Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Համբարձում Խաչանյան. Կենսագրություն

Համբարձում Միսակի Խաչանյան (փետրվարի 13, 1894, Տրապիզոն, Թուրքիա - հուլիսի 30, 1944 կամ հունիսի 30, 1944, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1935)։

Համբարձում Խաչանյանը ծնվել է Տրապիզոնում, սակայն մեկ տարեկան հասակում տեղափոխվել է Սիմֆերոպոլ։ Այստեղ ավարտել է հայկական ծխական դպրոցի չորս դասարանները, այնուհետև ուսանել է տեղի ռուսական քաղաքային դպրոցում, որը հոր մահից հետո թողել է անավարտ, և ապա հետագայում ավարտել էքստերն կարգով։ Սափրիչ Միսակը, ով նաև թատերական կեղծամներ պատրաստող էր, որդուն հաճախ է տարել թատրոն՝ նրա մեջ արթնացնելով սեր դեպի բեմն ու թատրոնը։ Եվ շուտով պատանի Համբարձումը դառնում է աշակերտական ներկայացումների մասնակիցը Եկատերինոդարում (Կրասնոդար), ուր միաժամանակ ապրել է Խաչանյանների ընտանիքը։ Տարիների հետո Համբարձումը ստանում է նաև մասնագիտական կրթություն։ Նա 1917 թվականին գերազանց գնահատականներով ավարտում է Սիմֆերոպոլի կինոդերասանական ստուդիան։ 1919 թվականին Սիմֆերոպոլում ավարտել է Նիկիտինի մասնավոր կինոստուդիան։


1-ին շարք` Գուրգեն Ջանիբեկյան, Բագրատ Մուրադյան, Մկրտիչ Ջանան: 2-րդ շարք` Ավետ Ավետիսյան, Վաղարշ Վաղարշյան, Արուս Ոսկանյան, Հրաչյա Ներսիսյան: 3-րդ շարք` Օրի Բունիաթյան, Համբարձում Խաչանյան, 1925 թվական

Խաչանյանը դառնում է դերասան՝ Բաթում, Սուխում, Կրասնոդար, Սիմֆերոպոլ և այլ քաղաքներում հանդես գալով ռուսական, երբեմն նաև հայկական թատերախմբերի հետ։ Հենց Բաթումում խաղալիս էլ, 1922 թվականին, նրան տեսնում ու գնահատում է Վահրամ Փափազյանը և երիտասարդին իր հետ բերում Երևան։ Խաչանյանը դառնում է Առաջին պետթատրոնի դերասան:

Խաչանյանը հայկական առաջին պետթատրոնի և ազգային կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1922 թվականից աշխատել է ներկայիս Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում (Առաջին պետթատրոն) (1933-1935 թվականներին՝ Երևանի բանվորական թատրոնում)։ 1925 թվականից նկարահանվել է Հայկինոյում։ Ցայտուն անհատականության կատակերգակ-արտիստ Խաչանյանին բնորոշ էր հոգեբանական նրբերանգներով հագեցած, սոցիալական նկարագրով հուզիչ, գեղարվեստորեն հավաստի խաղ թե դրամատիկական թատրոնում, թե կինոյում։ Լավագույն դերերից են՝ Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան», 1922, 1934), Գրումիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը», 1923), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1927, 1933), Ռասպլյուև (Աուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1933), Սչաստլիվցև (Ալեքսանդր Օստրովսկու «Անտառ», 1935), Ֆալստաֆ (Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք» 1939), Աբիսողոմ աղա («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի, 1941), կինոէկրանում՝ Բադալ («Նամուս», 1925), Խդո («Զարե», 1926), Շոր («Շոր և Շորշոր», 1926), Սադրազամ («Խասփուշ», 1927), Խեչան («Մեքսիկական դիպլոմատներ», 1931), Կիկոս («Կիկոս», 1933), Դարչո («Պեպո», 1935), Տեր-Պողոս («Սևանի ձկնորսները», 1938), Նազար («Քաշ Նազար», 1940)։

Խաղացած դերերը թատրոնում

Առլեքին՝ «Միմոս», 1922 թվական
Պանդոլֆոն՝ Կ. Գոլդոնիի «Մրցանակով հարսանիք», 1944 թվական
Սգանարել՝ Մոլիերի «Դոն Ժուան»
Սանչո Պանսա՝ Ա. Լունաչարսկու «Ազատագրված Դոն Կիխոտ»
Ռասպլյուև՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը»
Ֆալստաֆ՝ Վ. Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», 1939 թվական
Սչաստլիվցև՝ Ա. Օստրովսկու «Անտառ»

Խաղացած դերերը կինոյում

1925 - Բադալ՝ «Նամուս»
1926 - Խդո՝ «Զարե»
1926 - Շոր՝ «Շոր և Շորշոր»
1927 - ծառա՝ «Չար ոգի»
1927 - վարչապետ՝ «Խասփուշ»
1928 - Կարմիր բանակային՝ «Հինգն էլ խնձորին»
1930 - դռնապան՝ «Կիմը հերթապահ»
1931 - Կիկոս՝ «Կիկոս»
1932 - Ստեփանյան՝ «Անբանը»
1932 - Խեչան՝ «Մեքսիկական դիպլոմատներ»
1933 - դպրոցի պահակ Խաչան՝ «Լույս և ստվերներ»
1935 - Դարչո՝ «Պեպո»
1938 - հայր Պողոս՝ «Սևանի ձկնորսները»
1940 - Քաջ Նազար՝ «Քաջ Նազար»

Գրականություն Համբարձում Խաչանյանի մասին

Հետադարձ հայացք, գիրք երկրորդ, 1957 թվական
«Երևան», հունվարի 8, 1930 թվական
Խորհրդային արվեստ, N8, 1934 թվական
Խորհրդային Հայաստան, N32, 1927 թվական
Լևոն Քալանթար, Արվեստի մայրուղիներում, 1963 թվական
Դանիել Դզնունի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԽԱՉԱՆՅԱՆ, («Հայաստան» հրատարակչություն, Հայկական թատերական ընկերություն), Երևան, 1967 թվական

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի