Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Հենրիկ Էդոյան․ «Կանգ առ, ես այստեղ եմ»

Ամեն ինչ…

Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:

Անմատչելին

Անմատչելին այն է, ինչը կողքիդ է,
կարող ես մոտենալ, շոշափել, բայց դու
ձգտում ես ուրիշին: Անմատչելին այն է,
ինչը քեզ տրվում է այստեղ, այս պահին,
բայց դու փնտրում ես
նրան մի այլ վայրում: Անմատչելին
այն է, ինչի անունը
այնքան ես դու տալիս, որ նրան
էլ չես գտնում: Քեզ ինչ որ մեկը
խլում է քեզանից, դու ինքդ կորուստն ես քո:
Հավաքիր քո կյանքի
բոլոր բեկորները, այստեղից, այնտեղից, մոտեցրու
նրանց իրար, կառուցիր ինքդ քեզ
և չափիր ստվերը քո -
քո միակ անմատչելին: