Եղիշե Չարենց․ Վերջին աղոթք
Աղոթարան
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռասելի «Չարենցը` մարգարե» հոդվածում ներկայացված են նաև Եղիշե Չարենցի` 1936 թ.-ի հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին գրած «Վերջին աղոթք» և «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» անտիպ ստեղծագործությունները:
Վերջին աղոթք
Տե՛ր իմ, - էությո՜ւն իմ, - հարազատ իմ, - այսինքն`
Ա՛յն, որ չունեմ կյանքում և չեմ ունեցել, -
Ա՛յն, որ միակն է ողջ կյանքում այս կամեցել
Լինել ինձ հետ այնպե՜ս հենց, ինչպես իր հետ ինքը, -
Չե՞ս զարմանում, Տե՛ր իմ, որ ես դիմում եմ քեզ,
Ես` բանաստեղծս անահ և մարտընչողս արի`
Յուրաքանչյուր նյարդով կապված այս վեհ դարիս
Յուրաքանչյուր <………….> կրկնապատիկ հրկեզ, -
Տարօրինա՞կ է, չէ՞, որ ես դիմում եմ քեզ` -
Աստվածային վերին ճանապարհի
Ինչ-որ` սրտի՛ս նման անգյուտ ու բարի,
Արարածի` թերևս անզո՛ր ինձ պես…
Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ
Անապատում` ահեղ սամումների ժամին`
Քարավանի տերերն արնաշաղախ -
Թողած այնքան ուշիմ ու խորամիտ
Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին
Բնազդին են կառչում - և գտնում ուղի…
Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո
Տետրապտիքոս
Ա
Ինչպես դարեր առաջ - վկան Նարեկացի, -
Քեզ եմ հղում ես ողբըս, ով Արարիչ,
Ես` մեղսավոր քերթողըս աստվածարյալ դարի, -
Ողջակիզյալ արյունս վարակածին…
Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ Այգաբացի
Մայրամուտի փոխվեց արյունալիճ, -
Ուր մեր Ա՛րևն է նոր սուզվում արյունալի,
Որպես կարմիր գլուխ գլխատվածի…
Բորբ աչքերում սակայն հավատացյալ բյուրոց
Ծովածավալ արյան ցոլքը շռայլածին -
Ցոլանում է, իբրև ցոլք ցնծության մերո: -
Եվ - արեգակն է հին վերադառնում դարձյալ`
Արևմուտքից` ինչպես մահվան նաշից հառնած
Ղազարեի նման - արևը ետ դառնա…
Բ
Եվ ես դիմում եմ քեզ, ով Արարիչ, դարձյալ,
Ինչպես վկան մեր հին Նարեկացին, -
Քանզի` կարոտ ոգու և անարյուն Հացի, -
Տեսնում եմ լոկ - Կացին արեգնացյալ: -
Իբրև մի նոր վկա վաղուց աստվածարյալ`
Ես` երկրային` երկրին լոկ հավատացի, -
Չկամեցա, Աստված - ես` ինձանից բացի,
Ոչ գոյություն` ինձ պես գեթ կատարյալ:
Ես անսացի միայն - իմ հանճարի ձայնին: -
Ճանաչեցի լոկ նյութն ինքնարարիչ, -
Եվ` հանճարիս ուժով` ենթարկեցի այն ինձ: -
Եվ - թունավոր ինքյան, որպես կարիճ`
Ահա կանգնած եմ - զուրկ անգամ դժնի հացից, -
Եվ կախված է գլխիս - մի արեգնյալ կացին: -
Գ
Եվ ես - տխուր, ինչպես վկան Նարեկացի`
Ե՛վ զարհուրյալ այնպես, և` մենակյաց`
Զարհուրելի կյանքի հանդեպ անօգ կանգնած`
Ես ո՛ւմ դիմեմ, ո՛վ Տեր, - արդ` Քեզանից բացի:
Ինչո`ւ այսպես անօգ ես մնացի,
Եվ այնքան բորբ` հանկարծ անվերադարձ հանգավ, -
Անդրդվելի հավատս` դեպի գալի՛քն անգամ,
Եվ ինձ գերող ներկան - դարձավ անծիր:
Եվ ներբողներս` հղած ծագող Այգաբացին, -
Արեգակին և՛ իմ, և՛ իմ արյամբ առկայծ, -
Ողբ ու տրտունջ դարձան և փոխվեցին լացի:
Կյանքն եմ մեռած արդյոք ոգեկոչում դարձյալ, -
Երազելով, որ այն վերադառնա`
Ղազարոսի նման - մահվան նաշից հառնած…
Դ
Քե՛զ եմ կանչում ես արդ, ինչպես Նարեկացին`
Հղում եմ ողբըս Քեզ` սրտիս խորքից, -
Ինչպես շյուղն է հղում շունչն իր Նորքից -
Իբրև տեսիլք` Հեռվում հառնած Արագածին…
Ինչպես դողդոջ մի շյուղ բարակածիլ`
Մի երգեցիկ ցողուն - օվկիանում բերքի`
Ես դաշտերում անծի՛ր իմ հրկիզյալ Երկրի, -
Արձագանք չեմ լսում իմ երգածի…
Բայց ես գիտեմ, որ դու՛ շնչով ստեղծարար,
Ինչպես անձրև վարար անեզրական արտում, -
Ո՛չ մի մժեղ, կամ շյուղ - չես թողնելու ծարավ…
Ես - երգեցիկ եղեգ, - ինչո՛ւ այսքան տրտում
Պիտի դողամ լույսիդ անեզրության հանդեպ,
Երբ երբեք չե՛ս եղել դու այդքան նենգ…
Աղբյուր՝ Movsisyannune.com