Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Սեյրան Մալխասյան․ Լռություն Տիրոջ

Լռություն կամքի, լռություն սիրո,
Լռություն թախծի, որ չունի եզերք,
Լռություն բախտի, որ կամքն է Տիրոջ,
Եվ խաղաղության մեղմ ու անեզերք:
Խրոխտ ու դաժան արհամարհանքի,
Մտասևեռման խորունկ լռություն,
Լռություն պատիժ հայցող հանցանքի
Ու մտախավար խոր ատելության:

Անտիկ օրերի համր լռություն,
Որ աչքի համար անտես է ու սին,
Սակայն պատմում է, թե ոնց անարյուն
Տրոյա մտավ Ոդիսևսի ձին,
Ու թե ինչպես են բուրգեր կառուցել
Հին Եգիպտոսի փարավոնները,
Ո՞նց է քարի մեջ մարդը ագուցել
Անտիկ աշխարհի արարումները…

Լռություն անցած ժամանակների,
Անմարդաբնակ քարայրի անծայր,
Անտես ու հեռու մոլորակների,
Եվ աճող շիվի, որ դառնում է ծառ,
Հույսի, հավատի ու անմեղ սիրո,
Ու անեզրական սուրբ հավատամքի,
Օծված մկրտման անաղարտ Լույսով
Եվ արցունքներով ապաշխարանքի…

Համրախոս ծովի ու համր ձկան,
Ու խորհրդավոր մութ անձավների,
Եվ խոսքի, որում կա յոթ հարցական,
Որ դեռ կարոտ են պատասխանների…

Եվ կան երևի այլ լռություններ
Անհասանելի մահկանացուին,
Սակայն չլողանք տիրույթները հեռ,
Թողած լռության ծանոթ անցուղին: