Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Մարտիրոս Սարյանի արձանը՝ արվեստի այգում

Մարտիրոս Սարյան
Քանդակագործ` Լ. Թոքմաջյան
Ճարտարապետ՝ Ա. Թարխանյան
Մարմար, 1986թ.
Սարյանի պուրակ

Երևանի հենց սրտում` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ կա մի զբոսայգի, ուր ամեն օր արվեստի գունազարդ շունչն է օդում պարում… Խոսքն ամենատարբեր կտավների բացօթյա ցուցահանդես-վաճառքի մասին է` Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Այգու կենտրոնում կանգնեցված է իր տեսակով տարբերվող և քաղաքին նոր շունչ պարգևող մի արձան: Ինչու տարբերվող, քանի որ արձանաշատ Երևանում եզակիներից է, որ սպիտակ մարմարից է կերտված: Արձանի հեղինակները Լևոն Թոքմաջյանն ու Արթուր Թարխանյանն են:


Մարտիրոս Սարյան (1988-1972)

Նստած է վարպետը` ներկապնակն ու վրձինը ձեռքին. անունը` Մարտիրոս Սարյան… նրան համարում են մեր գեղանկարչության գլխավոր կերպարներից մեկը, հայրը, նախապապը…. Նա բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում` Մոսկվայում, Փարիզում, Վիեննայում, Վենետիկում, Կոպենհագենում, Նյու Յորքում, Ֆինլանդիայում: Մի քանի շրջաններից բաղկացած ստեղծագործական կյանքի սկզբում Սարյանը պատկերում էր հեքիաթային և սիմվոլիկ կերպարներ, ապա կոմպոզիցիաները դառնում են ավելի լակոնիկ, ազգային մոտիվները ստանում են ժամանակակից արտահայտություն: Երբ սկսում է ճամփորդել Արևելքի երկրներով, արտահայտում է իր երազներում ձևավորված հոգևոր հայրենիքը: Հաջորդում են նատյուրմորտները, ծաղիկները և Մարտիրոս Սարյանի արվեստում տեղ են գտնում հիանալի դիմանկարներ, թատերական ներկայացումների և գրքերի ձևավորումներ: Նա մինչև վերջ շարունակում է պատկերել հայրենի բնությունը: Ահա վարպետի հզոր և անկրկնելի անհատականությունը: Իսկ, հետաքրքիր է, նկատե՞լ եք, որ նա բոբիկ է.ա՛յ, մյուս անգամ անցնելուց ուշադրություն դարձրեք: Գաղափարն այն է, որ նա ամուր կապերով կապված էր իր հող ու ջրին, իր հայրենիքին… դրա համար էլ բոբիկ է, որ հնարավորինս մոտ զգա հողին, և իր անսահման սերն արտահայտի կտավների մեջ:

Մարտիրոս Սարյան, Ծառի մոտ,
1907թ.

Մարտիրոս Սարյան, Արմավենի, 1911թ.

Մարտիրոս Սարյան, Կեսօր, 1910թ.

Արդյունքն ու ապացույցը նրա արևոտ Հայաստանը պատկերող ստեղծագործություններն են… տաք գույներով ու շնչով: Արձանի բացումը տեղի է ունեցել 1986 թ. մայիսի 19-ին: Եվ հետաքրքիր է, որ հենց այդ իրադարձությունից հետո են այստեղ սկսել հավաքվել երիտասարդ նկարիչներ` դարձնելով վայրը Երևանյան Մոնմարտր: Ոչ շատ հեռու գտնվող Կազիրյոկ սրճարանն էլ ժամանակի արվեստագետների հավաքատեղիներից մեկն էր: Արվեստասեր երիտասարդները շրջապատում էին նրանց, լսում, խորհուրդներ հարցնում և հիանում նրանցով, ձգտում նրանց` ինչպես թիթեռները ծաղկի շուրջ….Պուրակն այսօր հետաքրքիր վայր է նաև զբոսաշրջիկների համար:

Նկարներից շատերն ունեն հայկական շունչ: Կան Արարատը պատկերող նկարներ: Նկարիչներից մեկն ասաց, որ գնորդները հիմնականում որպես նվեր երկրից դուրս են ուղարկում նկարները:

Օրն արվեստի այգում մոտեցավ իր վերջաբանին: Նկարիչները հավաքում են կտավները: Ոմանք ժպտում են կյանքին և սպասում նոր բացվող օրվան: Ոմանց դեմքին միշտ միևնույն արտահայտությունն է դրոշմված. միգուցե այսօր էլ չլուծեցին հացի խնդիրը… Իսկ Սարյանը իր բարձունքից նայում է հույսով, որ արևը կժպտա իր տաք շողերով բոլորի ճանապարհին…

Հեղինակ՝ Արևիկ Մախսուդյան

Աղբյուր՝ Arvestagir.am