«Երբ մարդիկ իրար երդում են տալիս չհավատալու անսուրբ երդումով...»
Գրական անկյուն
Երբ ազատության ծիլերը նրբին
թափվում են գետին հողմաբեկումով,
երբ մարդիկ իրար երդում են տալիս
չհավատալու անսուրբ երդումով:
Երբ հավատի դեմ զենքեր կան արթուն,
քնած սիրո դեմ՝ հրթիռներ վայրի,
էլի հավատը կփրկի մարդուն,
եւ սերը կյանքը կհրավառի:
...Անարդարության համար այս անափ
ու՞մ կանչեմ դատի, ի՞նչ տամ դատվողին:
Անիմաստ կյանքի իմաստը մեկնեմ
վհատեցնողին ու վհատվողին:
Եվ այս աշխարհում բոլոր-բոլորի
հայացքը մի պահ դարձընեմ հողին
եւ ասեմ՝ փնտրեք, այնտեղ է ապրում,
հողի մեջ փնտրեք հողն ստեղծողին:
Փնտրեցեք այնտեղ, այնտեղ կգտնեք
Հայաստան հողը արարող Աստծուն.-
նա ձեզ վերստին մարդ կդարձնի,
կվառի ձեր մեջ կյանքի հիացում:
Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ