Այսպէս է ասում Տէրը. «Խրատի՛ր որդուդ, եւ նա հանգստութիւն կտայ քեզ, զարդ կլինի քո հոգու համար եւ չի հնազանդուի անօրէն ազգի: Ով գնում է արդարութեան ճանապարհով, օգնութիւն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապուի» (Առակներ 28:17-18)

Արցախի համար Ն. Ս. Ֆրանցիսկոսի խաղաղութեան կոչերը. կարճ վերլուծութիւն

Ֆրանչիսկոս Պապը Հայաստանի մէջ (2016)

«Ճշմարիտ կրօնական արժէքներ դաւանելը բոլորովին ան համատեղելի է սեփական տեսակէտդ բռնութեան միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպէս զէնք»

Այս կիրակի՝ նոյեմբերի 1-ին Հրեշտակ Տեառն աղօթքն ասելուց յետոյ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը դարձեալ անդրադարձաւ արցախեան պատերազմին: Նա ասաց հետևեալը.

«Չմոռանա՛նք այն ինչ պատահում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ իրար են յաջորդում զինուած բախումները՝ դիւրաբեկ հրադադարներով, զոհերի թուի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցուածքների և աղօթավայրերի կործանմամբ և քաղաքացիական բնակչութեան աւելի ու աւելի զանգուածային ներգրաւմամբ: Սա ողբերգութիւն է: Ուզում եմ վերստին ի սրտէ դիմել հակամարտութեան պատասխանատու կողմերին, որպէսզի հնարաւորինս շուտ միջամտեն՝ կանխելու անմեղ արեան հեղումը: Թող նրանք չմտածեն բռնութեան միջոցով հակամարտութիւնը լուծելու մասին, այլ նուիրուեն անկեղծ բանակցութիւնների՝ միջազգային հանրութեան աջակցութեամբ: Ես յայտնում եմ իմ մտերմութիւնը բոլոր տառատպեալներին և խնդրում եմ բոլորին դիմել սրբերի բարեխօսութեանը՝ այդ տարածաշրջանում կայուն խաղաղութեան համար աղօթքով». ասել է Նորին Սրբութիւնը:

Յիշեցնեմ, որ արցախեան պատերազմի ընթացքում սա Նորին Սրբութեան երրորդ ելոյթն է և աղօթքը՝ ռազմական գործողութիւնների դադարեցման և խաղաղութեան համար: Առաջին անգամ նա խօսեց պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին: Նա կոչ էր արել լուծում գտնել «ոչ թէ բռնութեան և զէնքի միջոցով, այլ՝ երկխօսութեան և բանակցութիւնների» և խնդրել էր աշխարհի բոլոր քրիստոնեաներին՝ իր հետ միասին աղօթել կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան հաստատման համար:

Հռոմի Սրբազան Քահանայապետը՝ որպէս Քրիստոսի Ընդհանրական՝ Կաթողիկէ, Եկեղեցու առաջնորդ, որպէս Վէմ Եկեղեցու, ըստ տէրունական հաստատութեան, որպէս Սուրբ Պետրոս առաքեալի յաջորդ, ունի առաքելութիւն աղօթելու և աշխատելու ամբողջ աշխարհում և բոլոր ազգերի միջև խաղաղութեան, երկխօսութեան և եղբայրական յարաբերութիւնների հաստատման համար: Նա մշտապէս համարձակ կերպով խօսում է ընդդէմ բռնութեան, պատերազմների, մարդու իրաւունքների ոտնահարման, շահագործման, ահաբեկչութեան, զէնք արտադրող և վաճառող, պատերազմ սանձազերծող մի խումբ հարուստների տմարդի վարքագծի դէմ, շեշտում է հայրենի հոգևոր և մշակութային արժեգների, ազգային ինքնութեան պահպանութեան սկզբունքները, որոնք հիմնուած են Սուրբ Գրքի և Սրբազան Աւանդութեան վրայ: Քահանայապետն ունի աստուածադիր առաքելութիւն՝ հոգ տանելու երկրի վրայ ապրող իւրաքանչիւր մարդ արարածի մասին՝ անկախ կրօնից և ազգութիւնից, արդար կամ ամբարիշտ նկարագրից, սէր գործադրելու և քարոզելու իւրաքանչիւրի՛ հանդէպ՝ ըստ Տիրոջ պատուիրանների և Աւետարանի տրամաբանութեան:

2016-ին իր կովկասեան տարածաշրջան կատարած այցելութիւնը Նորին Սրբութիւնը սկսեց Հայաստանից, որտեղ ծաւալուն կերպով խօսեց խաղաղութեան մասին և աւարտեց Ադրբեջանում, որտեղ, իր խօսքն ուղղելով Իլհամ Ալիևին և Ադրբեջանի քաղաքական, կրօնական ղեկավարութեանը, ասաց հետևեալը. «Ճշմարիտ կրօնական արժէքներ դաւանելը բոլորովին ան համատեղելի է սեփական տեսակէտդ բռնութեան միջոցով ուրիշներին պարտադրելու փորձի հետ՝ օգտագործելով Աստծու սուրբ անունը՝ որպէս զէնք»:

Վստահ եմ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախաւը ոչինչ չքաղեցին մեծ խաղաղասէրի այդ ելոյթից և ակնարկներից, ինչպէս այսօր էլ շարունակում են չլսելու տալ ոչ միայն Նորին Սրբութեան խաղաղասիրական կոչերը, այլեւ իրենց սեփական ժողովրդի ողբալի աղաղակը: Ցաւօք, Սրբազան Քահանայապետի կոչերին անհաղորդ են մնում նաև աշխարհի աւելի մեծ խաղացողները, որոնք հետևում են միայն իրենց պատեհական շահերին և հաշուարկներին: Պետրոսի յաջորդի ձայնը մնում է որպէս «ձայն բարբառոյ յանապատի», որը ոչ ոք չի ուզում լսել, քանի որ ճշմարտութիւնը միշտ դառն է կեղծիքի մէջ ապրողների համար:

Սրբազան Քահանայապետի կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան կառուցելու յոյսը կապուած է հայ երիտասարդութեան հետ. միայն նրանք կարող են հասկանալ նոյնիսկ թշնամուն ներելու աւետարանական վսեմ և աստուածադիր սկզբունքը: 2016-ի յունիսի 26-ին, Երևանի հրապարակում, Ն. Ս. Ֆրանցիսկոսը հայ երիտասարդներին յիշեցրեց Սուրբ Գրիգոր Նարեկացու տողերը.

«…Ուզում եմ յիշել Քրիստոսի խաղաղութեան մեծ վկային և գործչին՝ սուրբ Գրիգոր Նարեկացուն, որին Եկեղեցու Վարդապետ հռչակեցի: Նա կարող էր յայտարարել նաև «Խաղաղութեան Վարդապետ»: Նա այսպէս է գրել այդ արտասովոր Գրքում, որ սիրում եմ անուանել որպէս «հայ ժողովրդի հոգևոր սահմանադրութիւն». «Յիշի՛ր, [Տէր,…] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մէջ իրագործիր ներում և ողորմութիւն […] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա՛ աշխարհիկ ախտաւոր ընթացքը և տնկիր բարին իմ և նրանց մէջ» («Մատեան ողբերգութեան», 83, 1-2): Նարեկացին … դարձաւ «ամբողջ աշխարհի աղօթամատոյցը» (Նոյն, 28,2): Նրա այսպիսի ընդհանրական զօրակցութիւնը մարդկութեան հետ քրիստոնէական մեծ պատգամ է խաղաղութեան, ներդաշնակ ճիչ, որ բոլորի համար ողորմութիւն է հայցում: Տարբեր երկրներում ներկայ հայերը, որոնց եղբայրաբար գրկում եմ այստեղից, այս հաղորդութեան իղձին թող լինեն պատգամաբերներ: Ողջ աշխարհը ձեր այս քարոզութեան կարիքն ունի, ձեր ներկայութեան կարիքն ունի, ձեր ամենաջինջ վկայութեան կարիքն ունի: Խաղաղութիւն բոլորին»:

Հետևաբար, լաւ ըմբռնելով Ընդհանրական Եկեղեցու առաջնորդի առաքելութիւնն ու դերը՝ մարդկային հասարակութեան և փրկագործութեան աստուածային տնօրինութեան մէջ, վստահ ենք, որ Արցախում և Հայաստանում իր զաւակի կորուստը սգացող իւրաքանչիւր մօր արտասուքը նաև նրա՛ արտասուքն է՝ որպէս հոգևոր հօր և Քրիստոսի առաքելութեան շարունակողի, իւրաքանչիւր արկ, որ պայթում է Արցախում, պայթում է նաև նրա՛ սրտում, իւրաքանչիւր հայի փափագը՝ յաղթանակի, արցախցու կեանքի անվտանգութեան պաշտպանութեան և խաղաղութեան հաստատման նախևառաջ նրա՛ փափագն է:

Լայնախոհ և անկեղծ աղօթքով միանա՛նք Քահանայապետի աղօթքներին:

Տ. Յովսէփ Գալստեան

Աղբյուր՝ Vaticannews.va

02/11/2020