Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Սուրբ Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր

Փոկաս Հայրապետ

Եպիսկոպոսն է Սևծովյան Սինոպ քաղաքի: Մեծահարուստ նավագործի, կամ նավապետի զավակ է: Տղայական հասակից Աստծուց շնորհ գտավ և պահքով ու աղոթքով իրեն շարունակ զորավոր էր պահում ամեն տեսակ փորձությունների դեմ: Մինչև իսկ հրաշագործի անուն հանեց այդ մատաղ տարիքում: Երբ չափահաս դարձավ, ինքն իրեն նվիրեց բարեգործության և քարոզչության, «Դևեր էր հանում, կույրերին լուսավորում, իր ունեցվածքը աղքատներին բաշխում»: Երբ Սինոպի եպիսկոպոս դարձավ, Ամասիայում տարվեց Տրայանոս կայսեր մոտ: Երբ չուրացավ քրիստոնեությունը, կայսրը հրամայեց սրախողխող անել նրան, 117 թ.-ին:

Արևմուտքում, որպես նավագործի զավակ, կամ այն պատճառով, որ իր անունը նման է այն ծովային կենդանու անվանը, որին հույները և մենք փոկ ենք անվանում, որը նաև ծովահորթ էլ է կոչվում, մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես ծովագնացների շրջանակներում:

Նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ կիրակիից հետո եկող երկուշաբթի օրը՝ Երանոս Հայրապետի հետ:

Երանոս (կամ Իրենիոս) Լիոնի Եպիսկոպոս

Մանուկ հասակում տեսել և լսել է Պողիկարպոս Հայրապետին, սրանից ենթադրում ենք, որ ծնվել է Իզմիրում, կամ Էգեյական շրջանում, 130 թ.-ին: Ուսում է ստացել Հռոմում, ձեռնադրվել է որպես Լիոն քաղաքի երեց և հաջորդել իր եպիսկոպոսին, երբ նա 177 թ.-ին մարտիրոսացավ:

Մեր Հայսմավուրքները նրան կոչում են «Աստվածապաշտության հավատքի մեծ սյուն, Աստվածազգյաց հայրապետ և Եկեղեցու վարդապետ և հերետիկոսներին հաղթող»: Արդարև այս ամենը եղել է Իրենիոսի առաքելական և ավետարանչական գործունեության ընթացքում հեթանոսներից շատ-շատերին դարձի բերելու արդյունքում և մանավանդ իր գրական գործերով, որոնցով լուսավորեց և ճոխացրեց ուղղափառ Եկեղեցին: Շատ գործեր է գրել, որոնցից սակայն մեզ է հասել միայն «Ընդդեմ հերետիկոսների» կարևոր գործը՝ լատիներեն թարգմանությամբ: Իսկ մեկ ուրիշը՝ «Ապացույց Առաքելական քարոզչության», կորուստից փրկվել է միայն հայերեն թարգմանության տարբերակը, որը եվրոպական լեզուներով թարգմանվելով, հայտնի դարձավ կրոնական և գիտական շրջանակներին: Մյուս գործերից լոկ պատառիկներ են հիշատակվում մատենագրերի կողմից:

Իրենիոսը առաքելական շրջանի հայրերին և հետագա շրջանների մեծ հայրերին իրար կապող վերջին օղակն է: Միաժամանակ նաև օղակ է Արևմուտքի և Արևելքի միջև: Ծնունդով և մտածելակերպով արևելցի է, իսկ ուսմամբ և գործունեությամբ՝ արևմուտքցի. իր երկերը հունարեն լեզվով է գրել: Ի նպաստ արևելքցիների, Հռոմի աթոռի մոտ, երբ վերջինս խստությամբ էր վարվում Արևելքում իր մտածողությունից տարբերվող մտածողների հանդեպ, երկու անգամ միջնորդություն է արել: Արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն էր Իրենիոսը:

Նրա վախճանի մասին Արևմուտքում գրեթե ոչինչ չգիտեն, իսկ մեր Հայսմավուրքները հաստատում են, որ վկայական մահվամբ է կնքել իր կյանքը: Երբ «քաջալերում էր հանուն Քրիստոսի ձերբակալվածներին, որ աներեր մնան իրենց հավատքին և արիաբար դիմավորեն մահը, ինքն էլ ձերբակալվեց և բանտարկվեց: Երբ դատավորի մոտ տարվեց, համարձակ վկայեց Քրիստոսի աստվածությունը, որի պատճառով զանազան տանջանքների ենթարկվեց, երբ չուրացավ Քրիստոսին և կուռքերին զոհ չմատուցեց, սրով սպանեցին նրան» 202թ.-ին:

Նրա հիշատակը տոնում ենք Ս. Խաչին հաջորդող չորրորդ կիրակիից հետո եկող Երկուշաբթի օրը:

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան1997

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկ. Դոխոլյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Տաթեւի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը --- Սուրբ Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օր