Այսպէս է ասում Տէրը. «Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կլինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում

Անաստաս Միկոյանը՝ ընդդեմ Վահան Տերյանի

 

Միկոյանն առաջարկել է Լենինին հրաժարվել ցեղասպանության հատուցման՝ Թուրքահայաստանի ստեղծման պահանջից։

Այդ մասին է վկայում Միկոյանի՝ 1919 թվականի դեկտեմբերին Լենինին հասցեագրված «Կովկասյան հարցի մասին» զեկուցագիրը, որի բնագիրը պահվում է Սոցիալ-քաղաքական պատմության ռուսաստանյան պետական արխիվում (РГАСПИ): Առաջին անգամ դրա թեզիսները հրապարակվել են միջազգային իրավունքի հայտնի մասնագետ Յուրի Բարսեղովի գրքում եւ վերատպվել Lragir.am թերթում։ Այդ փաստաթղթի հիման վրա բոլշեւիկյան առաջնորդները հրաժարվեցին Հայկական գործերի կոմիսարիատի փաստացի ղեկավար Վահան Տերյանի կողմից առաջարկված եւ որպես իրավական ակտ ընդունված «Թուրքահայաստանի մասին» հայանպաստ դեկրետից եւ որդեգրեցին Միկոյանի թուրքամետ առաջարկը: «Անաստվածը», ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, առաջարկում էր համաձայնել Հայոց ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակի հետ եւ հրաժարվել Թուրքահայաստանի ստեղծման, այսինքն, ցեղասպանության հատուցման պահանջից: Ավելին, Միկոյանի կարծիքով, Հայկական հարցն այլեւս գոյություն չունի, քանի որ ցեղասպանության արդյունքում, «այսպես կոչված՝ Թուրքահայաստանում ապրում են գրեթե միայն մահմեդականներ»:

Ըստ Միկոյանի, բոլշեւիկները չեն կարող համաձայնել «հայ շովինիստների» հետ, այլապես «ինքնավարության իրավունք կտրվի մեռածներին»: Նրա կարծիքով, քանի որ հայերը կուտակվել են Կովկասում եւ այլեւս չեն բնակվում Թուրքահայաստանում, փաստորեն, վերածվել են կովկասյան ազգի։ Հետեւաբար, նրանց հարցը դադարել է եվրոպական, միջազգային հարց լինելուց՝ վերածվելով «սպեցիֆիկ ռուսաստանյան հարցի, ինչպիսիք են վրացականը, ադրբեջանականը եւ այլն»:
Իսկ ի՞նչ էր պահանջում Տերյանի կողմից առաջարկված եւ Ռուսաստանի կառավարության կողմից ընդունված իրավական ակտը՝ «Թուրքահայաստանի մասին» դեկրետը։

Ըստ Լենինի եւ Ստալինի ստորագրած այդ փաստաթղթի, բոլշեւիկյան կառավարությունը պաշտպանում էր «Ռուսաստանի կողմից օկուպացված Թուրքահայաստանի հայերի ազատ ինքնորոշման՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախության իրավունքը»։ Եվ «հայ ժողովրդի ազատ հանրաքվեի իրավունքը» երաշխավորելու համար անհրաժեշտ էր համարում տարբեր երկրներում ցրված գաղթական, ինչպես նաեւ վտարանդի հայերի անարգել վերադարձը Թուրքահայաստան։ Բոլշեւիկյան կառավարությունն այդ դեկրետում նաեւ խոստանում էր թուրքական իշխանությունների հետ խաղաղության բանակցությունների ժամանակ պնդել՝ պատերազմի ժամանակ իրենց կողմից բռնի կերպով Թուրքիայի խորքերն արտաքսված հայերի անարգել վերադարձը Թուրքահայաստան։ Պետք է ընտրվեր հայ ժողովրդի պատգամավորների խորհուրդ։ Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանին էլ հանձնարարվել էր ամեն տեսակ օգնություն ցույց տալ Թուրքահայաստանի բնակչությանը՝ դեկրետի իրականացման գործում։

Վահան Տերյանն իր հեղինակած «Թուրքահայաստանի մասին զեկուցագրում» եւ «Թուրքահայաստանի մասին դեկրետի» նախագծում առաջարկել էր «վճռականորեն պաշտպանել թուրքահայերի ազգային լիակատար ինքնորոշման ձգտումը», հայրենիք վերադարձնել բոլոր բռնի արտաքսվածներին եւ հայտարարել, որ «ռուսական զորքերը դուրս չեն բերվի պատերազմի իրավունքով Հայաստանի գրավված մասից»: Այսինքն, ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած անձինք պետք է վերադառնային հայրենիք, եւ կազմավորվեր Թուրքահայաստանը։ 1917 թ․ դեկտեմբերի 29-ին դեկրետը ստորագրել էր Լենինը, սակայն Ստալինի պահանջով դրանից հանվել էր Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթներում առժամանակ որոշ քանակությամբ ռուսական զորք թողնելու անհրաժեշտության մասին կետը, ինչը կապահովեր հայերի անվտանգությունը եւ աքսորվածների ու փախստականների վերադարձը: Ընդհակառակը, այդ կետը փոխարինվել էր «Թուրքահայաստանի տարածքից զորքերի դուրսբերման եւ նրա բնակիչների անձնական եւ ունեցվածքային անվտանգության ապահովման նպատակով հայկական ժողովրդական միլիցիայի անհապաղ ստեղծման» մասին կետով։

Թե ինչ փաստարկ է բերել Ստալինը՝ արդարացնելու համար զորքերի դուրսբերման իր պահանջը, իմանում ենք նրա՝ հայ ժողովրդին ուղղված «Թուրքահայաստանի մասին» կոչից․ «Թուրքահայաստանը թերեւս միակ երկիրն է, որը գրավված է Ռուսաստանի կողմից «պատերազմի իրավունքով ․․․ այսօր գերմանաթուրքական իշխանությունները, հավատարիմ իրենց իմպերիալիստական բնույթին, չեն թաքցնում օկուպացված շրջանները բռնությամբ իրենց իշխանության տակ պահելու ցանկությունը․․․ Թող իմանան Ռուսաստանի ժողովուրդները, որ ռուսական հեղափոխությանը եւ նրա կառավարությանը խորթ են զավթման ձգտումները։ Թող իմանան բոլորը, որ ազգային հալածանքի իմպերիալիստական քաղաքականությանը ժողովրդական կոմիսարների խորհուրդը հակադրում է ճնշված ժողովուրդների ամբողջական ազատագրման քաղաքականությունը»։

Զորքերի դուրսբերման հարցով Տերյանը բուռն վեճ է ունեցել իր փաստացի անմիջական ղեկավար Ստալինի հետ՝ ապարդյուն։ Սակայն դեկրետը հույս էր թողնում, որ դուրսբերումը կձգձգվի, քանի որ դրա 4-րդ կետում ասված էր, որ Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանին «հանձնարարվում է ձեռնամուխ լինել խառը հանձնաժողովի ստեղծման գործին՝ Թուրքահայաստանի տարածքից զորքերի դուրսբերման ձեւի եւ ժամկետի որոշման համար»։
Սովետական Միությունում բրոշյուրների տեսքով տպագրվում էին հին բոլշեւիկների հուշերը Լենինի մասին։ Նրանցից մեկը Լենինին հարցրել էր, թե ինչու են պաշտոններ տրվում մարդկանց, որոնք նվիրված չեն բոլշեւիկյան գաղափարներին։ Լենինը պատասխանել էր, որ դա ժամանակավոր երեւույթ է․ իրենք կօգտագործեն այդ մարդկանց հեղինակությունը, գիտելիքներն ու հմտությունները, իսկ հետո, երբ ցանկանան, կհրաժարվեն նրանցից։ Դրանով էին առաջնորդվում բոլշեւիկյան առաջնորդները․․․

Ստալինը, իհարկե, չէր կարող հանդուրժել այնպիսի հայրենասեր, սկզբունքային ու անկոտրում տեղակալի, ինչպիսին Տերյանն էր: Նրան այդպիսի ենթականեր պետք չէին։ Նրան պետք էին անձինք, որոնք անխոս կկատարեին նրա կամքը։ Բացի այդ, նա Տերյանի կարծիքին տրամագծորեն հակառակ կարծիք ուներ հայկական պետականության ապագայի մասին։ Այնպես որ, ժամ առաջ պետք էր պաշտոնազրկել պոետին, որովհետեւ պարզ էր, որ նա չի հրաժարվի հայերի շահերն ու իրավունքները պաշտպանելուց։ Նրա փոխարեն անհրաժեշտ էր նշանակել անձանց, որոնք կհամաձայնեին ստորագրել հայերի շահերը ոտնահարող փաստաթղթեր։ Դրանք էին Տերյանի կատաղի հակառակորդ, տխրահռչակ Գուրգեն Հայկունին եւ, ինչպես հայտնաբերել է գրականագետ Դավիթ Գասպարյանն իր «Փակ դռների գաղտնիքը» գրքում, Տերյանի «ընկեր» Պողոս Մակինցյանը։ Երեւի թե պատահական չէր այն իրողությունը, որ Կարսի հակահայկական պայմանագիրը ստորագրելու «պատիվը» վերապահվել էր հենց Մակինցյանին․․․ Պարզվում է, որ այդպիսին էր նաեւ Միկոյանը, որը Լենինին եւ Ստալինին հնարավորություն է տվել արդարացնել Թուրքահայաստանի հանձնումն Աթաթուրքին։

1920 թվականի հունվարի 7-ին Վահան Տերյանը վախճանվեց Օրենբուրգում: Պոետը դեռ չէր հասցրել մահանալ, երբ 1919 թ․ դեկտեմբերին Միկոյանը սպանեց Տերյանի կյանքի գործը: Այդ օրերին Լենինին հասցեագրված իր զեկույցում նա գրում է. «Մեծագույն սխալ էր Թուրքահայաստանի ինքնուրույնության մասին Սովետական Ռուսաստանի դեկրետը (1917 թ.)… Պետք է ընդունել, որ… Թուրքահայաստանի մասին գաղափարը վնասակար, հանցագործ եւ ռեակցիոն ցնորք է, որի դեմ պետք է պայքարի մեր կուսակցությունը…»: Միկոյանը սպանեց այն, ինչի ակնկալիքով Վահան Տերյանն անդամակցել էր բոլշեւիկյան կուսակցությանը՝ իր հայացքներով չլինելով կոմունիստ: Այն, ինչի իրականացման համար Տերյանը մերժել էր դաշնակցական ականավոր գործիչ, բժիշկ Հակոբ Զավրիեւի առաջարկը՝ հեռանալ սոված եւ ցուրտ Մոսկվայից ու բուժվել Շվեյցարիայում: Մերժել էր, որպեսզի շարունակի պայքարել Հայկական հարցի արդար լուծման համար: Բայց անհավասար պայքարում Տերյանը պարտություն կրեց։

Վերացնելով Տերյանի նման հայրենասեր, ազնիվ եւ սկզբունքային կոմունիստներին՝ Ստալինին հաջողվեց հայկական հարցը լուծել իր հայեցողությամբ։ Եվ այդ հարցում, ինչպես պարզվում է, նրան օգնել է Անաստաս Միկոյանը:

Գրիգոր ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ

Աղբյուր՝ Hraparak.am