Այսպէս է ասում Տէրը. «Արդարեւ, ով անարգում է իմաստութիւնն ու խրատը, թշուառական է. ունայն է նրա յոյսը, անօգուտ է նրանց վաստակը, եւ պիտանի չեն նրանց գործերը: Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները՝ չարաբարոյ, եւ անիծուած են նրանց ծնունդները» (Իմաստ. Սողոմոնի 3:11-12)

Ծովից դուրս եկած գազանը

Բանական արարածների դիմազրկումն ու հոգևոր մահը սատանայի գարշելի սնունդն են, նա ատում է մարդուն:
Աստվածային շնորհից զրկված և անսահման նախանձով լցված չար ոգիները ինչ-որ չափով բավարարվում են (սնվում են) չարախնդությամբ, տեսնելով, թե ինչպես մարդը իրենց նման զրկվում է աստվածանմանությունից` հոգեպես ինքնաոչնչացման ենթարկվելով:
Իսկ Աստծո համար «կերակուր ու ըմպելիք» է Իր ձեռքով ստեղծված բանական անձնավոր էակների փրկության գործը հավիտենական կյանքի համար: Դա Իր գործն ու կամքն է. «Իմ կերակուրն այն է,- ասում է Փրկիչը,- որ կատարեմ կամքը Նրա, ով Ինձ ուղարկել է, և կատարեմ Նրա գործը» (Հովհ 4. 34):

Տերը փրկում է մարդուն դիմազրկումից: Եվ Իր ստեղծած Եկեղեցին մարդկանց փրկության համար այն միջավայրն է, որտեղ իրականանում է մարդկային անձերի միավորումը Աստծո հետ: Իսկ հակաքրիստոսի համակարգը ուծացնում, ջնջում է անձը` դարձնելով այն ոչինչ:
Թվային ծածկագրի (նոր անվան) ընդունումը մարդուն տված միակ անվան փոխարեն իր ներգործությամբ մարդու հոգու վրա ճիշտ հակառակ է Սուրբ Մկրտության խորհրդին և հոգևոր տեսանկյունից հանդիսանում է որպես հակամկրտություն:
Մկրտության խորհրդի միջոցով մարդը մուտք է գործում Եկեղեցի, իսկ հակամկրտության միջոցով` հակաեկեղեցի: Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, հավատարիմների ժողովը` մկրտությամբ Քրիստոսով զգեստավորվածների, որտեղ յուրաքանչյուր քրիստոնյա միավորվում է Քրիստոսի և եկեղեցու մյուս անդամների հետ Սուրբ Հաղորդության խորհրդի միջոցով: Իսկ հակաեկեղեցին « անց» է` հանգույց-անդամների միություն, որտեղ կան յուրահատուկ կանոններ և անվանակոչում «հակամկրտություն», որը ծաղրապատկեր է եկեղեցական միության` թվային անվան «գազանի անվան թիվը», և չիպի «գազանի գիրը ճակատի և ձեռքի վրա» միջոցով «միություն է ամենքի ամենի հետ»: Եկեղեցու գլուխը` մեր Տեր Հիսուս Քրիստոս, որպես բարի Հովիվ, «կանչում է իր բանական գառներին անուններով» (Հովհ.10. 3), այսինքն` դիմում է ամեն մարդու անձին, իսկ հակաեկեղեցու գլուխ սատանան դիմում է իր դիմազրկված ստրուկներին համարով:

Մկրտությամբ մարդը հրաժարվում է սատանայից և նրա գործերից, այսինքն` գազանային կերպարից, և միանում է սիրո զորությամբ` Քրիստոսին: Այլ կերպ ասած, մարդը Մկրտության խորհրդով «վերստին ծնվում է», կենդանանում` որպես հոգևոր անձնավորություն: Ի վկայություն ինչի նա ստանում է անուն, որը գրվում է Կենաց գրքում: Իսկ հակամկրտության միջոցով մարդը դիմազրկվում է և դառնում հակաքրիստոսի ծառան: Այս հակամկրտության գործողությունը հաստատում է Պայիսիոս Աթոսացի Ծերը: Իր «Ժամանակների նշանները` 666» նշանավոր հոդվածի մեջ նա գրում է. «Սրանք հրաժարվում են Քրիստոսի սուրբ կնիքից, որը տրված էր նրանց սուրբ Մկրտության ժամանակ` «Սուրբ Հոգու շնորհի կնիքը», որպեսզի ընդունեն հակաքրիստոսի կնիքը և ասում, որ իբրև Քրիստոսին ունեն իրենց մեջ»:
Անձնական նույնականացման համարը տրվում է հակաքրիստոսի համակարգի կողմից նրա համար, որպեսզի ընդմիշտ Կյանքի գրքից ջնջվի մարդու անունը: Հայտնության գրքում պարզ ասված է, որ «ծովից դուրս եկած» գազանին պիտի երկրպագեն, այսինքն` պիտի ընդունեն հակաքրիստոսի համակարգի իշխանությունը միայն «երկրի վրա բնակվող այն մարդիկ, ում անունները գրված չեն Գառան Կենաց գրքում» (Հայտ. 13. 8): Սուրբ Անդրեաս Կեսարացին, բացատրելով այս տողերը, ասում է, որ գազանը «իր իշխանությունը կտարածի ամեն ցեղի, լեզվի ու ազգի վրա, սակայն կտիրանա միայն նրանց, ում անունները գրված չեն Կենաց գրքում»:

Թվային անուն-համար ստացողը, կարելի է ասել, մուտք է գործում և գրանցվում «Մահվան գրքի մեջ», որպիսին այսօր, այսպես ասած, «էլեկտրոնային գիրքն» է` անհոգի համակարգչային անձնական տվյալների էլեկտրոնային պահուստը:
Մկրտության ժամանակ մենք հրաժարվում ենք ոչ միայն սատանայից, այլև նրա բոլոր գործերից: Եթե գլոբալիզացիան, որի անբաժանելի էլեմենտն է մարդուն թվային անուն ցկյանս վերագրելը, ոչ այլ բան է, եթե ոչ գազանի թագավորության կառուցումը և հակաքրիստոսի գահակալման պատրաստությունը, ապա, անկասկած, դա սատանայի գործն է, որից մենք հրաժարվեցինք: Դրա համար մեզ պետք է վկայել բոլորին այդ հրաժարման մասին` մերժելով այն ամենը, ինչ թելադրում է մեզ գլոբալիզացիան: Գլոբալիզացիայի գործընթացը պիտի նախորդի հակաքրիստոսի գահակալմանը, որի մասին հստակ մատնանշում կա Հայտնության գրքում, օրինակ. «Եվ այն տասը եղջյուրները, որ դու տեսար, տասը թագավորներն են, որոնք դեռ իշխանություն չեն ստացել, սակայն պիտի ընդունեն իշխանություն գազանի հետ, որպես թագավորներ մեկ ժամով: Նրանք նույն մտքերն ունեն և կտան իրենց զորությունն ու իշխանությունը գազանին» (Հայտ. 17.12-13):

Պատահական չէ, որ միջազգային ստանդարտների համաձայն հաջորդական համարը, որը մտնում է նույնականացման համարի կառուցվածքի մեջ, տրվում է մարդուն իր ծննդյան տարեթվով: Դրա համար ինչ-որ իմաստով միստիկական դաշտում կարելի է ասել, որ թվային նույնականացման համար ընդունելը համարվում է որպես ծնունդ և մարդու նոր կյանքին ընծայվելու խորհուրդ, որտեղ նա պիտի դառնա կառավարման օբյեկտ:
Անկասելի հոգևոր օրենքի համաձայն հնարավոր չէ միաժամանակ ապրել որպես հոգևոր անձնավորություն և պահպանել կապը Աստծո հետ: Նույնականացման համար ընդունել կամ չընդունելը մարդու ազատ կամեցողության արտահայտությունն է: Էությունից զուրկ չարը մեծ հզորություն է ստանում, իրական և քայքայիչ, երբ կարողանում է իր կողմը ձգել բազմաթիվ բանական արարածների ազատ կամքը:
Մարդը` որպես խելացի-բանական էություն, պետք է ջանք գործադրի, որ խելամուտ լինի անձի էլեկտրոնային թվային նույնականացման երևույթի մեջ: Այդ պատճառով տվյալ համակարգի կործանարար լինելը կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր ոչ միայն տեսնում են կատարվող դեպքերը, այլև գիտակցում իրենց որպես Աստծո կերպար ունեցող անձ, և ով չի տառապում անգիտությամբ, հոգեպես արթուն է և այդ պատճառով ունի Աստծուց լուսավորություն:

Սուրբ Պայիսիոս Աթոսացին այդպես էր ասում. «Ակնհայտ է, որ մարդիկ նույնիսկ չեն էլ մտածում, որ մենք արդեն ականատես ենք վերջին ժամանակների նշանների, որ հակաքրիստոսի կնիքը դառնում է իրականություն: Իբրև թե ոչինչ չի կատարվում: Դրա համար Սուրբ գիրքը ասում է, որ պիտի գայթակղվեն նաև ընտրյալները (Մատթ. 24. 24): Նրանք, ում մեջ չկա բարի տրամադրվածություն, չեն լուսավորվի Աստծուց և պիտի գայթակղվեն փորձության տարիներին: Որովհետև նա, ով չունի աստվածային շնորհը, չունի նաև հոգևոր տեսողություն, ինչպես չունի այն նաև սատանան»:

Թարգմանությունը ռուսերենից` Դարբասի հոգևոր հովիվ
Տեր Ընծա քահանա ՄԻՐԶՈՅԱՆԻ

Աղբյուր՝ Irates.am