Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Արշակ Ղամբարյան.Կենսագրություն

Արշակ Սեդրակի Ղամբարյան, ավելի հայտնի էր Արջ մականունով (1958 թ. հոկտեմբերի 6, Երևան, Հայկական ԽՍՀ-1994 թ. ապրիլի 21, Կարմիրավան, Մարտակերտի շրջան, ԼՂՀ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում Ապարանի շրջանի Ափնա գյուղից մայրաքաղաք տեղափոխված մշեցի Սեդրակ և Լենա Ղամբարյանների ընտանիքում։ Նրանց ավագ որդին էր։ Ավարտել է Երևանի թիվ 31 դպրոցը։ Դեռ դպրոցական տարիներին սկսել է հետաքրքրվել ըմբշամարտով և բռնցքամարտով։ 18 տարեկանը լրանալուց հետո զորակոչվել է խորհրդային բանակ։ Խորհրդային տարիներին եղել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։

1989 թվականին ՊԱԿ-ի քննիչները Արշակ Ղամբարյանին բանտ են նստեցրել՝ Գորիս, ապա Նուբարաշեն։ Ազատվելուց ի վեր Մովսես Գորգիսյանի, իր կրտսեր եղբոր՝ Ղազարի հետ մարտընչեց Երասխավանում, հետո էլ մեկնեց Արցախ։

Արշակ Ղամբարյանի (Արջ) կիսանդրին, քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան, Երևան, Շենգավիթ համայնք, 2018

Արցախյան պայքարի առաջին օրերից Արշակ Ղամբարյանը կամավորական անդամագրվեց Երևանի «Մուշ», ապա «Մահապարտներ» գրոհայինների ջոկատում։ Ադրբեջանցիների դեմ Արշակ Ղամբարյանը կռվել է ինչպես Արցախում, այդպես էլ Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի, Սիսիանի, Գորիսի շրջաններում։ Արցախում մասնակցել է Շահումյանի, Մարտունու, Բերձորի, Շուշիի, Վարանդայի, Մարտակերտի ինքնապաշտպանական և ազատագրական ճակատային մարտերին։

1994 թվականի ապրիլի 21- ին Մարտակերտի շրջանում ծավալված թեժ բախումներից մեկի ժամանակ Շենգավիթի գրոհային ջոկատի 38 ազատամարտիկներ դիրքավորվել են Կարմիրավանի մատույցներում։ Հակառակորդը լուսաբացին նախահարձակ է եղել։ Զգալով շրջապատման վտանգը՝ Արշակ Ղամբարյանը և 13 ազատամարտիկներ կրակը վերցրել են իրենց վրա և ապահովել մյուսների նահանջը։ Շրջապատման մեջ Արշակը ձեռնամարտի է բռնվել հակառակորդի զինվորների հետ, սպանել նրանցից մեկին ու զոհվել։ Արշակ Ղամբարյանի և իր հետ զոհված շենգավիթցի ֆիդայիների դիակները փոխանակել են կենդանի ադրբեջանցի ռազմագերիների հետ։

Պարգևներ

ՀՀ նախագահի և ԼՂՀ նախագահի հրամանագրով Արշակ Ղամբարյանը ետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշաններով։

Հիշատակ

Արշակ Ղամբարյանին է նվիրված Աղասի Իսպիրյանի կատարմամբ «Արշակ Ղամբարյանի հիշատակին» երգը։
2018 թվականին Երևանի Շենգավիթ համայնքում տեղադրվել է Արշակ Ղամբարյանի կիսանդրին, քանդակագործ՝ Հայկ Թոքմաջյան: