Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Սուրբ Եվստաթեոսի, նրա կին՝ Թեոփիստայի և երկու որդիների, սուրբ Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օր

Եվտաքեոս և նրա կին Թեոփիստա և երկու որդիներ Ագապիոս և Թեոպիստոս

Հույները այս սուրբին Եվտաթեոս են կոչում, իսկ լատինները՝ Եվստաքեոս, որի պատմությունը մեզ հիշեցնում է Հոբ երանելիին և կարծես քրիստոնեական միջավայրում նրա կյանքի կրկնությունն է: Նրա վարքը ներկայացվում է հետաքրքրաշարժ և հրաշալի դեպքերով ու պայմաններով:

Նա էլ Հոբի նման մի մեծահարուստ ազնվական էր, որը մի երջանիկ բույն էր հյուսել և իր կնոջ և երկու մատաղահասակ մանուկների հետ ապրում էր Հռոմում: Հեթանոս լինելով հանդերձ մի առաքինի մարդ էր և Հռոմի բանակում քաջ զորավարի անուն էր հանել: Որսորդության ժամանակ մի հրաշալի եղջերու նկատելով հետևում է նրան: Երբ իր խմբից հեռացել և առանձնացել էր, հրաշքով նկատեց, որ եղջերուի վրա ճառագայթարձակ խաչելության պատկերը կա: Երբ այդ երևույթը հափշտակված դիտում էր, մի ձայն հնչեց խաչելության նշանից, որը նրան թելադրում էր դարձի գալ և քրիստոնյա լինել: Երբ տեսիլքն ու եղջերուն աներևույթացան և նա տուն վերադարձավ, ամեն ինչ պատմեց իր կնոջը: Կինն էլ մի նմանատիպ տեսիլք էր ունեցել: Ուստի ամբողջ ընտանիքով մկրտվեցին և նոր անուններ ստացան: Ամուսինը կոչվեց Եվստաքեոս, կինը՝ Թեոփիստե, որը նշանակում է աստվածահավատ, անդրանիկ որդին՝ Ագապիս, այսինքն սիրունի, կրտսերը՝ Թեոպիստոս, որը մոր անվան արական տարբերակն է:

Այս ամենի հետևանքով, օրվա կայսեր կողմից զրկվեցին ունեցած տիտղոսներից և կորցրին ունեցած ամբողջ հարստությունը, ուստի որոշեցին հեռանալ Հռոմից: Երբ օտար երկիր գնալու համար նավ պիտի նստեին, նավապետը տեսնելով, որ կինը գեղեցիկ է, հազիվ նա ոտք էր դրել նավ, մյուսներին ցամաք հրեց և հրամայեց, որ նավը ճանապարհ ընկնի: Ցամաքից շատ չէին հեռացել, երբ նավապետը սրտի կաթվածից մահացավ: Նավաստիները հասկանալով, որ այդ կնոջ պատճառով եղավ այդ, չեն համարձակվում վնասել նրան, տանում են բարբարոսների երկիրը և պատվով հանձնում նավապետի ընտանիքին, սրանք ևս, իմանալով եղելությունը, նրան պատվով պահում են որոշ ժամանակ՝ օգտվելով նրա իմաստությունից և այլևայլ կարողություններից:

Իսկ Եվտաքեոսը սրտաբեկ վերցնում է իր երկու զավակներին և գնում է այլ ուղղությամբ: Սակայն ճանապարհին, գետն անցնելու ժամանակ, կորցնում է երկու ձագուկներին, որոնցից մեկը հազիվ յոթ տարեկան էր, իսկ մյուսը՝ ինը: Աստծո նախախնամությամբ երկու փոքրիկները գետի տարբեր ափերում ցամաք են դուրս գալիս և երկու տարբեր հովիվներ նրանց տեր են կանգնում:

Իսկ Եվտաքեոսը, երբ գրեթե հրաշքով ափ է դուրս գալիս, երկրի վրա իր վերջին մխիթարությունից՝ իր զավակներից, զրկված լինելու պատճառով, լալահառաչ իրեն գետին է նետում: Սակայն ի վերջո Աստծո առջև խոստովանում է, որ Նա է տերը ամեն ինչի, այդ թվում նաև իր ընտանիքի և իր կյանքի: Թեև ցավատանջ, բայց մեծ համբերությամբ տոկաց այս կորուստների տառապանքին և Աստծո դեմ չգանգատվեց: Ի վերջո իր ցավը մոռանալու համար, մի ագարակատիրոջ մոտ ծառայության անցավ և երկար ժամանակ մնաց այնտեղ: Երբ իր համբերությունը այսպես փորձվեց և հաղթանակով պսակվեց, Աստված էլ նրան ամենաանակնկալ ձևով վարձատրեց:

Օրվա կայսրը, որը նախապես բարբարոսներին ընկճելու գործողություններում օգտագործել էր Եվտաքեոսի զինվորական տաղանդը, երբ կայսրության սահմանները նորից վտանգվեցին, հիշեց նախկին կորովի և երիտասարդ զորավարին և ամեն կողմ փնտրել տվեց նրան: Ի վերջո գտան նրան և կայսրի մոտ բերեցին, որը վերստին նրան հանձնեց բարբարոսների հոսանքի դեմն առնելու պարտականությունը: Իրեն հատկացված բանակն անբավարար համարելով, կայսրից նոր զինվորներ վարձելու հրաման խնդրեց, որը բավարարեց խնդրանքը: Զինվորության արձանագրվելու եկողների մեջ էին նաև իր երկու որդիները, որոնց տեսքը, որպես պարկեշտ և վստահելի անձնավորություններ, բարի տպավորություն թողեց նրա վրա և իրեն թիկնապահներ դրեց: Այդ ժամանակ, բարբարոսների կողմից մի կին, ասելով, որ ինքն էլ հռոմեացի է և ժամանակին բարբարոսների մոտ գերեվարվել է, հռոմեական բանակ մտավ: Նրան զորապետի մոտ տարան: Երկուսն էլ չկարողացան հավատալ իրենց աչքերին, երբ իրար կորցրած այր և կին երկար տարիներ հետո դեմ դիմաց կանգնեցին; Թեոփիստեն ծունկի գալով ձեռքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Փառք և գոհություն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ ինձ այն բոլոր փորձանքներից, որոնց միջով թույլ տվեց, որ անցնեմ, անաղարտ պահեց: Փառք Նախախնամությանը, որ ինձ արժանացրեց ամուսնուս ներկայանալ այնպես, ինչպես, որ բաժանվել էի նրանից»: Այր և կին, ի մեծ զարմանս բոլոր ներկաների, անհուն երջանկությամբ ողջագուրվեցին: Աղոթեցին, որ Աստված արժանացնի իրենց կորած զավակներին գտնելուն:

Հաջորդ օրերին, երբ Թեոփիստեն վրանում էր, լսեց, որ իր ամուսնու երիտասարդ թիկնապահներից մեկն ասում էր մյուսին. «Երանի, թե ես էլ գտնեմ հորս ու մորս, որոնց մանուկ ժամանակ կորցրեցի, ներկայիս հայրս ինձ ջրից հանելով, որդեգրել է, մի եղբայր էլ եմ ունեցել, նրան էլ եմ կորցրել»: Ընկերը զարմանքով ասում է, որ իր պատմությունն էլ գրեթե նույնն է, ինքն էլ է գետից փրկված: Թեոփիստեն այս խոսակցությունները ամուսնուն է պատմում, որը երիտասարդներին հարցաքննելով, համոզվում է, որ նրանք իրենց կորած կարծված զավակներն են: Իրենց երջանկությունը կատարյալ է լինում, երբ այսպես Նախախնամության անիմանալի տնօրինությամբ, ընտանիքի բոլոր անդամները իրար վերագտնում են:

Սակայն դժբախտաբար իրենց երջանկությունը երկար չի տևում: Եվտաքեոսը բարբարոսներին ամբողջությամբ սանձահարելով և սահմաններին պահակներ դնելով, վերադառնում է Հռոմ և արժանանում մեծ պատիվների: Սակայն, երբ հրավիրվեց հաղթանակի աստծո մեհյանում կրոնական արարողության մասնակցելուն, Եվստաքեոսը խստությամբ մերժեց, հայտարարելով, որ ինքը քրիստոնյա է և իր հաղթանակների համար պարտական է երկնքի և երկրի արարիչ Աստծուն, Որին պաշտում է և Հիսուս Քրիստոսին, Որին հավատում է, որ հաղթել է աշխարհին: Այս հայտարարությունն անելուն պես կայսրը հրամայեց, որ ամբողջ ընտանիքով առյուծների առջև նետեն, սակայն նրանք չվնասեցին նրանց: Ի վերջո մի պղնձյա ցուլի մեջ բոլորին փակեցին որ այրելով չարչարվեն և մահանան: Սակայն վկայագիրը ասում է, որ նրանք տանջանքի հնոցը աղոթարանի վերածեցին և իրենց հոգիները խաղաղությամբ և երջանկությամբ ավանդեցին, որն այս անգամ հավիտյան պիտի տևեր: Նահատակված են համարվում 120 թ-ին:

Նրանց հիշատակը տոնում ենք Ս. Խաչի երրորդ երեքշաբթի օրը:

Սուրբ կույս Երմոնյա

Հունարեն տարբերակը Երմիոնի է, որը Փիլիպոս «Ավետարանիչի», առաջին եկեղեցու յոթ սարկավագներից մեկի, որը «մարգարեական շնորհով օժտված չորս կույս աղջիկներ ուներ» դուստրն է (Գործք 21:9): Ըստ ավանդության, նրանցից երկուսը՝ Երմոնեն և Եվտիքան, որոշեցին Եփեսոս գնալ, այնտեղ մի Պետրոս քահանայի են «աշակերտում», «որի հետ Ավետարանն են քարոզում և շատերին դեպի Քրիստոսն են դարձնում»: Երմոնեն նաև բժշկության շնորհք և արվեստ ուներ, որով շատերին եր բուժում:

Պատմում են, որ Հռոմի Տրայանոս կայսրը, երբ պարսիկների դեմ առաշավանքի համար Եփեսոս եկավ, լսեց Երմոնեի մասին իբրև ազդեցիկ քարոզչի և մարդ ուղարկեց, որ գտնեն և իր մոտ բերեն: Երկար փնտրտուքից հետո, կայսեր մարդիկ, առանց նրան ճանաչելու, մի գյուղում հանդիպեցին նրան և նրա մասին հարցրին: Նրանց նախ հյուրասիրեց և ապա հայտնեց, որ ինքն է նրանց փնտրածը: Մարդիկ անակնկալի եկան, այնքան էին գոհ հյուրասիրությունից, որ չցանկացան նրան կայսրի մոտ տանել, սակայն նա հոժարությամբ հետևեց նրանց: Երբ ներկայացավ կայսրին, վերջինս համոզելով նրան կոչ արեց հրաժարվել քրիստոնեությունից: Սրբուհին իր համոզումին հաստատ մնաց և հայտարարեց, որ ցանկանում է մինչև իսկ մահանալ Քրիստոսի սիրո համար: Դառը չարչարանքների ենթարկվեց, որոնք արիաբար և աներկյուղ կրեց: Ի վերջո մարգարեացավ, որ կայսրը հաղթանակով պիտի վերադառնա իր նախաձեռնած պատերազմից: Կայսրը հիանալով կույսի ցուցաբերած համբերությամբ և գոհ մնալով նրա կանխասացությունից՝ ազատ արձակեց նրան: Սակայն նրա հաջորդը՝ Ադրիանոսը, դառնագույն չարչարանքների ենթարկեց կույսին, որոնց զարմանահրաշ արիությամբ տոկաց նա: Երբ կուռքերին զոհ մատուցելու համար նրան կռատուն տարան, սրբուհին աղոթքով կործանեց կուռքերը, որի պատճառով էլ կայսրը հրամայեց նրան գլխատել:

Նեքտարինե կույս

Սուրբ Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, որն էլ պատմում է Նրա մասին, որը գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, որն իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, որոնք կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը --Ս Եվստատեոսի կնոջ Թեոփիստեա....