Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի քարոզ

«Մայր և կոյս, աղախին Քրիստոսի,

որ բարեխոսդ ես միշտ աշխարհի» (շարական):

​Սիրելի՛ հավատավոր հայորդիներ.

​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը:

​Որքա՜ն ենք ուրախանում մեր և մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք նրանցով, մեր կյանքում նրանց ներկայությամբ, որ Աստված նրանց պարգևել է մեզ: Ուստի որքա՜ն առավել մեծ ցնծության և ուրախության առիթ է, որքա՜ն օրհնություն է մեզ բոլորիս համար Աստվածամոր ծնունդը, որը ծնունդ տվեց համայն մարդկության Փրկչին: Նրա ծնունդն օրհնյալ է նաև, քանի որ նա բոլոր մարդկանց մեծագույն բարեխոսն է իր Որդու մոտ:

Նա անուշահոտություն է բուրում, որը յուրաքանչյուր քրիստոնյայի առաջնորդում է դեպի առաքինություններ: Նրա սիրտը ցավում է յուրաքանչյուրի անկման և մեղքերի համար: Նա ունկնդիր է յուրաքանչյուրի խնդրանքներին: Իր էությամբ նա մարդուն դրդում է միմիայն դեպի բարին, բարիք գործելուն, դրդում է մեղքերից ազատվելուն և մաքրվելուն: Ահա թե ինչպիսին է նա՝ մարդկության Աստվածածինը՝ քրիստոնեական օրինակելի կերպար: Նայելով նրան՝ քրիստոնյան պետք է անխոնջ կերպով պայքարի մեղքի դեմ և ձգտի բարություն անել: Մարդը կարող է հոգնել ճանապարհին, բայց Սուրբ Կույսի կերպարը մշտապես ոգեշնչող է, քաջալերող և գոտեպնդող:

Շատ կարևոր է քրիստոնյայի համար Մարիամ Աստվածածնի հայացքի առաջ ապրել իր կյանքը, անցկացնել կյանքի օրերը: Ինչո՞ւ, որովհետև մոր աչքի առաջ երեխան ապահով է: Մայրը ուշադիր է երեխայի ընկնելուց, ընկնելու դեպքում թույլ չի տալիս, որ երեխան շատ լաց լինի, օգնում է, բարձրացնում նրան, հանգստացնում է, սրբում նրա արցունքները: Այդպես էլ Տիրամոր հայացքն է մեզ համար: Բարեխոսության աղոթքով նրան դիմելիս կարող ենք վստահ լինել, որ նա թույլ չի տա սխալվել, սխալվելու և մեղանչելու դեպքում էլ կօգնի ոտքի կանգնել, ընկած չմնալ, չընթանալ անհայտ ու մոլոր ճամփաներով, ուժ ու զորություն ստանալ Երկնային Տիրոջից՝ կյանքի ընթացքը ճիշտ շարունակելու համար: Ամեն մայր իր զավակի համար լավագույնն է ուզում, այդպես էլ Սուրբ Կույսը մեզանից յուրաքանչյուրի համար լավագույնն է ուզում: Ցանկանում է, որ մենք առաքինի լինենք: Մոր աչքը իր զավակի հանդեպ շատ ուշադիր է, կանխատեսում է վտանգը և զգուշացնում: Ուժ է տալիս իր զավակներին և խորհուրդներ: Տխրության պահին մխիթարում է և գոտեպնդում:

Մարդը կյանքի տարբեր իրավիճակներում հենարան է փնտրում և հենվում ծնողների աջակցության կամ ունեցվածքի վրա, բարեկամների կամ ծանոթների վրա, սեփական իմաստության վրա, բայց ամենահիմնավոր հենասյունը մարդու համար միմիայն Աստված է, և դեպի այդ հենարանը տանողը Աստվածածնի բարեխոսությունն է մեզ համար: Ու սա կասկածից վեր է, որովհետև ամեն մի քրիստոնյա իր կյանքում զգացել և տեսել է, թե ինչ պատվար ու հենարան է Սուրբ Կույսին դիմելը, իր աղոթքի պատասխանը ստանալը:

Աստվածամոր բարեխոսությունը Աստծո առաջ արդեն իսկ հոգատարություն ու խնամք է մեզանից յուրաքանչյուրի համար, որովհետև նա մեզ համար միշտ բարին է կամենում: Սուրբ Մարիամը քաջության, համբերատարության, հեզության և խոնարհության մարմնացում է և մեզ նույնպես սովորեցնում է լինել քաջ, համբերատար, հեզ ու խոնարհ, չընկճվել ու չվհատվել, չհուսահատվել և չհիասթափվել, այլ հարատևել քրիստոնեական պատվիրանների կատարման մեջ, անմնացորդ կերպով հավատալ և վստահել Աստծուն: Երբեք Ավետարանում չերևաց նրա վհատությունը: Նա աննկարագրելի ուրախության մեծագույն աղբյուր է: Նրան դիմելիս ցրվում են մարդու խավար մտքերը, տխրությունը տեղի է տալիս, լույսի շող է բացվում, հույսն է լուսավորում մարդու միտքը, անդորր է իջնում մարդու սրտին և խաղաղություն է տիրում նրա հոգում:

​Աստվածածինը, որպես Անկեզ մորենի, Աստծու Որդուն իր մեջ ունենալով, չայրվեց ու չմոխրացավ: Մենք էլ պետք է մեր մեջ Աստծուն ունենանք՝ մարմնավորելով Աստծո սերն ու խոսքը: Ուստի, սիրելինե՛ր, Նրա նման ձգտենք կատարել մեր կյանքի թեկուզ փոքրիկ առաքելությունը, ձգտենք հեզ ու խոնարհ լինել, լույս դառնալ ուրիշների համար, այլոց մոտ մարդկանց մասին բարին խոսենք և ոչ թե չարախոսենք, աղոթենք նրանց համար, ովքեր խնդրել են մեզ կամ մեր աղոթքի կարիքն ունեն: Յուրաքանչյուր քրիստոնյա, մեղքերից հեռու մնալով և բարիք գործելով, օրհնության է արժանացնում իրեն, իր ծնողներին և իր զավակներին: Այնպես ապրենք, որ օրհնության արժանանանք և արժանացնենք մեր հարազատներին:

Շնորհավորում եմ բոլոր Մարիամներին իրենց անվանակոչության տոնի առթիվ: Արժանի լինե՛ք ձեր անվանը: Սուրբ Մարիամ Աստվածածինը թող մշտապես բարեխոս լինի ոչ միայն ձեր, այլև բոլորիս համար:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am