Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Հրաչյա Թամրազյան․ Նվագարան

Քո ամեն ապրած պահի մեջ դարձյալ
Արտացոլանք է քո կյանքը տալիս,
Որ քեզ թվում է չապրված անցյալ,
Թափառող ներկա ու թաքուն գալիք,

Անվերջ հորինվող անավարտ վիպակ,
Քո մասին հյուսվող թաքուն բնագիր,
Ուր ամեն մի խոսք, ուր ամեն մի պահ
Դառնում է հոսող մի ճակատագիր,

Որ ընթանում է քո թարմ հետքերով
Եվ քո հետքերն է նշում գալիքում՝
Դեպի նշանն այդ ուղիդ թեքելով
Ու թաքցնելով թիրախներն իր կույր:

Այդ ամենը մի կյանք է զուգահեռ՝
Բոլոր թելերով քո կյանքին հյուսված՝
Հուզազեղումից խենթացող բառեր,
Արտակենտրոն ու արևահյուսակ:

Այնտեղ են կյանքի հղացքներն ահեղ,
Ու այդ արարման շունչն է քեզ գերում,
Ու այդ պահերն են, ու այդ բառերն են,
Որ բաբախում են քո տաք քունքերում:

Ու արարվում է մայր բնագիրը,
Որ մեզ բոլորիս իրար է կապում,
Որ քեզ թվում է, թե գիտես անգիր,
Թե վերապրում ես օրերդ անփույթ...

Ամենն անցնում է, ու միայն հետո
Հասկանում ես, որ դու չես արարել՝
Արևահյուսակ ու Արտակենտրոն,
Կույր զեղումներից խենթացած բառեր,

Այլ միացել ես մայր քներակին,
Ու քեզնից դուրս է քո կյանքը հոսում՝
Հորձանքի նման լայնահուն, հանգիստ,
Ու դու հեռացող ձայներ ես որսում

Ինքդ քո ետքից հասնելու համար,
Սակայն այդպես էլ երբեք չես հասնում,
Ու մնում է այդ վիպակն անավարտ,
Ու դու հեռացման խոսքեր ես ասում,

Որ հնչում են քո խոսքին հարակից,
Որ հոսում են քո կյանքին զուգահեռ,
Դառնալով արդեն մի այլ բնագիր,
Այլ մեկնության ու արթնության պահեր՝

Որ գոյությունդ նոր կյանք արարի
Այն թաքուն խորքում, որ սեր է համակ՝
Դիպչելով այն խոր նվագարանին,
Որ հնչելու է, բայց ոչ քեզ համար...