Այսպէս է ասում Տէրը. «Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը երբ կգայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ: Գուցէ, յանկարծակի գալով, ձեզ քնի մէջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամէնքին եմ ասում. արթո՛ւն կացէք» (Մարկոսի 13:35-37)

Սիմոն Աչիկգյոզյան. «Դեդ»

Սիմոն Հովհաննեսի Աչիկգյոզյան «Դեդ» (փետրվարի 6, 1939, Գալաց, Ռումինիա - ապրիլի 30, 1991, Մարտունաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), երկրաբանական գիտությունների թեկնածու (1970)։ ՀՅԴ կուսակցության և «Զորավար Անդրանիկ» համազգային միության անդամ, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից։

Կենսագրություն

Սիմոն Աչիկգյոզյանը ծնվել է 1939 թվականին Գալաց քաղաքում։ Հայրը` Հովհաննեսը եղեռնից հրաշքով է փրկվել։ 1946 թվականին Սիմոնը ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ 1955 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թվականին` ինժեներ-երկրաբանի որակավորմամբ։ Ս. Աչիկգյոզյանը 1970 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1984 թվականին նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1960-1991 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատություններ, զբաղվել թարգմանություններով։ Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ։
1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը։ Գիտությունից բացի նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում՝ Խոր Վիրապի վանքում։
1989 թվականին ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիկգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ 1989 թվականին անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` 1991 թվականի ապրիլի 19-ից ստանձնելով Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը։
1990 թվականին Ս. Աչիկգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին՝ էկոլոգիայի հանձնաժողովի կազմում։
Ս. Աչիկգյոզյանը զոհվել է 1991 թվականին ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս։ Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմանատանը։
ՀՀ նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիկգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ 2011 թվականին երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիկգյոզյանի անվամբ։

Տեսանյութը՝ «Խոնարհ հերոսներ» հաղորդաշարի