Այսպէս է ասում Տէրը. «Ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ: Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի» (Ղուկասի 12:8)

Դուք լավն եք, մարդիկ

Դալայ Լաման ասում է՝ տարվա մեջ գոնե մեկ անգամ գնա այն տեղը, որտեղ երբևէ չես եղել: Երևի ինքդ քեզ նորովի բացահայտելու համար: Մեկ ուրիշն էլ ասել է՝ գնացեք այն վայրը, որտեղ եղել եք վաղուց, որտեղ ամեն ինչ նույնն է, և կզգաք, թե որքանով եք փոխվել: Այստեղ մարտահրավեր է նետում հույն փիլիսոփան, թե` նույն գետը երկու անգամ չես մտնի:

Այդպես է. մենք անընդհատ և շարունակաբար փոխվում ենք, քիչ թե շատ՝ 0,01 տոկոսով, թե հիմնովին, էական չէ: Ընդունենք այս աքսիոման ու անցնենք հետևանքին: Իսկ հետևանքը փնտրտուքն է, երբ փորձում ենք տարիներ անց գտնել անցյալը, հարազատ վայրում թողած մանկությունը, հուշերն ու ապրումները, դեմքերն ու «ես»-ը, որ վաղուց արդեն նախկինը չէ: Մի տեսակ գունափոխված, կուզեք՝ հասունացած կամ ճախրանքի բարձրությունից ցած ընկած: Հիմա դրան ասում են՝ մեծացել ես: Իսկ ես խճճվում եմ այն խաղաղության մեջ, որտեղ եկել եմ փնտրելու՝ ուր եմ ի վերջո հասել:

Գյուղական անդորր, իշխանական, հինավուրց գերեզմանատուն, անբացատրելի խաղաղություն, միջնադարի ու նորագույնի խաչմերուկում կանգնած Սանահին:


Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Տարիներ առաջ ամեն ամառ գնում էի տատիկիս տուն, հավաքում բակի փոքրերին ու արշավ կազմակերպում դեպի Սանահին: Հաց ու պանրի բրդուճներով, տատիս տնից բեռնավորված «կահ կարասիով», աղմուկ աղաղակով քայլում էինք գյուղի նեղ ճամփեքով: Մինչև հիմա էլ չեմ հասկանում ՝ ոնց էին գյուղի տատիկները հասկանում, որ իրենցից չեմ:

-Այ բալամ, քաղաքի՞ց ես: Ումոնցի՞ց ես:

Ես էլ գերագույն հաճույքով, որ հնարավորություն կա ներկայանալու, տեղը տեղին պատմում էի: Այս անգամ այլ էր. փոքրիկ Նարեն չկար, ոչ էլ նրա ընկերներն ու աղմուկ աղաղակը, որով լցվում էին գյուղի խաղաղ ճամփեքը: Փոխարենը կար սուր կարոտ. այ այստեղ էր նստում տատը, որ ամեն անգամ կանչում էր, իր գործած գուլպաներից նվիրում, որ Երևանում ձմռանը հագնեմ ու չմրսեմ: Նա էլ չկա, յոթ տարի է անցել, մի տեսակ վախենում եմ թակել դարպասն ու ներս մտնել, գուցե չգտնեմ նրան: Հակառակ սրան, մի սպասում կար, որ համոզմունք էր. պետք է հնարավորինս արագ հասնել վանք, այնտեղ է Նա, որ հավատարիմ է, երբեք չի լքում և արձագանքում է Իրեն կանչողին:


Լուսանկարը` Նարե Շարմազանովայի

Այս անգամ արշավ չէր, արդեն գիտեմ՝ ինչ է ուխտը, շիրիմների հետ զրուցելը, վանքում միայնակ շարական երգելը՝ «Տեր ողորմեա…»:

Շըշշշ…

Սանահինը ինձ պես դատարկ էր, մարդկային որևէ շունչ չկար: Հավանաբար դա էր պատճառը, որը օգնեց մեզ իրարով լցվել, վայելում էի մենությունը: Ուզում էի միայն ես հաղորդակցվել աստվածային հրաշքին, ժամերով մտածել սյունին հենված, լսել լռության ձայնը: Լռությունը ապրեցնող էր, լռությունը ըմբոստ չէր: Այնքան հեշտ է նրա հետ ընկերանալը, երբեք չի հակաճառում, ինչ էլ ասես` կհամաձայնվի: Եվ ամառային քամու հետ ականջիս են հասնում սաղմոսները: Այստեղ` աշխարհից ու աշխարհիկից հեռու, քաղաքի թոհուբոհից ու վազքից պոկված զգում ես քեզ զորավոր ու պաշտպանված՝ անսահման ազատության մեջ: Ազատություն, որ քաղաքում պարիսպներ է կառուցում, շատ դեպքերում վնասում դիմացինին: Սովոր ենք, չէ՞, անընդհատ լսել՝ իմ իրավունքը, իմ տարածքը, ես, չփորձես խոչընդոտել, ազատ արտահայտվելու, տեղաշարժվելու, կրթության, աշխատանքի, հանգստի իրավունքներին: Այսպես հարյուրավոր իրավունքների պատեր, որ կարծես ազատություն պիտի բերեն, բայց ճաղեր են շարում, անգամ երկու մարդու միջև: Ո՞ւմ են պետք դրանք, եթե չկա իրականը՝ ազատությունը: Ուրեմն ի՞նչ, ազատությունն այնտեղ է, որտեղ մարդիկ չկա՞ն: Ազատությունն այստե՞ղ է՝ վանքո՞ւմ, ուր շիրիմների մի ամբողջ քաղաք է: Նրանք լուռ են, չեն պահանջում իրենց իրավունքները, չեն սահմանում իրենց տարածքը, անհաղորդ են: Բայց շատ ազդեցիկ ուղերձով՝ «Սա էլ կանցնի», ինչպես մի ժամանակ իրենք են անցել՝ նշանավոր մարդիկ, պատերազմներ հաղթած իշխաններ, վանքեր ու քաղաքներ կառուցած թագավորներ, բարեգործ և ողորմած թագուհիներ: Այո, նրանք անցյալ են, հետաքրքիրն այն է, որ որքան էլ բանականորեն հասկանում ես, որ մի օր դու էլ ես նրանց պես անցյալ դառնալու, միևնույն է, ժամանակից դուրս չես կարողանա ինքդ քեզ պատկերացնել: Որքան հրաշալի է այն ազատությունը, որ ժամանակից դուրս է: Այստեղ որևէ մեկին ապացուցելու բան չկա, այստեղ կա երկու «ես»՝ դու և Նա, որ հավիտենության մեջ եք: Նա չի դատում, չի ցավեցնում, համբերատար է: Եվ որքան էլ աշխարհի աղմուկը փորձի բաժանել մեզ, լռությունը աղաղակում է՝ դուք լավն եք, մարդիկ, ես սիրում եմ ձեզ:

Նարե ՇԱՐՄԱԶԱՆՈՎԱ