Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Մուրացանի նամակը կնոջը

Միակ սիրած Ոսկիս,

Երեկ մի նամակ եմ գրել քեզ, որի բովանդակությունից շատ քիչ բան եմ հիշում, բայց այսքանը գիտեմ, որ խիստ հուզված դրության մեջ եմ գրել և քեզ վրդովելու համար բավական անզգույշ։

Իրավունք ունեի արդյոք հուզվելու, թե ոչ, չգիտեմ, բայց որ իրավունք չունեի քո արդի խաղաղությունը վրդովելու, այդ հաստատ գիտեմ։ Քո մի ավուր ուրախության համար ես պատրաստ եմ ամեն տեսակ վշտեր տարիներով տանելու, միայն թե այդ վշտերի մեջ քեզ չսիրված լինելու հզոր վիշտը չլիներ․․․․

Այդ կետն է, ահա, մոլորեցրել իմ առողջ դատողությունը, ես զղջում եմ։ Այդ միակ մտածմունքը, թե իմ նամակը պիտի տխրեցնի քեզ, սիրտս տակնուվրա է անում, թուլություն է այս, թե անսահման սիրո ուժգնություն, չգիտեմ։ Միայն թե մինչև քեզնից նամակ ստանալս այդ դրությունս կտիրե ինձ։

Մի ուրիշ կին, որի սիրտը չէ վրդովվել երբեք սիրո սուրբ կրակով և չէ զգացվել ազնիվ կարեկցությամբ, կարող էր ի չարը գործ դնել իմ թուլությունը՝ ոտնակոխ անելով այն գողտրիկ զգացումը, որ ստիպում է ինձ զղջալ՝ սիրածս անձին ուղղված խիստ խոսքերիս համար։ Բայց դու իհարկե այդպես խստասիրտ չես, դու սիրում ես ինձ, ուրեմն և առավել կարեկցությամբ, քան խստությամբ կդատես ինձ։ Այդ քո պարտն է, և իմ ակնկալությունը։

Որքան հիշում եմ, քեզանից թղթեր, նամակներ եմ պահանջել, ոչինչ մի ղրկիր, ոչինչ չեմ կամենում։ Այժմ արդեն ամեն հուզմունք անցել է։ Սիրտս խաղաղ և լուռ է, ինչպես մի ցուրտ գերեզման՝ գիշերային լուսնի աղոտ լույսով լուսավորված․ այդ նվազ լույսն այն քաղցր հույսն է, թե դու դեռ սիրում ես ինձ․․․ Ինչպես հանգիստ է շուրջս ամեն բան․ էլ ոչինչ չէ վրդովում ինձ։ Ամենքի վրա նայում եմ խաղաղ աչքով։ Ամենքին էլ ներում եմ․․․ Մնաս բարյավ իմ ի սրտե սիրեցյալ աննման Ոսկի։

Քո Գրիգոր

17 ապրիլի, 1891 թ․, Թիֆլիս

Աղբյուր՝ vnews.am