

- Լավ է գոնե հիշեցիր, որ ջուր պետք է խմել, թե չէ մեկ-մեկ մոռանում ես,- քմծիծաղ տվեց Լևոնիկի քույրիկը, որը հենց նոր լրացրել էր իր օրագիրը:

Լևոնիկն արդեն հասկացել էր, թե ինչ սխալ է գործել` մայրիկին կանչելով, բայց արդեն ուշ էր. մայրիկը եկավ խոհանոցից ու անջատեց համակարգիչը: Լևոնիկին չէր մխիթարում նույնիսկ այն, որ ջրի բաժակին մի կանաչ դինոզավրիկ էր պատկերված: Դինոզավրիկը ժպտում էր ու աչքով անում: Լևոնիկն այնքան էր բարկացել, որ կատաղությունից նույնիսկ լեզու հանեց բաժակի դինոզավրին: Պատկերացնու՞մ եք: Լևոնիկը կարծես լրիվ գժվել էր: Այդ պահին դինոզավրիկն սկսեց բացուխուփ անել աչքերը: Չէ, Լևոնիկը երևի իսկապես գժվել էր: Բայց նա չէր սխալվում, բաժակին նկարած դինոզավրիկն իսկապես բացուխուփ էր անում աչքերը: Նա ուղղակի չէր կարողանում հասկանալ, թե ինչու է այդ տարօրինակ տղան լեզու ցույց տալիս իրեն: Մի՞թե ուզում էր ապացուցել, որ ինքը լեզու ունի: Այդ ժամանակ դինոզավրիկը որոշեց ինքն էլ իր լեզուն ցույց տալ: Միայն թե նրա լեզուն դեռևս շատ մանկական ու փոքրիկ էր, նույնիսկ ավելի կարճ, քան Լևոնիկինը: Դինոզավրերն ընդհանրապես պարծենկոտ չեն լինում, բայց բաժակի դինոզավրիկն իրեն մի քիչ վատ զգաց, որ իր լեզուն ավելի կարճ է:

Այդ ժամանակ Լևոնիկն ուղղակի բարձրաձայն գոռաց վախից ու ձեռքից գցեց դինոզավրիկով բաժակը: Նա կարծում էր, որ ինքը շատ քաջ տղա է, որովհետև հենց նոր համակարգչային խաղի մեջ շատ հանցագործների էր սպանել, բայց հիմա վախեցավ ինչ-որ նկարովի դինոզավրից: Իսկ խեղճ դինոզավրիկի համար այնքան անակնկալ էր գետին ընկնելը, որ անսպասելիությունից նրա գլուխը պտտվեց, ու նա հանկարծ պոկվեց բաժակից: Բաժակն էլ ապակու բեկորների վերածվեց: Պատկերացրեք մի փոքրիկ, մի մատնաչափիկ-դինոզավրիկ` կարծես շոկոլադի տուփից դուրս եկած, հետն էլ զարմացած ու աչքերը չռած: Խեղճ դինոզավրիկն ինքն էլ քիչ չէր վախեցել ու հիմա փոքրիկ պոչը քաշել էր հետևի ոտքերի արանքը:

Այդ ժամանակ Լևոնիկի մայրիկն ու քույրիկը մի հինգ րոպեով դուրս էին եկել տանից, և նա մենակ էր մնացել: Լևոնիկն ուզում էր դուրս վազել, բայց մտածեց, որ դա ուղղակի ծիծաղելի կլինի. ո՞վ կհավատա, որ ինքը դինոզավր է տեսել, բաժակի վրայից աչքով անող նկարովի դինոզավր: Բայց մեկ է, Լևոնիկը բնազդաբար դուրս փախավ սենյակից: Մի քանի րոպե հետո նա վերջապես քաջություն հավաքեց ու որոշեց զգուշորեն նայել դռան արանքից: Որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ նորից տեսավ հատակի վրա հազիվ երևացող փոքիկ, զարմացած ու անօգնական դինոզավրիկին: Լևոնիկն այնքնան էլ չէր խղճում կենդանիներին: Ասենք` նա հեշտությամբ տրորում էր ամեն տեսակ միջատների ու առանձնապես ոչ զզվում էր, ոչ էլ վախենում: Բայց այս դեպքն ուրիշ էր: Լևոնիկն ուղղակի ցնցված էր: Նրա լեզուն ուղղակի կապ ընկավ, երբ դինոզավրիկը հանկարծ շուռ եկավ դռան ճռռոցի վրա, լայն բացված աչուկներով նայեց տղային ու ասաց.

- Կներեք, Դուք Լևոնիկն եք, չէ՞: Չե՞ք ասի` հենց նոր ի՞նչ կատարվեց ինձ հետ: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ուր անհետացավ իմ բնակարանը: Ես… ես շատ վախեցա, գլուխս էլ պտտվում է, և…

Լևոնիկի բերանը բաց էր մնացել, իսկապես, ատամնաբույժն ուղղակի կերազեր, որ իր մոտ գալիս նա կարողանար այդքան լայն բացել իր բերանը:

Այդպես սկսվեց Լևոնիկի ու Դինոզավրիկի ընկերությունը: Լևոնիկը խոստացավ օգնել նրան գտնել իր տունը, որովհետև Դինոզավրիկը շատ էր մրսում: Առաջին բանը, որ արեց տղան, Դինոզավրիկին բամբակով ծածկելն էր: Ապա երկու թեյի գդալ կաթ տվեց նրան, և, այ քեզ զարմանք, Դինոզավրիկը մի քիչ, մի կես եղունգաչափ մեծացավ:

-Շնորհակալություն, որ կերակրեցիր ու տաքացրիր ինձ, բայց ես առաջ երբեք ուտելու և ծածկվելու կարիք չեմ ունեցել: Այն ժամանակ, երբ ես ապրում էի բաժակի վրա, կյանքը բոլորովին ուրիշ էր: Եթե այսպես շարունակվի, և ես գնալով մեծանամ, չեմ տեղավորվի իմ բաժակի վրա. պետք է շուտ գտնել իմ տունը ,- անհանգստացավ Դինոզավրիկը:

-Մի՛ մտահոգվիր, ամեն բան լավ կլինի, ես անպայման մի բան կմտածեմ, և քեզ համար մի նոր տուն կսարքենք: Բաժակը ես կոտրեցի, ես էլ մի բան կանեմ,- հանգստացրեց նրան Լևոնիկը:

Այդ օրվանից նրանք շարունակ մտածում էին, թե որտեղ պետք է ապրի Դինոզավրիկը: Լևոնիկը նույնիսկ որոշեց իր համակարգչային խաղերից մեկի մեջ տեղավորել նրան: Երբ այդ միտքը հանկարծ չգիտես որտեղից եկավ նրա գլուխը, նա հուզված և ուրախ բացականչեց.

- Դինոզավրի՛կ, հասկացա, թե ինչ պետք է անենք: Դու կխցկվես մեր համակարգչի մեջ: Այնքան պստիկ ես, որ հաստատ քեզ համար մի փոքրիկ անցք կգտնվի: Այնտեղ կյանքն այնքան ուրախ է անցնում. ի~նչ ասես չկա: Հավատա, համակարգչում այնքան բան կա, որ դու քո բաժակի վրա երևակայել անգամ չէիր կարող: Ա՛յ, կտեսնես, թե ինչ լավն է լինելու քո նոր աշխարհը:

Դինոզավրիկը մտածմունքի մեջ ընկավ: Նա խնդրեց Լևոնիկին ցույց տալ այդ համակարգիչը: Նա չգիտեր` դա ինչ է, չնայած իր նախկին կյանքում երբեմն նրա տուն- բաժակը դնում էին այդ համակարգչի կողքին: Այն ժամանակ Դինոզավրիկը մտածում էր, որ համակարգիչն ինչ-որ կախարդական բան է, իսկ ինքը վախենում էր կախարդական բաներից: Երբ Լևոնիկը նրան համակարգչի մոտ տարավ, Դինոզավրիը շատ վախեցավ, բայց տղան բացատրեց նրան, որ վախենալու ոչ մի բան չկա: Նա միացրեց համակարգիչն ու բացեց իր ամենասիրած խաղերից մեկը, որտեղ տարբեր տեսակի կենդանիներ կային:

-Ա՛յ, այստեղ քեզ համար շատ լավ կլինի, դու կընկերանաս նրանցից ում հետ ուզում ես, ու ես կխաղամ քո ու ընկերներիդ հետ: Բայց այս խաղում հստակ կանոններր կան: Դու պետք է անպայման այս կամ այն թիմից լինես: Կա՛մ զինվորների, կա՛մ որսորդների, կա՛մ անտառի բնակիչների: Ասենք, զինվոր կամ որսորդ դու չես կարող լինել, որովհետև նախ կենդանի ես, հետո էլ շատ ես փոքրիկ: Դրա համար էլ պետք է անտառի բնակիչ լինես: Քեզ համար մի հարմար քարանձավ կգտնենք: Բայց պիտի շատ զգույշ լինես, որ որսորդները քեզ չսպանեն:

Դինոզավիրկը նայեց ուղիղ Լևոնիկի աչքերին, և տղան զգաց, թե ինչ սարսափելի բան ասաց ինքը:

- Բայց չէ՛, չէ՛, դու, կարող ես չանհանգստանալ, որովհետև ես թույլ չեմ տա, որ որսորդները քեզ սպանեն: Ես այնպես կխաղամ, որ քեզ ոչ մի վատ բան չի լինի:

Դինոզավիրկը, միևնույն է, վախենում էր: Բայց նա այնքան համեստ ու ամոթխած էր, որ չէր ուզում լրացուցիչ հոգս պատճառել Լևոնիկին, այդ պատճառով էլ համաձայնվեց: Լևոնիկն արդեն ուրախացել էր և սկսել էր համակարգչի մեջ խցկվելու մի հարմար անցք որոնել, երբ հանկարծ մի բան հիշեց.

- Ա~, ո~նց էի մոռացել, ախր չէ՞ որ դու չես կարող հայտնվել այդ խաղում: Չէ՞որ դու համակարգչի ծրագրում չկաս: Եթե այնտեղ մտնես` առանց ծրագրված լինելու, ապա ես չգիտեմ, թե ինչ կլինի: Երևի… դու չես կարողանա այնտեղ ապրել: Մեր ինֆորմատիկայի ուսուցչուհին ասում է, որ համակարգիչը ծրագրերով է աշխատում, և ամեն մի բան ունի իր ծրագիրը: Իսկ ես չեմ կարող փոխել այդ ծրագիրը: Ես… ես միայն խաղալ գիտեմ:

Դինոզավրիկն արդեն չգիտեր ուրախանալ, թե տխրել: Մի կողմից ուրախ էր, որ ստիպված չի լինելու այդ տարօրինակ արկղի մեջ խցկվել, մյուս կողմից էլ այդպես անտուն թափառել չէր ուզում: Չէ՞ որ նա բաժակի նկարովի դինոզավրիկ էր և սիրում էր օրեր շարունակ նստել իր տանը, նայել ջուր խմողների դեմքին ու մտածել:

Լևոնիկն արդեն չգիտեր ինչպես օգնել նրան: Չէր ուզում որևէ մեկին ասել իր դինոզավրիկ-բարեկամի մասին, ուզում էր մեծ տղայի պես ինքնուրույն լուծել իր խնդիրները: Բայց քանի որ նա այնքան էլ սովոր չէր որևէ բանի մասին մտածել, մտքով ոչ մի խելացի միտք չէր անցնում: Իսկ Դինոզավրիկը նրանից ավելի հնարամիտ գտնվեց:

- Լսի՛ր, Լևոնի՛կ,- ասաց նա,- երբ քո քույրիկը դաս էր սովորում, հաճախ էր իմ նկարով բաժակը ջրով լցնում ու դնում իր կողքին: Այդպես ես շարունակ լսում էի, որ նա կարդում էր տարբեր-տարբեր զարմանալի բաների մասին: Ես հասկացա, որ դպրոց կոչվող վայրում շատ հետաքրքիր բաներ են սովորեցնում: Ի՞նչ ես կարծում, կարելի՞ է դպրոցում հարցնել տունը կոտրած դինոզավրիկների համար նոր տուն կառուցելու հնարքների մասին:

Լևոնիկը մի պահ սկսեց մտածել: Նրան թվաց, որ դա ամենևին էլ լավագույն գաղափարը չէ: Բայց քանի որ իր գլխում ոչ մի ավելի լավ միտք չկար, ստիպված էր համաձայնվել:

- Լա՛վ,- ասաց նա,- համոզեցիր, բայց ինչպե՞ս անենք դա: Հո չե՞մ կարող ուղղակի գնալ ու հարցնել ուսուցիչներին բաժակի վրա ապրող դինոզավրիկների մասին: Ինձ բոլորը խելագարի տեղ կդնեն: Ավելի լավ է` մտի՛ր վերնաշապիկիս գրպանը, և մենք միասին դպրոց կգնանք: Վաղն աշխարհագրության դաս ունենք, և ուսուցչուհին մեզ խոստացել է երկրաշարժի մասին պատմել: Երբ երկրաշարժ է լինում, տները փուլ են գալիս, ինչպես կոտրվեց քո տունը: Ես կհարցնեմ ուսուցչուհուս, թե ինչպես են վարվում երկրաշարժից տուժածների ու անտուն մնացածների հետ: Գուցե հաջողվի՞ մի բան իմանալ…

Այդպես հաջորդ առավոտյան, Լևոնիկի գրպանում նստած, Դինոզավրիկը հայտնվեց ընկեր Մանուկյանի դասին: Լևոնիկն այդ օրը արտասովոր լուրջ ու հանգիստ էր: Դասարանի տղաները զարմանում էին, որ նա չէր միանում իրենց ու ամեն տեսակ չարաճճիություններ չէր անում: Լևոնիկին կարծես փոխել էին:

Այդ օրը ոչինչ չհաջողվեց պարզել: Դուրս եկավ, որ երկրաշարժը բաժակի կոտրվելուց բավական տարբեր բան է: Լևոնիկը հասկացավ, որ տարբեր բաներ են նաև տուժած մարդկանց առաջին օգնություն ցուցաբերելը, նրաց համար տներ կառուցելը և բաժակից պոկված նկարովի արարածի համար բնակարան գտնելը: Բայց նրանք չկորցրին ինչ-որ բան իմանալու հույսն ու հաջորդ առավոտյան նորից դպրոց եկան: Այս անգամ ընկեր Մանուկյանն էլ նկատեց, որ Լևոնիկն արտասովոր ջանասեր է դարձել և ուշադիր հետևում է դասին: Երբ դասամիջոցի զանգն արդեն հնչել էր, և աշակերտներտն արդեն ուզում էին վազվզել դասարանում, Լևոնիկը զգույշ ու մտահոգ վեր կացավ իր նստարանից: Այդ դասին էլ ոչինչ չէր հաջողվել իմանալ: Ընկեր Մանուկյանը նկատեց նրա մտահոգությունը և Լևոնիկին իր մոտ կանչեց:

- Ինչու՞ է չարաճճի Լևոնիկն այսօր այդպես մտածկոտ դարձել,- ծիծաղելով հարցրեց նա:

Լևոնիկը չգիտեր ինչ պատասխանել: Ուզում էր ամեն բան պատմել ուսուցչուհուն և խորհուրդ խնդրել նրանից, բայց վախենում էր, որ ընկեր Մանուկյանն իրեն չի հավատա: «Բայց ինչպե՞ս կարող է չհավատալ,- մտքում առարկում էր ինքն իրեն,- եթե չհավատա, Դինոզավրիը հո գրպանու՞մս է, կհանեմ ու ցույց կտամ նրան»: Լևոնիկը մի պահ ավելի լրջացավ, խոնարհեց գլուխը, ապա համարձակորեն հանկարծ վեր բարձրացրեց աչքերն ու ուղիղ նայեց ընկեր Մանուկյանի աչքերին:

- Ընկե՛ր Մանուկյան,- վճռական ձայնով ասաց նա,- կարելի՞ է Ձեզ հետ առանձին խոսել:

Բայց դասարանում արդեն առանց այդ էլ ոչ ոք չէր մնացել: Մեծ դասամիջոցն էր, ու բոլորը բուֆետում էին:

- Իհարկե կարելի է, Լևոն ջան, ես քեզ ուշադիր լսում եմ:

Առանց որևէ բան ասելու՝ Լևոնիկը ձեռքը տարավ գրպանն ու երկու մատով հանեց այնտեղից Դինոզավրիկին:

Ուսուցչուհին քիչ էր մնում` ուշաթափվեր, բայց կարողացավ տիրապետել իրեն:

Լևոնիկը պատմեց նրան Դինոզավրիկի պատմությունը: Ընկեր Մանուկյանը զգուշությամբ, մի քիչ վախվորած իր ձեռքն առավ Դինոզավրիկին ու ասաց.

- Կարծում եմ` ամեն բան ավելի հեշտ է, քան դու կարծում ես: Ինչու՞ նրան խցկել համակարգիչ, եթե նա ծնունդով այդ աշխարհից չէ: Դինոզավրիկն այնտեղ երջանիկ չի լինի: Մենք նրան հենց բաժակի վրա էլ կտեղավորենք:

Ընկեր Մանուկյանն ուսուցչանոցից մի փոքրիկ, սպիտակ բաժակ բերեց, մի քիչ սոսինձ լցրեց Դինոզավրիկի մեջքին, ապա մատով տարածեց սոսինձը և դինոզավրիկին փակցրեց բաժակի պատին:

Լևոնիկը չէր էլ կարծում, որ ամեն բան այսքան հեշտ ու այսքան լավ կարող է վերջանալ: Դինոզավրիկը շատ էր սազում բաժակին ու արդեն միայն գեղեցիկ նկար էր: Իսկ Լևոնիկն արդեն մտածում էր, թե ինչ դառնար դպրոցն ավարտելուց հետո. ծրագրավորո՞ղ, թե՞ ճարտարապետ…

Հեղինակ` փոքրիկ Մեսրոպի մայրիկ Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղբյուր՝ impoqrik.am