Այսպէս է ասում Տէրը. «Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն: Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

Երազիս Խորխորատ վանքը

Կինոթատրոնը լեփ լեցուն էր։ Որոշակի հուզմունքով, բայց նաև բավարարվածության ակնհայտ զգացումով այնքան ուշադիր եմ հետևում էկրանին, կարծես այդ պահին ոչ թե իմ պատրաստած ֆիլմն է ցուցադրվում, այլ հուշարարի չափազանց կարևոր մի տեքստ, որն ուղիղ եթերում կարդում է երկրի ղեկավարը։ Ամեն ինչ ճիշտ պետք է ընթանա, առանց նույնիսկ աննշան շեղումների։ Եվ հանկարծ, այդ պահին էկրանին ինձ անծանոթ կադր է հայտնվում։ «Աստված իմ, սա ի՞նչ է,- շփոթված մտածում եմ ես,- ո՞վ է ավելացրել այս կադրը»։

Փորձում եմ հասկանալ, թե ինչ է։ Սև-սպիտակ, բայց լավ որակի կադրում չորս տղամարդ էին կանգնած ինչ-որ գյուղի մեջտեղում։ Նրանց ուսերին ինքնաձիգ կար, բայց շփոթված էին երևում։ Իսկ շուրջը այլ մարդիկ էին հավաքված, հայեր էին, աշխույժ այս ու այն կողմ էին գնում։ Փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում՝ ձախ եմ նայում և տեսնում հայրիկիս։ Այդ պահից սկսած՝ զարգացումներն արդեն էկրանին չէին։ Ինքս հայտնվել էի մարդկանց մեջ ու դարձել իրադարձությունների մասնակից։

- Հայրի՛կ, այս ովքե՞ր են։ Ի՞նչ է կատարվում։

- Խոջալուի գերիներն են։ Պիտի տանենք, հանձնենք։

Գերինե՞ր։ Այս կադրը… Ախր դա գանձ է։ Բայց, մի րոպե։ Ի՞նչ։ Ո՞ւր է դահլիճը, որտե՞ղ է հանդիսատեսը։

- Գնա՛նք, բալե՛ս, ժամանակ չկա,- նորից լսում եմ հայրիկիս ձայնը։

Նայում եմ՝ այո՛, նա՛ է։ Երիտասա՜րդ։ Այնպիսին, ինչպիսին էր 92-ին։

Չորս գերիներից բացի նոր գերիներ էլ են հայտնվում։ Բոլորը զենք ունեն, բոլորը լուռ են, բոլորը սկսում են քայլել դեպի Խոջալուի հանդիպակաց անտառապատ լեռը։ Գարունն այստեղ դեռ չէր բացվել։ Ձյուն չկար, բայց ծառերը դեռ մերկ էին, եղանակը՝ գորշ, ոչ այնքան ցուրտ։

Եվ ահա, մենք բարձրանում ենք այդ լեռը։ Ադրբեջանցի գերիներն առջևից են քայլում, մեր զինվորները նոսր խմբերով և լեռան ողջ լանջի երկայնքով հետևում են նրանց։

- Հայրի՛կ, բա ինչո՞ւ սրանց ինքնաձիգները չհավաքեցիք։ Ախր վտանգավոր է։ Դա էլ բավական չէ, իրենք առջևից են գնում։ Հիմա վերևում հարմար կդիրքավորվեն ու…

- Մի՛ անհանգստացիր։

Հևիհև լեռը բարձրանալիս՝ դիմացի ծառի փչակի մոտ մի մեծ անցք եմ տեսնում։ Չգիտես ինչու՝ որոշում եմ տեսնել, թե մեջն ինչ կա։ Մութ էր։ Գրպանիցս հանում եմ հեռախոսս և դրանով լուսավորում հողանցքի ներսը։ Օձեր էին։ Տարբեր չափերի՝ մեծ ու փոքր։ «Մի՞թե Արցախում այսպիսի օձեր կան»,- մտքումս զարմանում եմ ես ու որոշում վազել, որպեսզի հետ չմնամ հայրիկից ու նրա ընկերներից։

- Այնտեղ օձեր էին։ Մեծ էին,- տեղեկացնում եմ նրանց, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում խոսեքրիս։

Հենց այդ պահին էր, որ նկատեցի լեռան բարձունքից իջնող ոչխարների մեծ հոտը։ «Ոչխարնե՞ր,- անհանգստանում եմ ես,- այ հիմա դրանց մեջ կթաքնվեն թուրք գերիները»։ Ու նայելով նրանց՝ տեսնում եմ, որ իսկապես կամաց-կամաց ոչխարների բազմությունը սահման է դառնում թուրք գերիների ու նրանց ետևից գնացող հայ զինվորների միջև: Բայց հետո հասկանում եմ, որ ոչխարների այդ հոտը հենց այն փրկագինն է, որն ադրբեջանցիները վճարել են իրենց գերիների դիմաց: Մտածում եմ, որ տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվող արցախահայության համար սա մեծ ուրախություն է: Վերջապես սնունդ կլինի: Այսքան շատ ոչխարները պիտի որ երկար բավականացնեն մարդկանց…

Քիչ անց ոչխարների այդ հոտը մեր հետևում է մնում: Սարի գագագաթին հասնելուն մոտ 200 մետր էր մնացել: Գերիներն արդեն չէին երևում, իսկ մեր տղաները լուռ շարունակում էին վերև բարձրանալ: Հետ նայեցի, ներքևում հայկական գյուղեր էին երևում և դեպի այդ գյուղերը տանող ճանապարհները: Այստեղից կարծես ավելի լավ երևար, թե ո՛ր գյուղն ի՛նչ խնդիր ունի: Ահա այն մեկի դիրքը լավը չէ՝ անմիջապես սահմանագծին մոտ է գտնվում և շատ խոցելի է թվում թշնամու կողմից: Իսկ ահա այն մյուսը կիրճում է՝ ամբողջությամբ մութ անտառներով շրջափակված: Չափազանց կտրված է աշխարհից:

Նորից վերև եմ նայում՝ համարյա հասել ենք: Այնտեղ արդեն մեր զինվորներն են երևում: Ուրեմն թուրք չկա, որևէ մեկը չի դարանակալել: Վտանգի զգացողությունը միանգամից լքում է ինձ: Բայց այն, ինչ տեսա հաջորդ պահին, պարզապես ապշեցրեց: Լեռան գագաթին ամբողջությամբ լուսավորված չափազանց գեղեցիկ եկեղեցի կար։ Կողքն էլ՝ խաչքարեր։ Երեք խաչքար։ Եվ ահա, տեսնում եմ, թե ինչպես է մեր զինվորներից մեկը ծնկաչոք հեկեկում։ Նայում եմ նրա լուսավոր դեմքին, և առաջին միտքը, որ գալիս է. «Տեսնես այս տղան զոհվե՞լ է հետագայում, թե՞ ապրում է»։ Թերևս այդ պահին եմ լիարժեք գիտակցում, որ հայտնվել եմ անցյալում։ Միանգամից գրպանիցս հանում եմ հեռախոսը և սկսում լուսանկարել։ Բոլորին ու ամեն ինչ։ Մտքիս միայն մեկ բան էր՝ հնարավորինս շատ նյութ հավաքել։ Ապագայի համար։ Այնտեղի, որտեղից եկել եմ։

Հետո իմանում եմ, որ այդ եկեղեցու բակում է գտնվում հեկեկացող զինվորի հոր գերեզմանը։ Խաչքարերից մեկը հենց նրա հիշատակին էր կանգնեցվել։ Փորձում եմ իմանալ եկեղեցու անունը, ուշադիր զննում եմ պատերին փորագրված արձանագրությունները, բայց ոչ մի բան չեմ կարողանում գտնել։ Կրկին դիմում եմ հայրիկիս.

- Էս ի՞նչ եկեղեցի է, ես չգիտեի, որ այստեղ եկեղեցի կա։

Բայց ի՞նչ եկեղեցի։ Իրականում դա մի ամբողջ վանական համալիր էր։ Իսկ մոտ 500 մետր այն կողմ՝ ևս մեկ վանք։ Նրա հետևում՝ երրորդը։ Եվ ահա, ես շրջում եմ տաճարների շուրջը, ներս ու դուրս անում։ Նկատում եմ, որ զինվորներն արդեն չկան։ Փոխարենը զբոսաշրջիկների փոքր խմբեր են, որոնք հիացած ուսումնասիրում են վանքերի ծակուծուկերը։ Իսկ ես անունն եմ փնտրում։ Սա ի՞նչ եկեղեցիներ են, ե՞րբ են կառուցվել, ինչո՞ւ չգիտեի, որ այստեղ այսպիսի համալիրներ կան, ավելի մեծ, քան Գանձասարն ու Դադիվանքը։

Վերջապես եկեղեցիներից մեկի ներսում, վանական խցերից մեկում թղթեր եմ գտնում, որոնց վրա միայն մեկ բան էր ընթեռնելի՝ «Խորխորատի վանք»։ Առաջին անգամն էի լսում այդ անունը։ Խորխորատի վանք… Գեղեցիկ է։

Արթնանում եմ բավարարվածության մեծ զգացումով։ Սովորության համաձայն՝ ձեռքս առաջինը հեռախոսին եմ տանում։ Եվ ահա, ես արդեն այլ իրականության մեջ եմ՝ չափազանց տպավորված նրանից, ինչ տեսել եմ քիչ առաջ երազում։ Հեռախոսիս մեջ գնտում եմ Facebook սոցիալական ցանցի կոճակը, բացում ծրագիրը և կարդում Վահրամ քահանա Մելիքյանի գրառումներից մեկը, որը մեջբերում է Աստվածաշնչից.

«Խորխորատում լինի, թե բարձունքում,
քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տեր Աստծուց (Ես. 7)»։

Հրա՞շք է։ Դե իհարկե։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Նվիրումի վկայություն»