Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Մարտիրոս Սարյանը` Փարիզի մասին

1926-1928 թվականներին հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանին հնարավորություն է տրվում մեկնել Փարիզ` կատարելագործվելու։ Փարիզում Սարյանը երկու անգամ ցուցադրում է իր աշխատանքները ռուսական և հայկական արվեստի ցուցահանդեսներում, բայց գլխավորը նրա անհատական ցուցահանդեսն էր, որը բացվում 1928 թվականի հունվարին` Շառլ-Օգյուստ Ժիրար պատկերասրահում:

Սարյանն իր արվեստով մեծ հաջողություն է ունենում, ինչն հազվադեպ էր պատահում Փարիզում` օտարերկրացիների դեպքում։ Նկարչի խոսքերով ասած` «քննությունը» հանձնված էր: Ամեն ինչից բացի, նաև իրականացել էր նրա երազանքը. «Ես անպայման ուզում էի լինել նկարիչների մայրաքաղաքում` Փարիզում»։

Թե Փարիզն ու փարիզեցները ինչ տպավորություն էին գործել հայ նկարչի վրա, դրա մասին հետագայում կարդում ենք նրա հուշերում.

«Փարիզը աղմկոտ, գունեղ, սակայն, նաև անբարոյական քաղաք է։ Այն լի է արևմտյան աշխարհին հատուկ հակասություններով, թե՛ զմայլում է և թե՛, միևնույն ժամանակ իր թույնն է ներարկում։ Միշտ և ամենուր, սկսած ամենահասարակ սրճարաններից և վերջացրած խոշոր ռեվյուներով, զգացվում է զգայական թույնի, ֆանտաստիկ այլասերության բույրը, որը տիրանում է ամենին և դրդում նետվել հաճույքների գիրկը։ Կյանքը, հեշտանքը, ամեն ինչ գտնվում է զգացմունքների իշխանության ներքո։ Զգացմունքների ձեռքին բանականությունը ընդամենը պետք է գալիս գործերն առաջ տանելու համար։

Փարիզուհին գերիչ է, գեղեցիկ, գայթակղիչ։ Նա աշխարհի ամենահիասքանչ կինն է և ձգում է աշխարհի բոլոր տղամարդկանց։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր հատկանիշները և օգտագործում է իր խելքը զգացմունքի պաշտամունքը կենդանի պահելու համար։ «Մուլեն Ռուժ» և «Ֆոլի Բերժեր» կաբարեների ռեվյուներում կինը մերկ է հանդես գալիս բոլորի առջև։ Մոնմարտրը, նոր Փարիզի այս թաղամասը, համաշխարհային հասարակաց տուն է, ուր գալիս են բոլոր նրանք, ովքեր կարոտ են հեշտանքի։

Այն ամենը, ինչ մոդայիկ է, այստեղ է ծնունդ առնում։ Այստեղ են շտապում աշխարհի բոլոր կանայք, որպեսզի նրբագեղ հագուստներ ձեռք բերեն և սովորեն գայթակղել տղամարդկանց։ Կինն այստեղ շատ զբաղված անբան է։ Նա խնամում է իր արտաքինը և անդադար ցուցադրում իրեն, մտածելով միայն ցանկացած միջոցով տղամարդկանց ուշադրությունը գրավելու մասին։

Տղամարդիկ, իրենց հերթին ձևանում են, թե ապրում են։ Ցանկացած ասպարեզում նրանք անհամար ջանքեր են թափում նշանակալից երևալու համար։ Իրականում, սրանք արկածախնդիրներ են և ավազակներ, որոնց հետաքրքրում է միայն իրենց շահը։ Այդ է պատճառը, որ այդքան շքեղ և նրբագեղ լինելով, կանանց նկատմամբ այդքան քաղաքավարի, կնամեծար, ասպետական վարքագիծ ցուցաբերելով հանդերձ, նրանք ներքուստ փտած են և ընդունակ չեն որևէ հերոսական կամ գոնե մարդկային արարքի։

Կյանքը նրանց համար խաղ է բորսայում։ Այս հաստատությունը շատ բնորոշ է և պատկերացում է տալիս կապիտալիստական աշխարհի փտածության մասին։ Այս այլասերված միջավայրը քայքայիչ ազդեցություն ունի մարդկանց վրա և նրանց դարձնում է զբաղված և ազդեցիկ տեսք ունեցող ճարպիկ անբաններ, որոնք, սակայն, բարոյական տեսակետից աղքատ են և սնանկ։ Նրբաճաշակ տեսք ունեցող, սակայն անառակ այդ ավազակախումբը ապրում է աշխատավորների, բանվորների հաշվին, որոնք ամեն ինչ արդեն հասկացել են, ու կգա օրը, երբ նրանք, շտկելով իրենց հզոր ուսերը, կազատվեն այս բեռից և կդառնան իրենց ձեռքով ստեղծած բարիքների տերը։ Մարդկային հանճարի ստեղծած բարիքները կծառայեն իրենց նպատակին` մարդուն։ Մարդկային հանճարը կհաղթի»։

Աղբյուր՝ vnews.am