Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից <<Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը>>

Իմաստ. Սողոմոնի 9.13-10.2 9.

13 Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. 14 քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: 15 Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: 16 Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: 17 Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: 18 Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ: 10.1 Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: 2 Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:

Երեմիա 16.16-19

16 Ահաւասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,– ասում է Տէրը,– եւ նրանք կորսան նրանց. այնուհետեւ կուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրինութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»: 19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն.

Գործք 8.26-40

26 Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»: 27 Նա վեր կացաւ ու գնաց: Եւ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28 վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում: 29 Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»: 30 Եւ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31 եւ ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կկարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի: 32 Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառը իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում. 33 իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ. եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի. քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»: 34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»: 35 Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան: 36 Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»: 37 Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծոյ Որդին է»: 38 Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: 39 Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40 իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա:

Ավ. ըստ Հովհաննեսի 1.35-51

35 Հետեւեալ օրը դարձեալ այնտեղ կանգնած էր Յովհաննէսը. նաեւ՝ իր աշակերտներից երկուսը: 36 Եւ նայելով Յիսուսին, որ անցնում գնում էր, ասաց. «Ահաւասիկ Քրիստոսը՝ Գառն Աստծոյ»: 37 Երկու աշակերտները նրանից լսեցին, ինչ որ խօսեց, եւ գնացին Յիսուսի յետեւից: 38 Երբ Յիսուս յետ դարձաւ եւ տեսաւ նրանց, որ գալիս էին իր յետեւից, ասաց նրանց. «Ի՞նչ էք ուզում»: Նրանք ասացին նրան. «Ռաբբի՛ (որ թարգմանւում է վարդապետ), ո՞ւր է քո օթեւանը»: 39 Նա նրանց ասաց. «Եկէ՛ք եւ տեսէ՛ք»: Եկան եւ տեսան, թէ որտեղ էր նրա օթեւանը. եւ այն օրը նրա մօտ գիշերեցին, որովհետեւ մօտ ժամը չորսն էր: 40 Սիմոն Պետրոսի եղբայր Անդրէասը մէկն էր այն երկուսից, որոնք լսեցին Յովհաննէսի ասածը եւ գնացին Յիսուսի յետեւից: 41 Սա նախ գտնում է իր եղբայր Սիմոնին ու նրան ասում է. «Գտանք Մեսիային» (որ թարգմանւում է Քրիստոս): 42 Սա նրան տարաւ Յիսուսի մօտ: Նայելով նրան՝ Յիսուս ասաց. «Դու Յովնանի որդի Սիմոնն ես. դու պիտի կոչուես Կեփաս» (որ թարգմանւում է Պետրոս): 43 Յաջորդ օրը Յիսուս որոշեց Գալիլիա մեկնել. գտաւ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ յետեւից»: 44 Եւ Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրէասի եւ Պետրոսի քաղաքից: 45 Փիլիպպոսը գտնում է Նաթանայէլին ու նրան ասում. «Ում մասին որ Մովսէսը օրէնքի մէջ եւ մարգարէները գրել են, գտանք նրան՝ Յիսուսին՝ Յովսէփի որդուն, Նազարէթ քաղաքից»: 46 Նաթանայէլը նրան ասաց. «Իսկ կարելի՞ է, որ Նազարէթից մի որեւիցէ լաւ բան դուրս գայ»: Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ եւ տե՛ս»: 47 Երբ Յիսուս տեսաւ Նաթանայէլին, որ իր մօտ էր գալիս, ասաց նրա մասին. «Ահա՛ իսկական մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: 48 Նաթանայէլը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ինձ ճանաչում»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսայ քեզ»: 49 Նաթանայէլը պատասխան տուեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծոյ Որդին, դու ես Իսրայէլի Թագաւորը»: 50 Յիսուս պատասխան տուեց նրան ու ասաց. «Նրա համա՞ր ես հաւատում, որ քեզ ասացի, թէ՝ թզենու տակ տեսայ քեզ. դրանից շատ աւելի մեծ բաներ պիտի տեսնես»: 51 Եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. պիտի տեսնէք երկինքը բացուած եւ Աստծոյ հրեշտակներին՝ բարձրանալիս եւ իջնելիս մարդու Որդու վրայ»: