Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Օլգա Թումանյան. Հովհաննեսի սիրող ու գթասիրտ կինը

Հովհաննես Թումանյանն ու Օլգա Մաճկալյանը 10 զավակ են ունեցել։ Այդ առիթով մի հայտնի կատակ կա. մի օր Թումանյանի կինը բողոքում է ամուսնուն, ասում՝ քիչ ես տանը լինում, կարոտում են… Թումանյանն էլ, ի պատասխան կնոջ խոսքերին, հակադարձում է. «չեմ եղել, չեմ եղել, հո՞ մի 10 անգամ եղել եմ…»:

Այսօր կպատմենք Օլգա Մաճկալյանի և Հովհաննես Թումանյանի ծանոթության ու սիրո պատմությունը։

Օլգան …

Օլգա Մաճկալյանը ծնվել է 1871 թվականին Թիֆիլիսի Խարխուփ թաղամասում՝ տատի տանը։ Սովորել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցում։ Հայրը մշտապես ապրում էր Աղստաֆայում, այդ պատճառով էլ ընտանիքի հոգսն իր վրա էր վերցրել Օլգայի հորաքրոջ ամուսինը՝ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, որը կորցրել էր կնոջը և, որպես քահանա իրավունք չուներ երկրորդ անգամ ամուսնանալու։ Նա կյանքը կապել է Օլգայի մոր՝ Շուշանիկ Մաճկալյանի հետ և որդեգրել նրա միակ դստերը։ Նրանց ընտանիքի նկատմամբ տեր Հովհաննեսի մտերմությունը շարունակվել է նաև Օլգայի և Թումանյանի ամուսնությունից հետո։

Օլգա Մաճկալյանի հուշագրություններից մեզ է հասել նրանց ծանոթության պատմությունը։

Լինելով կոնսիստորի գրագիր, Հովհաննեսը հաճախ էր թղթեր տանում Հովհաննես քահանա Մարտիրոսյանենց տուն։1888 թվականի հունվարի 1-ին՝ առավոտյան Օլգայի մայրը խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծտին վանդակն են նետում, աղջկա մայրն էլ նկատում է, որ դա լավ նշան է՝ Նոր տարվա բերած բախտավորություն: Նույն օրը՝ երեկոյան Հովհաննես Թումանյանն այցելում է նրանց տուն՝ Նոր տարին շնորհավորելու։ Ընթրում են, զրուցում են, Հովհաննեսին ծանոթացնում են իրենց տան նոր բնակչի՝ ծտի հետ։

Օրեր անց Օլգան իմանում է, որ մայրը, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, որը նույնպես կոնսիստորի անդամ էր, առանց իր իմանալու որոշել են նշանել և ամուսնացնել Թումանյանի հետ, որից հետո Թումանյանին ձեռնադրեն քահանա:

Երկու ամիս անց Հովհաննեսին ու Օլգային նշանում են։ Նշանդրեքը տեղի է ունենում 1888 թվականի մարտի 24-ին՝ չորս քահանաների օրհնությամբ։ Նշանվելուց հետո Թումանյանը համարյա ամեն օր լինում էր նրանց տանը, ճաշում էր, մնում էր մինչև ուշ երեկո:

«Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի: Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»: Աբովյանի գիրքն ինձ ծանոթ էր արդեն, իսկ Հոմերոսը չէի կարդացել: Օհանեսն ինձ հետ կարդում էր և բացատրություններ տալիս»:

Օլգա Թումանյան։

Հովհաննես Թումանյանն ու Օլգա Մաճկալյանը ամուսնանում են 1888 թվականին, երբ Թումանյանը 19 տարեկան էր, իսկ Օլգան՝ 17։

Օլգա Թումանյանը մշտապես հոգատար է եղել Թումանյանի նկատմամբ, աջակցել նրան ամեն մի հարցում։ Հաշվի առնելով նրա հոգատարությունը Թումանյանի նկատմամբ, կաթողիկոս Խրիմյան Հայրիկը կատակով Թումայնանին անվանում էր Օլգայի 11-րդ զավակ։ Օլգա Թումանյանն իր տանը ամիսներով հյուրնկալել է հայ մտավորականության ներկայացուցիչների, իր տանը պահել և խնամել է նաև Ալեքսանդրապոլի որբանոցից ամուսնու բերած որբերին։ Ամուսնու և հինգ երեխաների մահվանից հետո Օլգա Թումանյանին հաջողում է Թումանյանների թիֆլիսյան տան ունեցվածքի մեծ մասն ու բանաստեղծի ձեռագիր ժառանգությունը Երևան տեղափոխել և դուստրերի հետ ստեղծել Թումանյանի թանգարանը: Այդ գործընթացներին նրան աջակցել է Անաստաս Միկոյանը։ 1969 թվականին Օլգան ներկա է եղել Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը։

Օլգա Թումանյանը մահացել է 100 տարեկանում՝ 1971 թվականին, Երևանում։

Աղբյուր՝ vnews.am