Այսպէս է ասում Տէրը. Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր անէծք: ՍԻՐԱՔ ; 20 ,28

Եղիշե Չարենցի օրագրից

«Մահվան մեջ միշտ կա ինչ-որ խայտառակ, ստորացուցիչ, ամոթալի բան: Գոնե այսպիսի տպավորություն է միշտ թողել ինձ վրա ինձ անձամբ ծանոթ մարդկանց մահը: Երբ տեսել եմ ինձ ծանոթ մարդկանց դագաղում' միշտ այս է եղել իմ առաջին զգացմունքը: Կարծես մեռնողը մի ինչ-որ ծայր աստիճանի, աններելի, քստմնելի, կեղտոտ հանցանք է կատարել - թե մեր, այսինքն կենդանի մնացողների, թե, մանավանդ, իր հանդեպ: Թե ինչից է գալիս այս տպավորությունը, չգիտեմ: Երևի կյանքի հանդեպ ամենամեծ հանցանքը նրա բացասումն է, հերքումը:

Տարօրինակն այն է, որ քո ողջ գիտակցությամբ զգում ես, որ ամենից քիչ այդ բանում մեղավոր է մահացողը, բայց- արդեն ամենից շատ նրա դեմ ես դառնանում-… լցվում քստմնելի վախով ու զզվանքով: Այդ զգացմունքը մի փոքր նման է այն արգահատելի զզվանքի ու արհամարհանքի զգացմունքին, որ մարդու մեջ առաջացնում է թղթախաղում անաջողակ մարդը. տարվում է, տարվում է վերջին ունեցածը, պարզապես թուղթը չի գալիս,- փոխանակ խղճալու,- արհամարհանք ես զգում- զզվանք դեպի նա… Կենդանի, առողջ, նորմալ մարդը առհասարակ չի սիրում դժբախտությունն ու անhաջողականությունը:

Իսկ ինչ է մահը - եթե ոչ ամենածանր, ամենամեծ «տանուլ տալը», անhաջողությունը:- Եվ այս չէ՞ պատճառը, որ առողջ, լիարյուն ազգերը… չեն սիրում հայերին, որ հանճարեղ տանուլ տվող դժբախտներ-անhաջողներ են, քստմնելի լինելու աստիճան թշվառ ու անhաջողակ… Եվ ինչ մոլորություն, որ իբր թշվառությունը վեհ է ու ազնիվ… Արգահատելի է թշվառությունը, ինչպես մահը -ուրիշ ոչինչ…14.03.1934»