Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Խաթրավանք

Խաթրավանք, Խադավանք, ճարտարապետական հուշարձան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Դադիվանքից հարավ-արևելք, Թարթառ գետի աջ ափին։

Պատմություն

Հիմնադրվել է վաղ միջնադարում։ XII դարում ավերվել է երկրաշարժից, ապա՝ սելջուկների արշավանքից։ Համալիրի այժմյան եկեղեցին 1204 թ.-ին կառուցել է Հովհաննես եպիսկոպոս Խաչենեցին։

Ճարտարապետություն

Խաթրավանքի արժեքավոր խաչքարերից երկուսը

Խաթրավանքը եղել է միջնադարյան ճարտարապետական նշանավոր վանական համալիր:

Այնտեղ գտնվում է խաչքարերի արժեքավոր հավաքածու: Խաթրավանքի պատերի մեջ ագուցվել են հին խաչքարեր և վիմագիր արձանագրություններ, պատմական հիշատակների հետ կապված իրեր և առարկաներ:

Վանքը բաղկացած է.

Եկեղեցի
Զանգակատուն
Սեղանատուն
Օժանդակ շինություններ

Պահպանվել է Խաթրավանքի 1204 թվականին գրված շինարարական վիմագիր արձանագրությունը: Այնտեղ նշվում է, որ եկեղեցին կառուցվել է Հովհաննես Խաչենեցին, ով հավաքել է խաչեր ու խարարձաններ, ձեռագիր մատյաններ և այլ սրբություններ, որոնք նվիրել է վանքին[2]:

Եկեղեցի

Ներսից խաչաձև, արտաքինից ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի: Հատակագիծը անհամաչափ է: Աղոթասրահի մեջ ներառված են ուղղանկյուն բեմ ունեցող միանավ թաղածածկ երկու մատուռ-ավանդատները: Ներսի սյուները սրբատաշ գորշ քարից են, զարդարված քանդակներով: Չորս սյուներից երկուսը ամբողջական են, իսկ մյուս երկուսը կազմված են երկու կտոր քարից: Խարիսխները քանդակված են ավետարանիչների խորհրդանիշներ:

Բեմը ավագ խորանով տեղավորված է արևելյանպատի կիսաշրջանի մեջ: Կան նաև երկու մեծ և երկու փոքր խորաններ: Ներսից պատերը ծեփված են կրաշաղախով:

Զանգակատուն

Եկեղեցուն կից է փլված զանգակատունը: Կիսավեր պատերից երևում է, որ զանգակատունը եղել է կրկնհարկ՝ տորոնագույն քարով երեսպատված:

Սեղանատուն

Զանգակատան հյուսիսային մասում գտնվում է սեղանատունը: Այն թաղածածկ դահլիժ է: Հարավարևելքից- հյուսիսարևմուտք ձգվող սեղանատան դիրքը կարևոր դեր է խաղում համալիրի ճարտաչապետության ընդհանուր լուծման մեջ: Այն լավ է պահպանված: Պատերը և թաղը կառուցված են տեղական կոպտատաշ քարերից, կրաշաղախով միայն թաղակիր կամարները և որմնասյուներն են շարված սրբատաշ քարերով:

Բաղկացած է երկու դահլիճից: Մեծ դահլիճն ունի բուխարի (օջախ), պատերի մեջ պահարաններ (խորշեր) և մեկ լուսամուտ: Իսկ մյուս դահլիճը ունի միայն մեկ պտրահան:

Օժանդակ շինություններ

Եկեղեցու հյուսիսարևելյան թևում է գտնվում մեկ այլ շինություն, որը կազմվեծ է երկու սրահից: Առաջին մեծ սրահը շինված է ժամատներին հատուկ ոճով և նմանությամբ: Կամարակապ, երդիկավոր ծածկը քառանիստ է:

Պարսպապատերը, խցերը և այլ շինությունները գտնվում են բուսածածկույթների տակ, այդ իսկ պատճառով վանական համալիրի ամբողջական գլխավոր հատակագծի պատկերը անհնար է տալ: Նույնիսկ շինությունների տանիքներն են ծածկված ծառերով ու թփուտներով: Մեծ եկեղեցու երկթեք ծածկը լիովին ծածկված է ծառերով:

Խաթրավանքից արևմուտք՝ ժայռի մեջ, գտնվում է Խաթրա բերդը: