Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Մեղք, որ կոչվում է հայհոյություն

Սկսենք Աստծո խոսքով. երբ Հիսուս Քրիստոսը փարիսեցիներին քարոզում էր, նրանց ասաց. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն»:

Այս թերթիկի նպատակն է հայորդիներին զգուշացնել շատերի համար սովորական դարձաց, բայց մարդու հոգին կործանող այդ մեղքի մասին, որն այնքա՜ն է տարածվել ներկայիս սերնդի մարդկանց մեջ, որ արդեն դարձել է առօրյա, մինչև անգամ՝ ընտանեկան խոսելակերպ:

Ու եթե ուշադիր էք կարդացել, ապա նկատած կլինեք, որ չարիք համարվող այդ բոլոր մեղքերի հետ համահավասար դրվեց նաև հայհոյության մեղքը, որը հայելու նման արտացոլում է մարդու սրտի ապականված վիճակը, որովհետև մարդու բերանը իր սրտի միջի եղածից է խոսում:

Եվ այսպես, հայհոյության այդ դիվական ախտը օգտագործողները ամե՛ն օր, ամե՛ն ժամ, զանցառու են դառնում Տիրոջ երկու մեծագույն պատվիրանների հանդեպ, որոնք անձամբ Հիսուսն է սովորեցրել.

«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով»: Եվ երկրորդ. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Մատթ. ԻԲ 37):

Եւ երբ մի մարդ հայհոյում է մեկ ուրիշի, դրանով իսկ նա խախտում է այս երկու պատվիրանները միաժամանակ: Ըստ Աստվածաշնչի, մարդը ԱՍՏԾՈ պատկերով ու նմանությամբ է ստեղծված, հետևաբար ինչպես ԱՍՏԾՈՒՆ սիրող մեկը կարող է հայհոյել ԱՍՏԾՈ պատկերն ունեցող մեկ ուրիշի՝ դրանով իսկ անարգելով նրա Ստեղծողը:

Ավա՜ղ, մենք լավ գիտենք, թե այդ հայհոյության ախտը ինչ սարսափելի և դառն ավերածություննեեր գործեց քրիստոնյա մեր ազգի մեջ. մարդիկ, որոնք իրենց շուրթերով մի ժամանակ ԱՍՏԾՈՒՆ էին օրհնաբանում, այսօր Տիրոջ ճանապարհներից խոտորված՝ ուրախացնում են սատանային:

Այս ապականացու ախտը այն աստիճան է առօրյականացել, որ նույնիսկ մեր մանուկներն են սկսել պղծվել այդ միջավայրից, և անգամ հենց իրենց ծնողների գարշահոտ հայհոյանքներից: Ինքս եմ անձամբ լսել, թե ինչպես են այսպես կոչված «բարի» կամ «հանաքչի» քեռիները մանուկներին պղծաշուրթ դարձնում՝ զանազան «անմեղ» համարվող հայհոյություններ սովորեցնելով: Մի անգամ, երբ կայարանում ընկերոջս էի ճանապարհում, ամբոխի մեջ կանգնած, միջին տարիքի մի հայր, իր գրկի 3-4 տարեկան թոթովախոս երեխային ասաց. «Բալիկ ջան, այս տյոտյային մի լավ բան ասա». մատնացույց անելով իր բարեկամուհիներից մեկին: Ես, որ պատահաբար նրանց կողքին էի, ինքս ինձ մտորում էի, թե ինչ լավ բան կարող է ասել այդ «մի մատ» երեխան: Հանկարծ, այդ կաթնկեր ու հրեշտականման երեխայի բերանից մի այնպիսի զազրելի ու կոպիտ, տղամարդուն բնորոշ հայհոյություն լսեցի, որ ամբողջ հոգիս տակնուվրա եղավ այդ նողկալի խոսքերից: Պակաս նողկալի չեր և տեսարանը. ներկաները, այդ թվում և «տյոտյան», սկսեցին գռեհկորեն հռհռալ ու գովել երեխային, որն էլ դրանից ոգևորվելով, հայհոյանքների ավելի սարսափելի տարափ տեղաց, նրանց հետ ուրախանալով: Ավելի ուշ, հոգևոր մի գրքում կարդացի սրա նման մի այլ դեպքի մասին, որտեղ ցույց էր տրված նաև այդ արարքի սոսկալի հետևանքը: Ահա այդ պատմությունը. «Ասում են, որ Հռոմում ապրող մի մարդ կար, որը մի որդի ուներ և շատ սիրելով նրան այնքան էր երես տվել, որ նա այլևս չկարողանալով զսպել իրեն, հայհոյում էր, երբ ինչ որ բան դուրը չէր գալիս: Եվ նա այն աստիճան հանդգնացավ, որ սկսեց Աստծո սրբությունների դեմ բերան բացել, իսկ հայրը չէր հանդիմանում նրան: Ու եղավ այնպես, որ այդ ժամանակ սկսվեց ժանտախտ տարածվել այդտեղ: Դրանով վարակված տղան իր հոր ձեռքերի մեջ էր, ու դևերը ուզում էին խլել նրա մեղավոր հոգին: Տեսնելով նրանց, փոքրիկը սարսափից ու ահից սկսեց գոռալ. «Հայրի՛կ, հայրի՛կ, ինձ դրանց ձեռքից ազատիր»: Անհանգստացած հայրը հարցրեց ն2րան. «Ի՞նչ ես տեսնում տղաս»: Որդին պատասխանեց. «Ահա սարսափելի գազաններ են եկել և ուզում են տանել ինձ»: Եվ սկսեց հայհոյել կեղտոտ բառերով ու նույն ժամին աղերսախառն ճչոցով մեռավ հոր գրկում»:

Այս պատմությունը թող սթափեցնի թե՛ հայհոյողներին և թե՛ այն ծնողներին, որոնք անտարբերությամբ են նայում հոգեկործան այդ մեղքին:

Հովհաննես Ոսկեբերանը այս առիթով ասել է. «Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, ավելի քիչ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան»:

Երբ մարդ հայհոյում է, դրանով իսկ ապականում էր իր բերանը, որը Աստծուց տրված է օրհնության ու աղոթքի համար, իսկ մենք պղծելով այն, դժոխքի խորխորատ ենք դարձնում: Հակոբոս առաքյալը դրանց նմանների համար գրում է. «Լեզվով օրհնում ենք Տիրոջը և Հորը և նրանով անիծում (հայհոյում) ենք մարդկանց, որ ստեղծվեցին ԱՍՏԾՈ նմանությամբ: Նույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծքներ (հայհոյանքներ): Եղբայրնե՛ր իմ, պետք չէ, որ դա այդպես լինի: Մի՞թե մի աղբյուր նույն ակից քաղցր ու դառը ջուր կբխեցնի» (Հակ. Գ. 9-11):

Եվ հետո, այս մեղքով տառապողները թող իմանան, որ մեր մարդասեր Արարիչն ամեն աշխարհ եկող մարդու համար մի-մի սուրբ հրեշտակ է կարգել մեր հոգիների պահպանության համար: Ուրեմն մեր խոսքով ու արարքներով չտրտմեցնենք Տիրոջ խոնարհ, բայց և զորեղ լուսեղեն հրեշտակներին, որոնք տեսնում ու լսում են ամեն բան, նույնիսկ մեր ծածուկ գործածները: Հիշենք նաև, որ նրանք մեր անաչառ վկաները պիտի լինեն Աստծո ահեղ Դատաստանի ժամանակ: Իսկ առայժմ նրանք, ւարեկցելով, ըստ Գրիգոր Նարեկացու, բարեխոսում են մեզ համար, հառաչաձայն երգելով. «Ողորմյա, Տե՛ր, Դու ստեղծեցիր, Դու մի՛ կործանիր»:

Աստծո առաքյալը հայհոյողներին նմանեցնում է անբան անասունների, իսկ Գրիգորիս վարդապետը այդ մասին ասում է. «Հայհոյանքը ավելի ծանր է ամեն տեսակ մեղքից և Աստծուն դնում է բարկության մեջ, որովհետև այլ են այն մեղքերը, որ մարդիկ ծածուկ են գործում ու միայն իրենք գիտեն, և մեղք գործելիս վախից հալումաշ են լինում՝ չլինի թե մեկը տեսնի իրենց և հանդիմանի: Մինչդեռ հայհոյանքը բացահայտ մեղք և բոլորին մեղքի մղող լիրբ անօրենություն է և պղծում է իր ու լսողի հոգին: Եվ թող մեկը չասի, թե հայհոյանքը խոսքով մեղանչելուց ծանր մի բան չէ: Մանավանդ կանանց հայհոյանքը ավելի է զայրացնում Աստծուն և պատուհաս բերում աշխարհին»:

Աստծո խոսքը նաև զգուշացնում է զավակներին. «Անիծյալ լինի նա, ով իր հոր կամ մոր դեմ հայհոյություն կանի» (Գիրք Օրենքի 27:16):

Հովհաննես Երզնկացին, որպես հոգիների բժիշկ, ժողովրդին նույնպես զգուշացրել է այդ ախտավոր մեղքի սարսափելի հետևանքների մասին. «Մեծ և անքավելի մեղք է հայհոյանքը և ավելի չար, քան Ադամից մինչև այսօր բոլոր հերձվածները, որոնք նզովված: Մեծագույն հերձված է հայհոյանքը, որը բոլոր մոռացված մեղքերն ու չարիքները կրկին հիշել է տալիս ԱՍՏԾՈՒՆ, հրեշտակներին ու սրբերին, դողացնում է ԱՍՏԾՈ արարածներին և գարշելի ու զազիր հոտով լցնում է երկիրը: Հայհոյանքները փակում են ԱՍՏԾՈ ողորմության դուռը, թույլ չեն տալիս Արարչին, որ ողորմած աչքով նայի իր արարածներին և դրանով արգելք են հանդիսանում սրբերին, որ բարեխոս լինեն աշխարհի համար: Դև ու սատանա են կոչում այդպիսիներին, մինչև որ դառնան չար սովորությունից և պահքով, աղոթքով ու ողորմությամբ քավեն իրենց մեղքերը և Քրիստոսի շնորհով արդարանան: Այս խրատը ավանդում ենք քրիստոնյաներին այդ մեծ ու ահեղ մեղքերի համար, որպեսզի հրաժարվեն նման չար ու հիմար սովորությունից»:

Նաև տեղին է Ավետարանից հիշել, որ Հիսուսի հետ խաչված ավազակներից մեկը նույնպես հայհոյեց Նրան, ասելով. «Դու չե՞ս Քրիստոսը, փրկի՛ր ինքդ քեզ և մեզ»: Իսկ նրա հետ խաչված ընկերը, սաստելով նրան, պատասխան տվեց և ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դո՛ւ, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»: Եվ ասաց Հիսուսին. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությունով»: Եվ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. ԻԳ. 39-42):

Ահա ամենաուսանելի ավետարանական դեպքերից մեկը, թե ինչպես հայհոյության ախտով տառապող ավազակը իր սրտի չարությունից բխած լուտանքների պատճառով ապաշխարանքի ու ներման չարժանացավ, իսկ իր նման հանցագործ ավազակը վախեցավ ԱՍՏԾՈՒՑ և հայհոյությամբ չբացեց իր բերանը, և դեռ ավելին՝ զղջումով խոստովանելով, համարձակվեց Հիսուսից խնդրել, որ իրեն էլ հիշի, երբ արքայությամբ գա: Ու այդ մի զղջումով և ԱՍՏԾՈ հանդեպ ունեցած վախով նա Հիսուսից լսեց դրախտ մտնելու երանելի խոստումը:

Որպես վերջաբան ուզում եմ պատմել ևս մի եղելություն, կապված Հայրենական պատերազմի մասնակցի հետ: Ահա այդ պատմությունը. «Մենք ճակատի առաջավոր գծում էինք: Ժամանակավոր խաղաղություն էր տիրում: Վաշտով ճաշելուց հետո ազատ էինք: Դեհ իհարկե, ծխողի սովորության համաձայն ուտելուց հետո հաճելի էր մի-մի մախորկա քաշելը: Ես վառեցի ծխախոտս ու դեռ մի քանի ծուխ չքաշած՝ մի շեկ զինվոր մոտեցավ ու ծխախոտ ուզեց: Ասացի նրան, որ սպասի՝ մի քիչ ծխեմ ու մնացորդը իրեն տամ. դա տարածված սովորություն էր բանակում: Դեմ դիմաց կանգնած ծխում էի, հանկարծ նա առանց պատճառի սկսեց ինչ որ բանից դժգոհել ու չարացած հայհոյեց Աստծուն: Ես սրտնեղած ասացի. «Մի՞թե չես վախենում, պատերազմի ժամանակ, երբ ամեն րոպե կարող է մեռնենք, դու Աստծուն ես հայհոյում»: Նա ուշադրություն չդարձնելով ասածներիս, էլ ավելի թունդ հայհոյանք տվեց, այս անգամ Տիրամորը: Ես բարկացած ուզում էի թողնել հեռանալ այդ պղծաշուրթ մարդուց, բայց հենց նույն պահին մի կրակոց լսվեց, ու մինչ երկուսս էլ կհասցնեինք կռանալ, մեկ էլ թիկունքից գնդակի ուժգին հարված զգացի «կասկայիս». վրա: Կարծեցի թե՛ վերջ, մահս եկավ... երբ ուշքի եկա շշմեցնող հարվածից, աչքերս բացեցի, ու ի՛նչ տեսնեմ. հարվածից «կասկաս» պտտվել էր գլխիս վրա, իսկ գնդակը, որ ինձ էր ուղղված, կպչելով «կասկայիս» թեքեց ուղղությունը ու մխրճվեց այդ զինվորի ճակատի հենց մեջտեղը. նա մի քանի անգամ բաց ու խուփ արեց հենց նոր հայհոյող բերանը, ու անշնչացած փլվեց ոտքերիս առաջ: Ես խիստ սարսափեցի ԱՍՏԾՈ այդ ահեղ պատժից, որը չուշացավ, ու խաչակնքվելով փառք տվի ԱՍՏԾՈՒՆ, որ ինձ մահից փրկեց»:

------------------
Նկարագրված պատմություններն ու խրատները թող սթափեցնեն հայհոյալից բերաններով հայորդիներին, որոնք դրանով իսկ իրենց շուրթերը դարձնում են թարախածոր ու ապականված, ու ամեն օր հարատևելով այդ մեղքի մեջ, նրանք արհամարհում են այն համբերությունն ու քաղցրությունը, որ իրենց սիրող Աստվածը դեռ շարունակում է ցուցաբերել իրենց հանդեպ, բայց չմոռանաք, որ ԱՍՏՎԱԾ նաև մաշող կրակ է և սարսափելի պիտի է լինի Նրա Դատաստանը մեղքը սիրող յուրաքանչյուր արարածի հանդեպ, և Աստվածաշնչի վերջում է գրված է.

«Հինգերորդ հրեշտակն իր սկավառակը թափեց գազանի գահի վրա. և գազանի թագավորությունը խավար դարձավ. մարդիկ ցավից իրենց լեզուներն էին կծոտում: Եվ իրենց ցավերի ու դառն ախտի պատճառով հայհոյեցին երկնքի Աստծուն, և սակայն չապաշխարեցին իրենց գործերից» (Հայտնություն ԺԶ. 10-11): Եւ դարձյալ. «Ահա գալիս եմ շուտով, եվ ինձ հետ է իմ վարձը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի»:

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան
Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վարժարանի
կրոնի ուսուցիչ

Աղբյուր՝ Armenianhouse.org