Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Խաչվերացի մեռելոցի քարոզ

«Յետին թշնամին խափանի՝ մահ»:

«Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15:26):

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Խաչվերացը: Այն խաչին նվիրված հերթական տոներից է, իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օր է: Ցավոք, մարդիկ հաճախ, անտեսելով տոնի ուրախությունը, այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Այնինչ հարկավոր է տոնի օրը ուրախանալ, իսկ հաջորդ օրը միայն հիշել սիրելի ննջեցյալներին, որովհետև Խաչվերացը խաչի բարձրացման, գերությունից վերադարձի տոնն է: Խաչվերացը խաչի փառավորումն է՝ ի դեմս Խաչյալի: Երբ եկեղեցին տոներ է սահմանել տերունական նշանավոր իրադարձությունների համար, նշանակում է հերթական անգամ մարդկանց փորձել է հիշեցնել և ազդարարել Աստծո փրկագործության ծրագրի մասին, որը վերաբերում է Իր արարչագործության թագ ու պսակը համարվող մարդուն: Ինչպես ողջ արարչագործության իշխան կարգեց մարդուն և Իր ստեղծած աշխարհը դրեց մարդու տնօրինության տակ, այնպես էլ Իր Միածին Որդու խաչելությամբ և զոհաբերությամբ Իր հետ հաշտեցրեց մեղավոր մարդուն, ջնջեց նրա մեղքերը և հարություն խոստացավ նրան: Ուստի Սուրբ Խաչի տոնի բերած ուրախությամբ պետք է ուրախանալ, ինչպես ուրախացան Տիրոջ խաչափայտը գտնողները, գերությունից վերադարձնողները, քանի որ խաչի տոները հանրահռչակում են Աստծո խաչվելու մեծագույն նշանակությունը մարդկանց փրկության գործում:

Սուրբ Գրիգոր Նարեկացին նկարագրում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչելության ժամանակ կրած աննկարագրելի տառապանքների օգնությամբ և խաչի նշանով մարդու ընդդիմամարտելն ու պայքարելը չարի հնարքների դեմ (Մատյան ողբերգության, Բան ԿԶ), որ խաչի նշանի զորությամբ և Աստծո Որդու կրած չարչարանքներով կպահպանվի և կպաշտպանվի մարդը, կզորանա մեղքի դեմ պայքարելիս, չի կործանվի, չի սայթաքի, Աստծով կմարտնչի, չի ընկնի սատանայի լարած թակարդների մեջ, չի խեղճանա, որովհետև Իր հետ Ամենակարող Աստված է, որ հաղթանակ է տարել խաչի մահվամբ:

Սա նշանակում է, որ Իր խաչելությամբ Աստված հզորացրեց մեզ՝ մահկանացուներիս: Խաչելությունը ինքնին, կարելի է ասել, անքննելի խորհուրդ է: Մարդը անխելք կլինի, եթե չգիտակցի դա ու չզորանա Քրիստոսով: Ահա թե ինչու խաչակնքվելը մեծ ուժ ու կարողություն է հաղորդում խաչակնքվողին և խաչին ապավինողին, որովհետև այդ խաչով Տերը ոչ միայն մեզ երկնքից զորացնում է, այլև երկրից դեպի երկինք է բարձրացնում: Խաչը նման է այն սանդուղքին, որ Հակոբը տեսավ իր երազում, որ դեպի երկինք էր ձգվում: Մենք սիրում ենք խաչեր կանգնեցնել ճանապարհներին, լեռների գագաթներին և հպարտանալ դրանցով, սակայն կարևորը խաչի իրական արժեքը մտքով հասկանալն է, սրտում Խաչյալին ընդունելն է և հոգով ու էությամբ՝ խաչապաշտ համարվելը:

Խաչ ասելով՝ մարդիկ կարող են պատկերացնել միայն չարչարանքներ, տանջանք, սակայն այն առաջին հերթին սիրո նշան է և մարդու հանդեպ Աստծո սիրո մեծ խորհուրդն ունի իր մեջ: Քրիստոս՝ մեր Տերը, խաչվեց ու չարչարվեց մեր մեղքերի համար: Որքան մռայլ էին Նրա և Նրան սիրողների ու հետևորդների համար այդ ժամերն ու օրերը, այնքան և էլ առավել ուրախալի է այսօր Սուրբ և Անմահ պատարագը մեզ համար: Այն ընդհանրապես տխրելու առիթ չէ, այլ միմիայն հոգու ցնծության հրավեր է, քանի որ Տերն Ինքն է հրավիրում մեզ Իր պատարագին՝ հաղորդվելու Իր կենարար Մարմնին և Արյանը: Ամեն կիրակի՝ Պատարագի ընթացքում, մենք աղոթում ենք ոչ միայն միմյանց համար, այլև այն բոլոր ի Տեր ննջածների համար. «Ընդհանուր ամենայն հաւատացելոց՝ արանց և կանանց, ծերոց և տղայոց և ամենայն չափու հասակի հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս ննջեցելոցն եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք» (Պատարագամատույց):

Մենք աղոթում ենք մեր բոլոր ննջեցյալների համար, որոնք մեր աղոթքի կարիքն ունեն: Բնականաբար բոլորը չէ, որ ննջել են ամուր հավատքով: Սակայն ինչպես հիվանդության պարագայում, այնպես էլ այս դեպքում մեր աղոթքն ավելի ջերմեռանդ է դառնում մեր ննջեցյալ հարազատների համար, մենք ավելի հաճախ ենք բարիք գործում և ողորմություն տալիս նրանց հոգիների փրկության համար, որպեսզի մեր սիրելիներն էլ Աստծո կողմից արժանանան գթության: Քրիստոս ոտնակոխ արեց մահը, հարություն պարգևեց մեզ, ուստի հաղթանակած խաչին ապավինելով՝ հուսանք, որ մեր աղոթքները լսելի կլինեն Աստծուն, մեր ննջեցյալների հոգիները խաղաղություն կգտնեն երկնային օթևաններում և ողորմության կարժանանան համընդհանուր հարության ժամանակ: Այսօր՝ հոգեհանգստյան այս պատարագին, խնդրում ենք «հանգիստ՝ հաւատով և սրբութեամբ ի Քրիստոս կատարելոցն. եղիցի յիշատակ ի սուրբ պատարագս, աղաչեմք»:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

14.09.20

Աղբյուր՝ Surbzoravor.am