Այսպէս է ասում Տէրը. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթեոս 5:19)

«Աստված պահի քո որդին, ո՞նց էր համը իմ ձագի»․ Պերճ Զեյթունցյան

***
Դոստոևսկին մի առիթով ասել է, որ երբ գա Ահեղ դատաստանի ժամը և հանդերձյալ աշխարհում իրեն հարցնեն, թե ի՞նչ հասկացար այն մյուս աշխարհից, որտեղ ապրում էիր մինչև հիմա, ինքը հարց տվողին կմեկնի Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը: Ուշադրություն դարձրեք, հենց վեպ և ոչ թե փիլիսո­փայական թեկուզ փայլուն մի աշխա­տություն: Ես մեր հայրենակիցներին երկար կյանք եմ մաղթում, բայց երբ ժամանակը գա, խորհուրդ կտայի իրենց հետ վերցնել մեր գրականության երեք անմահ ու դրա համար էլ` խիստ ար­դիական գործեր. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Եր­վանդ Օտյանի «Ընկեր Բ. Փանջունին» և Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:

***
Անչափ հետաքրքրական է, որ Դոս­տոևսկուց շատ ու շատ տարիներ անց, 2004 թվականին, աշխարհի 50 երկրնե­րից հավաքվել են հարյուր ամենաե­ր­ևելի գրողները` որոշելու համար, թե որն է բոլոր ժամանակների լավագույն վեպը:

Զարմանալի զուգադիպությամբ նրանք էլ քվեարկել են «Դոն Քիշոտի» օգտին: Մնացած մեծերին դասակարգել են հետևյալ հերթականությամբ. Մարսել Պրուստ, Հոմերոս, Տոլստոյ, Դոստոևսկի, Կաֆկա, Ֆոլկներ:

Եթե հրաշքով իմ կարծիքը հարց­նեին, ես կավելացնեի գիտե՞ք ում և որ գործը` Հովհաննես Թումանյանի հան­ճարեղ մի քառյակը, ոչ թե 400 էջանոց վեպ, այլ` ընդամենը չորս տող.

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
- Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի:

Այսպիսի անհատակ ցավ, այսպիսի ողբ, տիեզերական ողբ, այն էլ` արտա­հայտված նման «հանգիստ», փափուկ տոներով, նույնիսկ` մի քիչ «ամոթխած», նույնիսկ այսքան «քաղաքավարի», դրա համար էլ` ցնցող, իր վշտի մեջ խեն­թացնող, ես ոչ լսել եմ, ոչ կարդացել: Աստված պահի քո որդին, ո՞նց էր համը իմ ձագի…

«Կցկտուր մենախոսությունից»-ից