Այսպէս է ասում Տէրը. «Քանզի այն անձը, ով փնտռում եւ ճշմարտութեամբ ապաւինում է նրան, բարի է եւ Տիրոջ փրկութեամբ հանգստութիւն կը գտնի» (Ողբ 3:26)

«Խոսելիս քիչ շնչահեղձ, բարության ու զգացմունքայնության լուսապսակով»․ Հուշեր Մուշեղ Իշխանից

Անցյալ հինգշաբթի, Սովետական մշակութային կենտրոն, ինձ մոտ եկան Մուշեղ Իշխանն ու Տիրան Աճեմյանը (Տիրան Աճեմյան- լիբանանահայ տաղանդավոր երգիծանկարիչ. բացի հայկական մամուլից, եղել է փնտրված աշխատակից լիբանանյան` առավելաբար ֆրանսատառ ազդեցիկ թերթերի համար): Շաբաթը մեկ օր ես դեսպանատնից դուրս եմ գալիս եւ ողջ օրը մարդկանց ընդունում մշակութային կենտրոնում: Երկուսն էլ արդեն բավականին առաջացած տարիքում են, սակայն Տիրանն ավելի թարմ ու առույգ է պահպանվել, քան Մուշեղ Իշխանը:

Այդ օրերին լույս էր տեսել Մուշեղ Իշխանի «Իմ ուսուցիչներս» գիրքը, որը նա բերել էր նվիրելու նպատակով:

Գրքում հիշողություններ էին Լեւոն Շանթի, Նիկոլ Աղբալյանի, Սիմոն Վրացյանի, Կոստան Զարյանի, Նիկողայոս Ադոնցի, Վահան Թեքեյանի եւ այլոց մասին: Գործը կարդացի մեկ շնչով, բավական հետաքրքրական էր, առավել եւս մեզ` արեւելահայերիս համար, քանզի թվարկած մտավորականներից ոչ մեկին չենք ճանաչել: Գոնե, իմ սերունդը:

Գրքերը նվիրելիս, պարոն Մուշեղը հարցրեց, թե ո՞ւմ ավելի նպատակահարմար է մակագրել, բացի դեսպանատան հայ աշխատակիցներից. հուշեցի, մակագրեց: Երբ մնաց երկու գիրք, նա երկչոտ ու վարանումով հարցրեց` արդյոք կարո՞ղ է մի գիրք էլ քրոջ անունով մակագրել եւ երբ, ավելի քան դրական պատասխան ստացավ եւ իր քրոջ ու եղբոր մասին գովեստի խոսքեր լսեց (վերջիններս ծնողներիս հասակակիցներ են, նրանց հետ զուգահեռ ուսանած, Երեւանում ճանաչված մասնագետներ են ու պարկեշտ քաղաքացիներ) լացակումեց, առանց այդ էլ դողացող ու միշտ կապտած ձեռքերը սկսեցին ավելի դողալ ու գրեց. «Սիրելի Հուշիկին ու Գեւորգին»: Կարճ ու չոր:

Համոզված եմ, որ նույնիսկ քույրն ու եղբայրը չեն կարող պատկերացնել ու զգալ, թե ի՞նչ ապրում ու հուզում կար այդ 3-4 բառի մեջ: Ի՞նչ զգաց այդ տարագիր բանաստեղծը, ի՞նչ ապրեց: Գուցե մեկ օր նրա գրչի տակ կերեւա այս բառ չունեցող ապրումը, ոչ ոք կարող է ասել, բայց ականատեսս կարող եմ վկայել, որ հուզումն ու կարոտը խեղդեցին բանաստեղծի կոկորդը, ջրակալած աչքերը կուլ տվին դառն արցունքը, որը կաթեց ոչ թե ցած, այլ` Մուշեղի տառապած հոգում ...

***

Հաճախ եմ ցանկացել գրել այս մարդու մասին, բայց շփումս իր հետ քիչ է եղել, նրա գրչին էլ ծանոթ եմ եղել հպանցիկ (չնայած այդ ժանրի նկատմամբ ունեցածս թուլությանը):

Հիշում եմ, որ մանկությանս տարիներին ծնողներս խոսում էին Հուշիկի ու Գեւորգի արտասահմանում ապրող եղբոր` դաշնակցական Մուշեղ Իշխանի մասին, որին, բնականաբար, ես պատկերացնում էի մի բիրտ ու արնախում արտաքինով ու անպայման մաուզերը ձեռքին: Որքան հեռու էին իմ պատկերացումներն իրականությունից:

Միջանկյալ ասեմ, որ դաշնակցականի կերպարի մասին կարծիքս ձեւավորվել էր ոչ միայն սովետական պրոպագանդայի ազդեցությամբ, որն, անշուշտ, հիմնականն էր, այլեւ մեծ մորս պատմած օրինակներով, որոնց օբյեկտիվության վրա կասկած չունեմ, քանզի նա անաչառ կին էր, կրթություն ստացած եւ իր համար լավն ու վատը քաղաքական կամ սոցիալական որեւէ չափանիշներից կախված չէին: Նա Լենինի անունը լսելիս, երբեմն, կամաց, մեկուսի ասում էր. «Էդ քյալլեն», իսկ Տրոցկուն` «էդ ջհուդը»:

Մուշեղ Իշխանին առաջին անգամ հանդիպել եմ 1975 կամ 76 թվականին, երբ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար ժամանել էր Երեւան:

Օգոստոսյան մի տոթ երեկո էր, Բեյրութից ժամանած ինքնաթիռը լեփ-լեցուն էր, Բեյրութն արդեն կրակի մեջ էր: Տագնապած դիմեցին ինձ, ասելով, որ ժամանած հյուրերից մեկը վատ է զգում եւ հարկավոր է, խմբից առաջ, նրան հյուրանոց տանել` չսպասելով մաքսային եւ անձնագրային ձեւակերպումներին:

Մոտեցա ինքնաթիռի շարժասանդուղքին (այն ժամանակ այդ իրավունքն ունեի) ու տեսա ՌԱՖ մեքենայի դռները բաց, առջեւի նստարանին փլվել է մի տարեց մարդ, ավելի սլավոնի, քան արեւելցու արտաքինով ու ծանր շնչում է, բուժքույրը ճնշումն է չափում:

Ծանոթացանք: Մուշեղ Իշխանն էր: Չնայած մեր համաձայնությամբ քաղաքում եղբոր կամ քրոջ տանն ապրելուն, պրն. Մուշեղը տեղավորվեց հյուրանոցում, ուր մնաց մինչեւ դասընթացների ավարտը եւ ամեն անգամ հարազատների տանը գիշերելու ցանկության դեպքում, պարկեշտ աշակերտի նման, վաղօրոք տեղյակ էր պահում:

Երեւանյան այլ հանդիպումներ Մուշեղ Իշխանի հետ չեմ հիշում, հետագայում Բեյրութ, իմ կարճատեւ ու երկարամյա գործուղումների ընթացքում նույնպես առիթներ իր հետ հանդիպելու շատ քիչ են եղել:

Մի քանի դեպք եմ հիշում պատահական հանդիպումների, որոնք բոլորն էլ նման են եղել ու հիշողությանս մեջ մտել է համեստ, լռակյաց, մի կոտրված ժպիտ դեմքին, միշտ սառն ու կապտած ձեռքերով, խոսելիս քիչ շնչահեղձ, բարության ու զգացմունքայնության լուսապսակով:

***

Ավելի ուշ եմ իմացել, որ Մուշեղ Իշխանին որդեգրել է նրա հորեղբայրը, որն ընտանիքով Արեւմտյան Հայաստանից մեկնել է Հունաստան, իսկ հայրը եւ մայրը մյուս զավակների հետ հիմնավորվել են Հայաստանում:

Բեյրության գրառումներիս այս պատառիկներն անհամեմատ թերի կլինեին, քան կան, եթե ավելի ուշ որոշ մտքեր ու փաստեր չհավելվեին, որոնց թվում եւ այն, որ այլեւս չկան Մուշեղ Իշխանը, Տիրան Աճեմյանը, չկան Գեւորգն ու Հուշիկը, չկան ծնողներս եւ, վերջապես, չկա այն երկիրը, որում հազարավոր քույրեր ու եղբայրներ ստիպված էին իրար չճանաչել, իրենց մեջ խեղդել արյան ձայնը: Չկա եւ ինչո՞ւ այն երկիրը, որի կարգախոսները կարծես թե չեն տարբերվել քրիստոնեական սկզբունքներից, իսկ այդ հասարակարգի քաղաքացու բարոյական կոդեքսը` տասը պատվիրանների պատճենն էր:

Մեծ պոետը կասեր. «Միտք եմ անում, միտք ու չեմ հասկանում ...»

Բեյրութ-Երևան

Ռոմեն Կոզմոնյան