Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Մետաքսյա Սիմոնյան. Կենսագրություն

Մետաքսյա Միհրանի Սիմոնյան (փետրվարի 21, 1926 կամ հունվարի 21, 1926[1], Աշխաբադ, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 11, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի ու թատրոնի հայ խորհրդային դերասանուհի, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1950)։

Կենսագրություն

Մետաքսյա Սիմոնյանը ծնվել է Աշխաբադում։ 1933 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1948 թ.-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը (ղեկավար՝ Վարդան Աճեմյան)։ Նույն թվականին հրավիրվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն։ 1968 թ.-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1983 թվականից)։

Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ խաղացել է զվարթ ու կենսախինդ Կատերինայի (Ֆեոդոր Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս»), խոհուն և սիրառատ Անանիի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1950 թվական), Նինան (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես», Արբենինի դերում՝ Վահրամ Փափազյան)։ Նինայի դերակատարումն աչքի է ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ։

Նախընտրելով ճակատագրական կնոջ և նրա իրավունքների թեման՝ Սիմոնյանը հայ թատրոնում շարունակել է Արուս Ոսկանյանի և Ռուզաննա Վարդանյանի ստեղծած ավանդույթները։ Նույն հաջողությամբ հանդես է եկել նաև ռուսական, արևմտաեվրոպական և հայ հեղինակների պիեսներում, խաղացել և՜ կատակերգական, և՜ ողբերգական դերեր։ Գեղեցիկ ձայնի, կանացի ու արտիստական մեծ հմայքի շնորհիվ Սիմոնյանը տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ. Շուրա (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլչովը և ուրիշներ»), Դեզդեմոնա, Ջուլիետ, Կորդելիա (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ», «Լիր արքա»), Սուսան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Հուդիթ (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Նուարդ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Կատրին Լեֆևր (Վիկտորիեն Սարդուի և Էժեզիպ Մորոյի «Մադամ Սան-Ժեն»), Մարթա (Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից», վերջին դերը) և այլն։

Ստեղծագործական կյանքի բարձունքին Սիմոնյանը խաղացել է Նաստասյա Ֆիլիպովնայի (ըստ Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշը» վեպի) դերը, որն իր հոգեկերտվածքով բացառիկ անհատականություն է համաշխարհային գրականության կանանց կերպարների շարքում։ Դերասանուհու մարմնավորած Նաստասյա Ֆիլիպովնան հակասությունների շիկացած հանգույց էր. նրա կերպարում շեշտված էին սերն ու ատելությունը, հոգու վսեմությունն ու խռովքը, հաշտվողականությունն ու ընդվզումը, ազնվությունն ու անառակությունը։ «Այսպիսի Նաստասյա Ֆիլիպովնա ես կուզեի տեսնել մեր թատրոնում», - ասել է ռուս անվանի ռեժիսոր Գեորգի Տովստոնոգովը։

Սիմոնյանը նկարահանվել է կինոյում («Անահիտ», 1947 թվական, «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվական, «Ո՞ւմ է ժպտում կյանքը», 1957 թվական, «Թռիչք անդունդի վրայով», 1959 թվական, «Ջրերը բարձրանում են», 1962 թվական, «Կամոյի վերջին սխրանքը», 1973 թվական, բոլորը՝ Հայֆիլմ, «Սայաթ-Նովա», 1960 թվական, հեռուստաֆիլմ, և այլն)։ Հանդես է եկել նաև ասմունքով. ունեցել է հարուստ երկացանկ՝ արևելահայ և արևմտահայ գրողների ստեղծագործություններից։ Խաղացել է ռադիո- և հեռուստատեսային ներկայացումներում։ Սիմոնյանը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում և այլուր։

Ֆիլմագրություն

1947 - «Անահիտ» - Անահիտ
1949 - «Արարատյան դաշտի աղջիկը» - Անուշ
1954 - «Մանրուք» (կարճամետրաժ) - Վարդուհի
1955 - «Հասցեատիրոջ որոնումները» - Մանուշ
1957 - «Ում է ժպտում կյանքը» - Զարուհի
1959 - «Նրա երևակայությունը (Սթափ գինի)» - բուժքույր
1959 - «Թռիչք անդունդի վրայով» - Գայանե
1960 - «Սայաթ-Նովա» - Աննա
1962 - «Ջրերը բարձրանում են» - Արև
1971 - «Խաթաբալա» - էպիզոդիկ դեր
1973 - «Կամոյի վերջին սխրանքը» - Արշա
1978 - «Հուսո աստղ» - էպիզոդիկ դեր
1979 - «Ամենալավ մարդը» - էպիզոդիկ դեր
1983 - «Տերը» - էպիզոդիկ դեր

Պարգևներ և մրցանակներ

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965 թվականի մարտի 11)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981)
Ստալինյան մրցանակ (1950) ՝ «Այս աստղերը մերն են» ներկայացման համար
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1956 թվականի հունիսի 27)
Ժողովուրդների բարեկամության շքանշան (1986 թվականի օգոստոսի 22)

Մետաքսյա Սիմոնյանի հուշատախտակը Երևանում

Հիշատակ

Երևանի Աբովյան փողոցի թիվ 20 շենքի պատին փակցվել է Մետաքսյա Սիմոնյանին նվիրված հուշատախտակ:
Հայաստանում ամեն տարի հանձնվում է Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» մրցանակը:

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության «Մեր Մեծերը» հաղորդաշարի