Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Վահագն Մուղնեցյան. Հայաստանս

Ես ինչպե՞ս գիտեմ Հայաստանս.
Հայահոլով, հի՜ն պանդուխտի երգ,
Քարացած թախիծ՝ ծովից այն կողմ,
Կիսատ մնացած կռունկի կանչ:
Ես ինչպես գիտեմ Հայաստանս.
Մի մեծ, մի փոքրիկ քարե խրճիթ,
Ջրի շիթ՝ լեզուն քարից հանած,
Ամեն քարի տակ՝ մի մանկան ճիչ:
Ամեն քարի տակ մի պուտ արյուն
Եվ մի թանկ անուն անմահացած,
Եվ քարից ծլած Յոթ աղբոր արյուն՝
Ծաղիկ, որ ուրիշ հողում չէ բուսած:
Ամեն բլրի տակ բերդի պատեր,-
Նշանագրեր, քարագրեր
Եվ սեպագրեր քարալեզու,-
Պատմության շավղից դուրս շպրտված…
Ես ինչպե՞ս գիտեմ Հայաստանս.
Քաղաքամայրեր տասնյակ ու բյուր,
Որ անուններ են լոկ մնացած,
Եվ կարոտ ուսած քարակույտեր:
Ես ինչպե՞ս գիտեմ Հայաստանս.
Չորացած ծառին՝ դեղին տերև,
Գետակներ՝ վաղուց ձնհալի կարոտ,
Տատրակներ՝ մրսած, անտուն, անթև …
Ու ինչպե՞ս գիտեմ Հայաստանս.
Մեր հազարամյա խաչքարերի հետ
Բողբոջումների ներդաշնակ երգ,
Հեռուներ ձգտող մեծ գետերի
Վտակներ ունի Հայաստանս,
Ու մեր սարերը սեգ հովիտների
Հորիզոնները, հեռուներն ուսած՝
Տիեզերական ճախրանքների
Ակունքներ ունի Հայաստանս:
Ինչպես Վահագնը Աստվածահայր,
Հարդագողի իր ճամփան բռնած՝
Երկինքներ տանող շավիղների
Սկիզբներ ունի Հայաստանս…
Ու ինչպե՞ս գիտեմ Հայաստանս.
Մի մեծ տիեզերք, փոքր երկինք,
Գարուններ ամեն խրճիթի տակ …
Աշխարհին ընծա պատմության գիրք: