Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Սաղմոս ՃԻԳ

Աստիճանների օրհներգություններ

Հետդարձի ժամանակ շրջակա ազգերը հեռավոր վայրերից հրեաների վրա հարձակվեցին, ինչպես որ ասում են շատ մարգարեներ, սակայն ոչինչ չկարողացան անել, քանզի Աստված թիկունքից [օգնության] հասավ նրանց, ինչպես որ ասում են.

1. Եթէ ո՛չ Տէր էր առ մեզ, ասասցէ Իսրայել, եթէ ոչ Տէր էր առ մեզ:

Եթե Տերը մեզ հետ չլիներ, - թող ասի Իսրայելը, - եթե Տերը մեզ հետ չլիներ:

Դավիթը նախապես խրատում է շնորհակալ լինել փրկողին, քանի որ նախքան փորձառություն ստանալը շատերը հոսահատվում էին, կարծես թե Տերը թողել է իրենց, այդ պատճառով էլ հիացմունքով կրկնում են. Եթե Տերը մեզ հետ չլիներ:

2. Ընդ յառնել մարդկան ի վերայ մեր, կենդանւոյն կամեցան կլանել զմեզ:

Մարդիկ մեզ վրա հարձակվելով՝ մեզ ողջ-ողջ կուլ կտային:

Հումակեր գազանների պես ցանկանում էին ողջ-ողջ կուլ տալ, այլ՝ գազաններից էլ ավելի չարագործ մարդիկ խորհուրդներով և հնարքներով ցանկանում էին կուլ տալ մեր աստվածպաշտությունն ու աստվածապաշտներին, քանզի դա է նշանակում ողջ-ողջ կուլ տալ, այսնինքն՝ ցանկանում էին վերցնել [մեր կյանքը]: Նաև դևերն են հարձակվում բոլորի վրա: Եթե Տերը մեզ հետ չլիներ, որ ասաց. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20), և «Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի և կարիճների վրա» (Ղուկ. 10:19), և եթե չծուլանանք, [մեզ] ոչինչ չեն կարող անել:

3. Ի բարկանալ սրտմտութեամբ նոցա ի վերայ մեր, ապա և ջուրք ուրեմն ընկղմեցին զմեզ:

Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա: Եվ ջրերն անգամ մեզ կընկղմեին:

Բազմությունը ջրերի է նմանեցնում, որ մեզ համար մահ ու գերեզման էին դառնում, և մեր դիակներն անթաղ էին մնում:

4. Ընդ ուղխս անցին անձինք մեր. անցին անձինք մեր՝ ընդ ուղխս (=ջուրս) անդադարս:

Մեր հոգիներն անցան հեղեղի միջով: Մեր հոգիներն անցան անհանգիստ ջրերի միջով:

Հորդառատ ջրեր է կոչում, որովհետև հանկարծակի հավաքվեցին և վրա տվեցին, Տերն էլ փորձությունները հորդառատ ջրերի է նմանեցնում, որ չի կարող կործանել իմաստունների կառույցները, այլ, թեև հորդառատ ջուրն անդադար գալիս է, սակայն հեշտությամբ դադարում է, և չի կարող երկարել նաև մարդկանց ու դևերից [եկող փորձությունները], քանզի անցավոր է [այս] կյանքը:

5. Օրհնեալ է Տէր, որ ոչ ետ զմեզ յորս ատամանց նոցա:

Օրհնեալ է Տերը, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրեց:

Ջրերի շատությունը և թշնամիների չարությունը գազանների ատամների է նմանեցնում:

6. Անձինք մեր ապրեցան որպէս ճնճղուկ յորոգայթէ որսողաց:

Մեր հոգիները փրկվեցին ինչպես ճնճղուկը որսորդի թակարդից:

Մեր բնությունը նմանեցնում է ճնճղուկի ձագի, քանի որ տկար ենք, սակայն ունենք նաև երկու թևեր՝ հավատք և գործ, որոնցով էլ հեշտությամբ ազատվում ենք, այդ թևերի անունները Եվագրը կոչում է գիտնական և արդյունավոր: Նաև փրկվեցինք Տիրոջ պես, որը դարձավ ինչպես մենավոր ճնճղուկ տանիքում (տե՛ս Սղմ. 101:8):

7. Որոգայթք նոցա փշրեցան, և մեք ապրեցաք:

Նրանց թակարդները փշրվեցին, և մենք ազատվեցինք:

Զորքերի բազմության [թակարդները], որոնք շրջապատել էին Երուսաղեմը, նրանք իրենց սրերով միմյանց կոտորեցին, և մենք փրկվեցինք թշնամու բազում որոգայթներից, որ ամենուր է, ինչպես Տերն էր Պետրոսին ասում. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց քեզ ցորենի նման մաղել, բայց ես աղոթեցի քեզ համար, որպեսզի քո հավատը չպակասի» (Ղուկ. 22:31-32), դրա համար էլ ասում է.

8. Օգնութիւն է մեզ յանուանէ Տեառն, որ արար զերկինս և զերկիր:

Մեր օգնությունը Տիրոջ անունից է, նա, որ երկինքն ու երկիրը ստեղծեց:

Երուսաղեմի [օգնությունը] ասում է Տիրոջ անունից է, ինչպես Դավիթն էր Գողիաթին ասում. «Դու ինձ վրա ես գալիս գավազանով և նիզակով, իսկ ես՝ Իսրայելի զորքի Տիրոջ անունով» (հմմտ. Ա Թագ. 17:45): Նույնպես նաև այդ ժամանակվա հրեաները անզեն և անօգնական ազատվեցին գերությունից Տիրոջ անվամբ օգնություն ստանալով և փրկվելով: Մենք էլ՝ Հիսուս Քրիստոսի անվամբ հանգցնում ենք չարի բոլոր մխացող նետերը, և փշրում որոգայթները՝ նրա անվամբ շահելով լույսը, կյանքը և [մյուս բարիքները]:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am