Այսպէս է ասում Տէրը. «Թողէ՛ք յիմարութիւնը, եւ դուք կ՚ապրէք, իմաստութի՛ւն փնտռեցէք,եւ դուք կը փրկուէք, իմացութեա՛մբ ուղղեցէք ձեր խոհեմութիւնը եւ ճի՛շտ իմաստով հասկացէք խրատը» (Առակներ 9:6)

Զրույցի հրավեր

Ընկերոջս հետ էի զրուցում, ասեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի սիրում։ Բայց հեղափոխությունը հարգում է։ Զրույցը երկարեց ու խոսքի մեջ մի ուրիշ բան էլ ասաց՝ նախկիններն իրենց անպատժելիությամբ էին անբարտավան, սրանք անմեղությամբ։ Շատ հետաքրքիր մարդ է։ Արվեստագետ, փիլիսոփա։ Դեռ դպրոցական տարիներից եմ հետը ընկերություն անում։ Կյանքում իրանից շատ բան եմ սովորել։ Նրա շատ հատկանիշներն եմ փորձել յուրացնել։ Կռիվներ էլ եմ շատ արել։ Մի խոսքով, նորմալ ընկերություն։

Բայց ընկեր լինելուց բացի նա ինձ համար նաև որոշ… ինչպե՞ս ճիշտ ասեմ, երևի չափորոշիչ է դարձել։ Նման մարդիկ իմ շրջապատում էլի կան։ Իրանք շատ ուրիշ ձև են մտածում, քաղաքական տարբեր մոտեցումներ ունեն։ Արժեքներն են անգամ տարբեր։ Իրանց միավորող միակ հատկությունը երևի ինքնուրույն մտածելու կարողությունն է։ Նրանք կարող են գնահատականներ տալ՝ մարդկանց, զարգացումներին, իրողություններին։ Ու ահա այդպիսի մարդկանց մոտ վերջին շրջանում շատ հետաքրքիր որոնումներ են սկսել։ Ուզում են հասկանալ ի՞նչ է կատարվում մեր երկրում, ժողովրդի մտքում, մեր շուրջը։ Կարծում եմ՝ բնականոն բան է։ Վերջիվերջո լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում։ Շատ բան նոր է, անսովոր։ Այս ամենը պետք է հասկանալ, գնահատել, արժևորել վերջապես։

Հեշտ գործ չէ, բայց պետք է։ Մտածում եմ՝Փաշինյանին չսիրելու, բայց հեղափոխությունը հարգելու վերոնշյալ միտքը հետաքրքիր է։ Խորունկ։ Պարզ, բայց միևնույն ժամանակ բովանդակալից։ Ինքը առնվազն հուշում է, որ քննարկելու հարցեր կան։ Եվ դա ամենուր է երևում։

Հիմա նստած եմ գրասենյակում։ Պատի հետևից Արթուր Մեսչյանի երգերն են լսվում։ Հարևաններս ծրագրավորողներ են։ Իմ սենյակում հաճախ է լսվում նրանց գրասենյակում հնչող երաժշտությունը։ Որպես կանոն, դա ժամանակակից ռիթմեր են՝ ուրախ, աշխույժ։ Երևում է՝ իրենք էլ են մտքերի մեջ։ Իրենք էլ երևի քննարկելու բաներ ունեն։

10 րոպե առաջ ԱդեկվաԴ հաղորդաշարի հերթական թողարկումն էի նայում։ Այնտեղ էլ Արթուր Դանիելյանն էր պահպանողականությունից ու ավանդական արժեքներից խոսում։

Այս ամենը իրար գումարվեց։ Վերջին ամիսներին ինքս էլ անընդհատ տարբեր մտքերի մեջ եմ։ Վերջապես որոշեցի կիսվել։ Մտածում եմ՝ Մատյան.am-ը լավ հարթակ է նման զրույցի համար։ Երկուշաբթի օրվանից այս կայքում լույս կտեսնի շատերիս հուզող մի շարք թեմաների մասին հոդվածաշար։ Մյուս շաբաթը դրան կնվիրեմ, մնացածը հետո կերևա։

Հրանտ Մելիք-Շահնազարյան